Բաժիններ՝

Սպիտակ տանը չեն բացառել Բայդենի և Պուտինի հանդիպման հնարավորությունը

Ներկայում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանների մեջ չի մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, բայց հեռանկարում դրա անցկացման հնարավորությունը պահպանվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:

«Բայդենի եւ Պուտինի հանդիպման հնարավորությունը պահպանվում է այն դեպքում, երբ եւ եթե նրանք (Ռուսաստանը) ձեռնարկեն իրադրության ապաէսկալացում»,-Փսաքին հայտարարել է ճեպազրույցում:

«Սակայն «այժմ ժամանակը չէ», քանի որ Ռուսաստանի նախագահը «հսկում է ներխուժումն» Ուկրաինա, ընդգծել է նա: Ավելի վաղ Փսաքին հայտնել էր, որ Բայդենն սկզբունքային համաձայնություն է տվել Պուտինի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար եւ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի՝ այս շաբաթ նշանակված բանակցություններից հետո:

«Պետքարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Լավրովը պետք է այս շաբաթ ավելի ուշ հանդիպում ունենային Եվրոպայում այն պայմանով, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ չձեռնարկի (Ուկրաինայի դեմ): Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է նախագահ Պուտինի հետ հանդիպում ունենալ այս հանդիպումից հետո, կրկին՝ եթե ներխուժում տեղի չունենա»,-հայտարարել է նա:

Միեւնույն ժամանակ Բլինքենը հայտարարել է Լավրովի հետ հինգշաբթի օրը պլանավորված հանդիպումը չեղարկելու մասին:

«Անցած շաբաթ ես համաձայնել եմ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել այս շաբաթ՝ փետրվարի 24-ին՝ Եվրոպայի անվտանգության շուրջ մեր երկրների անհանգստությունը քննարկելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա: Այժմ մենք տեսնում ենք, որ ներխուժումն սկսվում է, եւ Ռուսաստանը հրաժարվել է դիվանագիտություն դրսեւորել, ուստի այժմ նման հանդիպման իմաստ չկա»,-ասել է Բլինքենը՝ հանդես գալով ճեպազրույցում, որն անցկացվել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ փետրվարի 22-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների շուրջ:

Նրա խոսքով՝ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները համաձայնել են դրան, Լավրովին համապատասխան նամակ է ուղարկվել, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս