Բաժիններ՝

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետևողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. Պեկինը հորդորում է բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ կանխել հետագա էսկալացիան: Այդ մասին փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանն Ուկրաինա «ներխուժումը» ռազմական է համարում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում:

«Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարկավոր է հարգել եւ պաշտպանել:

ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները անհրաժեշտ է պաշտպանել համատեղ ջանքերով. դա սկզբունք է, որը Չինաստանը պահպանել է, ինչպես նաեւ՝ միջազգային հարաբերությունների հիմնական նորմա, որը պետք է պահպանեն բոլոր երկրները»,-հայտարարել է դիվանագետը:

Միեւնույն ժամանակ, նշել է նա, մենք տեսնում ենք, որ ուկրաինական հարցի պատմությունը բարդ է ու առանձնահատուկ, եւ, հասկանալով Ռուսաստանի ռացիոնալ անհանգստություններն անվտանգության ոլորտում, Չինաստանը հանդես է գալիս սառը պատերազմի մտածելակերպից լիովին հրաժարվելու եւ երկխոսության ու բանակցությունների ճանապարհով եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ ու կայուն մեխանիզմ ձեւավորելու օգտին:

Դիվանագետը նաեւ ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Չինաստանն արդյոք կճանաչի ԼԺՆ-ն եւ ԴԺՀ-ն, նշելով միայն, որ ուկրաինական հարցը բարդ պատմություն ունի, եւ հույս հայտնելով, որ կողմերը տարաձայնությունները կկարգավորեն բանակցությունների ճանապարհով:

«Ուկրաինան, անկասկած, ինքնիշխան պետություն է , Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հստակ է եւ հետեւողական, այն չի փոխվել»,-հայտարարել է նա, պատասխանելով այն հարցին, թե Պեկինը մինչեւ հիմա Ուկրաինան համարում է արդյոք ինքնիշխան պետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս