1.5 տարի առաջ արցախյան պատերազմն էր, և ձեզնից մեծամասնությունն ուշադրություն չդարձրեց. իսպանացի լրագրողին զայրացրել է երկակի ստանդարտը

2020-ի արցախյան պատերազմը լուսաբանած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Այսօր բոլորս մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք Ուկրաինայի վրա՝ նկուղներում թաքնված մարդկանց, փախստականների և հակամարտության արդյունքում ծագած այլ խնդիրների վրա, մինչդեռ 1.5 տարի առաջ տեղի ունեցավ արցախյան պատերազմը, և ձեզնից մեծամասնությունն անգամ մի փոքր ուշադրություն չդարձրեց»:

Իսպանացի լրագրողը մեկնաբանությունում նաև լուսանկար է տեղադրել արցախյան պատերազմից՝ երեխան մոր հետ ապաստարանում, և նշել, որ իրեն զայրացնում են երկակի ստանդարտները, ինչով ինքը՝ որպես լրագրող, երբեք չի առաջնորդվել:

Արցախյան պատերազմից հետո Պաբլո Գոնսալեսը ռուսալեզու lenta.ru կայքին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը կողմերից որևէ մեկի շահերից չի գործել և չի խախտել լրագրողական էթիկան և քարոզչությամբ զբաղվել, այդ թվում՝ իր հագուստին տարբեր սիմվոլներ փակցնելով: Նա անդրադարձել էր նաև Արցախում իրենց նկատմամբ կիրառված ոչ գրագետ սահմանափակումներին և գրաքննությանը՝ միաժամանակ նշելով.

«Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ սահմանափակումներն անհրաժեշտություն են: Զուտ թեորիապես կարելի է հասկանալ, որ եթե լուսանկարում ծխի սյունը մի փոքր ավելի աջ է, քան ցանկանում էին, ապա նրանք կարող են կրկնել գնդակոծությունը, իսկ դու ակամա կդառնաս «կորեկտիրովշիկ»: Այդ իսկ պատճառով ես նման կադրեր ավելի ուշ եմ հրապարակել: Բայց կային լրագրողներ, որ թքած ունեին նման բաների վրա, նրանք իրենց ռեպորտաժն արագ անում էին և մեկնում»:

Արցախյան պատերազմի մասին իսպանացի լրագրողը լսել էր, երբ գտնվում էր Վարշավայում։ Ըստ նրա՝ ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ում իր այցի մտադրությանը շատ արագ արձագանքեցին և խոստացան ապահովել տրանսպորտով և լուծել այցի հետ կապված մյուս բոլոր խնդիրները: Ուստի ընտրությունը կատարված էր, վայրը որոշված՝ Լեռնային Ղարաբաղ:

Իսպանացի լրագրողը, նախքան Արցախի պատերազմը, լուսաբանել էր ռուս-ուկրաինական պատերազմը, եղել էր Դոնբասում:

«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին առաջին իսկ օրերից հարվածներ էին հասցվում «Սմերչից» և կասետային ռումբերից, ընդ որում, ինչպես խորհրդային մոդելի, այնպես թուրքական արտադրության: Ես մի քանի անգամ հայտնվել եմ կրակի տակ: Դրանք արգելված զինամթերք են, ես դրանց լուսանկարները հրապարակել եմ սոցցանցում: Ամենաուժեղ տպավորությունը, թերևս, ունեցա Մարտունի քաղաքում: Դա այն օրն էր, երբ վիրավորվեցին Le Monde թերթի ֆրանսիացի լրագրողները: Ես նրանցից 40 մետր հեռավորության վրա էի, երբ արկն ընկավ: Մենք առաջինը վազեցինք օգնելու. 2 տղա Հայաստանից, մոսկվացի լրագրող Եվգենի Բուտմանը, Le Figaro թերթից մի ֆրանսիացի և ես վիրավորներին շտապ մեքենայով հասցրեցինք հոսպիտալ: Նրանցից մեկը շատ ծանր էր վիրավորվել, նաև նրա ոտքն էր կոտրվել: Մենք վախեցանք, որ նա հիվանդանոց չի հասնի:

«Գրադից» 40 հրթիռ էին արձակել քաղաքի կենտրոնի ուղղությամբ, այդ օրերին Մարտունին 5-6 կմ էր հեռու առաջնագծից: Այդ ժամանակ տեղի երեք բնակիչ սպանվեց՝ ոստիկան, քաղաքապետարանի աշխատակից և մեկ անհայտ անձ»,- lenta.ru-ին պատմել էր Պաբլո Գոնսալեսը:

Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 20-ին, իսպանացի լրագրողին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել, որի ժամանակ ընդունել էր, որ արդեն այդ ժամանակ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված եղել:

Տեսանյութեր

Լրահոս