«Նախապայմանները բանակցային սեղանին կդրվեն՝ որպես հարցեր, որոնց մասին պետք է բանակցեն». Ռուբեն Սաֆրաստյան
Փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Սա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր։
Նրանք վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
168.am–ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով այս հանդիպմանը և դրա վերաբերյալ տարածված գրեթե ոչինչ չասող տեղեկատվությանը՝ նկատեց՝ պարզ է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակում։
«Թե ինչի մասին են խոսել, կամ ինչ է եղել, իհարկե, մենք չենք իմանա, դրա վերաբերյալ որևէ ինֆորմացիա չկա։ Ամեն ինչ չէ, որ պետք է ասվի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց լավ կլինի, որ ինչ-որ բաներ իմանանք՝ հասկանալու համար, թե գործընթացն ինչպես է զարգանում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության, մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ինչ-որ փաստաթղթի շուրջ են բանակցում, հակառակ դեպքում կասեին, որ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, և դեսպաններով կփոխանակվեին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց՝ պարզ չէ՝ որևէ փաստաթուղթ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Գուցե կա փաստաթուղթ, որը քննարկում են, գուցե և չկա, մենք դրա վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունենք»,- հավելեց նա։
Նա միաժամանակ ընդգծեց, որ այս երկու հանդիպումների համատեքստում հայ-թուրքական հարաբերություններում որևէ փոփոխություն չի նկատել, ավելին՝ Թուրքիան հետ չի կանգնելու իր առաջ քաշած նախապայմաններից։
«Պաշտոնապես հայտարարվում է, որ նախապայմաններ չկան, բայց ես կարծում եմ, որ այդ նախապայմանները բանակցային սեղանին կդրվեն՝ որպես հարցեր, որոնց մասին պետք է բանակցեն»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել էին Մոսկվայում՝ հունվարի 18-ին։