«Այս երեքն էլ իրենց երկրի համար փորձանք են բերել․․․»․ Ովքեր են հաջորդը՝ ըստ Տիգրան Քոչարյանի
«Պոպուլիզմը դարձել է կործանիչ այն երկրներում, որտեղ այն հաղթում է: Առաջին երեք պոպուլիստների ճակատագիրը շատ նման է. առաջինը Սահակաշվիլին է, երկրորդը Նիկոլ Փաշինյանն է, երրորդը՝ Զելենսկին: Երեքը եկան պոպուլիզմի թեմայով, գրեթե ոչ ոք պետական կառավարման փորձ չի ունեցել, և իրենց հիմնական մեխը եղել է պոպուլիզմը»,- «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Սահակաշվիլիին սկզբում ասել են՝ Ռուսաստանի հետ ընկերություն անես, ու մոտավորապես մեկ տարի Սահակաշվիլին երդվել է Պուտինի անունով: Այնուհետև, ըստ նրա՝ երբ հրաման է եկել դառնալ հակառուսական, նա միանգամից փոխել է իր տրամադրվածությունը և դարձել է տարաշրջանում Ռուսաստանի թիվ մեկ թշնամին:
«Ապա Արևմուտքը իրեն «կուտ տվեց, ասաց՝ գնա, հարձակվիր Օսիայի վրա, մենք տեր ենք: Սահակաշվիլին հարձակվեց, և պարզվեց, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Վրաստան, որպեսզի իր խաղաղապահներին պաշտպանի, իսկ Արևմուտքը, որը «տեր էր կանգնում» Սահակաշվիլիին, հետ քաշվեց, ու միայն, երբ ռուսական զորքերը մոտեցան Թիֆլիսին, նոր խառնվեցին ու Պուտինին խնդրեցին կանգնել: Ի՞նչ արեց Փաշինյանը. երբ եկավ իշխանության՝ մաքսիմալ հակառուսական գործողություններ սկսեց. բոլորս հիշում ենք Հարավկովկասյան երկաթուղու վրա այդ «մասկի-շոուն», երբ 28.000 դոլարի պատճառով առավոտ մտել էին գրասենյակ ու ամպագոռգոռ ինչ-որ մեղադրանքներ ներկայացրել՝ ռուսական կապիտալով գործող ընկերության հանդեպ: Հիշում ենք, որ մեծ հարված հասցրեցին ՀԱՊԿ-ին, երբ կալանավորեցին Յուրի Խաչատուրովին: Հիշում ենք այն դեպքը, երբ Պուտինը եկել էր Հայաստան, ու երջանիկ պատահականությամբ Վրաստանի «Ռուսթավի-2»-ի լրագրողը կարողացավ մոտենալ Պուտինին և հարցնել, թե ե՞րբ են լքելու Վրաստանի գրաված տարածքները:
Բազմաթիվ միջադեպեր եղան, իսկ վերջում եղավ այն, ինչ եղավ. Ռուսաստանն առանձնապես ոգևորված չէր՝ պաշտպանել մեզ, ու երբ փորձեց խառնվել, ՀՀ շահերը տարածաշրջանում ինչ-որ ձև պահել, Հայաստանը 44 օր անընդմեջ մերժել է Ռուսաստանի առաջարկները, և եթե Ռուսաստանը չհայտնվեր Ստեփանակերտում՝ առանց ոչ մեկի հարցնելու, մենք իսպառ կորցնելու էինք Արցախը: Ի՞նչ արեց Զելենսկին. հրաժարվեց կատարել Մինսկի համաձայնագրերը, որոնք կնքվել էին Պորոշենկոյի ժամանակ, անընդհատ սկսեց «պոչ» խաղացնել, սկսեց ավելի սրել իրավիճակը՝ հայտնելով, որ Ուկրաինան ուզում է գնալ ՆԱՏՕ, ուզում է Բուդապեշտի համաձայնագրից դուրս գալ, ուզում է միջուկային զենք ունենալ: Այնպես որ, Ռուսաստանին այլ բան չէր մնում: Կամ՝ Ռուսաստանը զգաց, որ շատ հարմար պահ է՝ ներխուժեց Ուկրաինա: Այսինքն, այս երեքն էլ իրենց երկրի համար փորձանք են բերել: Տապալեցին իրենց երկրների անվտանգությունը»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Ըստ նրա՝ նույն վիճակում կարող է հայտնվել նաև Ադրբեջանը:
«Ռուսաստանն ուլտիմատում է դրել. Կա՛մ թուրք-բրիտանական թևի հետ ես, կա՛մ մեր հետ ես, և Ալիևի վերջին այցը Ռուսաստան, երբ ստորագրեցին դաշնակցային հռչակագիրը՝ դա Ռուսաստանի զգուշացումներից մեկն էր: Ռուսաստանին հիմա պետք է, որ խնդիրներ չունենա որևէ այլ տեղում, բացի Ուկրաինայից: Սա, իմ կարծիքով, ժամանակավոր ապահովագրում էր: Հաջորդը լինելու են Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքմենստանը»,- նշեց Տիգրան Քոչարյանը: