Փաշինյանը փոխում է ԶՈՒ կառավարման մոդելը. Պատրաստվում է նոր սերնդի պատերազմի՞ն, թե՞ քաղաքական ապահովության խնդիր է լուծում

Իշխանությունները պատրաստվում են բանակի կառավարման հարցում ընդլայնել վարչապետի և Անվտանգության խորհրդի լիազորությունները: Իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Արդեն շրջանառության մեջ է դրվել «Պաշտպանության մասին» և կից օրենքներում փոփոխությունների նախագիծը: 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե օրենսդրորեն կարգավորված չէ ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման հաջորդականությունը՝ ոչ ժամանակային, և ոչ էլ ենթակայության առումով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդլայնել Անվտանգության խորհրդին վերապահված ռազմավարությունների, պլանների և ծրագրերի հաստատման իրավասությունը:

ՀՀ վարչապետին վերապահել զինված ուժերի կառուցվածքի և թվաքանակի, ՀՀ պաշտպանության նախարարության՝ որպես պետական մարմնի, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ որպես ենթակա պետական մարմնի, կանոնադրությունների հաստատման լիազորությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության առանձնահատկությունների շրջանակներում առավել հստակ և տարանջատված սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը, ղեկավարման ուղղահայացի համակարգի բարելավման և ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Սրանով հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ»,- նշվում է նախագծում:

ՀՀ սահմանադրության 155 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով: Գուցե այս կետի վրա են հիմնվել:

Որոշ մասնագետների գնահատմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը հակասում է սահմանադրությանը, այդ դեպքում գուցե՞ խորհրդարանում իշխող խմբակցությունը նախաձեռնի նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ, ինչին, թերևս, կգնան՝ հաշվի առնելով ԱԺ-ի միջոցով Սահմանադրության անցումային դրույթներում հոդվածի փոփոխության փաստը:

Նշենք, որ բանակում կառավարման մոդելի փոփոխության մասին խոսվում էր դեռ այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարար էր Վաղարշակ Հարությունյանը: Այն ժամանակ սա մեկնաբանվում էր, որ փորձ է արվում ազատվել Օնիկ Գասպարյանից, քանի որ նա մի քանի անգամ մերժել էր Նիկոլ Փաշինյանին՝ զորքին մասնակից դարձնել ներքաղաքական պայքարին, իսկ Վաղարշակ Հարությունյանը հեշտ կառավարվող էր: Այն ժամանակ սա մնաց «թղթի վրա»:

Արշակ Կարապետյանը ևս այս գաղափարի կողմնակից էր, բայց նրա դեպքում շարժառիթն էր տարբեր: Նա զինվորական էր և ցանկանում էր, որ ՊՆ-ն զինվորական պաշտոն լինի, ոչ թե քաղաքացիական:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ազատվեց Արշակ Կարապետյանից և պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակեց իր թիմակցին՝ Սուրեն Պապիկյանին, որպեսզի նախարարությունն առավել վերահսկելի լինի: Եվ հիմա ճիշտ ժամանակն է ավելացնելու ՊՆ-ի լիազորությունները, որպեսզի առանց այն էլ վերահսկելի բանակն ու գեներալիտետն առավել վերահսկելի դառնան:

Մյուս կողմից՝ սրանով Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համատեքստում փորձում է արդարացնել իրեն, թե իբր կառավարման համակարգը, այսպես ասած, լավը չի եղել, դրա համար էլ կառավարումը կամ մոբիլիզացիան ձախողվել է: Իհարկե, գուցե կատարելագործումների և որոշակի հստակեցումների անհրաժեշտություն կա, սակայն Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, չի ձախողվել կառավարման համակարգի, այսպես ասած, անկատարության պատճառով:

Այսինքն, բանակում կառավարման մոդելի փոփոխությունը, որը իշխանությունները ծրագրել են դեռ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետ եղած ժամանակ, զուտ քաղաքական նպատակ է հետապնդում, ինչի մասին վկայում է ՀՀ կառավարության 2021-2026 ծրագիրը:

«Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է՝ իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։ Ընդ որում, բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն և մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։ Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։

Հաշվի են առնվում նաև ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և մարտավարության փոփոխություններն աշխարհում։ Սրանով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ։ Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը»:

Ռազմական գործից հեռու նախարարի և երկրի վարչապետի դեպքում մտածել, որ հինգերորդ սերնդի պատերազմին համահունչ բանակ ենք ունենալու, զավեշտալի է, հատկապես, երբ արդեն 6-րդ սերնդի պատերազմի ժամանակներն են:

Տեսանյութեր

Լրահոս