«Ում հոգին խաղաղվել է, թող գնա իր ներքին ու արտաքին դահիճի հետ «խաղաղության դարաշրջան բացելու»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ն «Շուշիի հռչակագիր» կոչեցյալին իր առաջնային քաղաքական մանդատի ուժով դեմ արտահայտվելուց հրաժարվելով, ոչ թե իբր զգուշավոր քաղաքական հեռատեսություն և դիվանագիտական հաշվարկ է ցուցադրում, այլ սովորական վախ և այլևս չքողարկվող թշնմահաճություն:
Սա գործնականում նշանակում է , որ ՔՊ-ն նույնիսկ խորհրդարանական մակարդակով փաստացի վախենում կամ պարտականություն է ստանձնել համաձայնվել և ընդունել այն դրույթները, որոնք զետեղված են այդ «հռչակագրում»: Համոզված եմ, որ հայտնի դրույթները հենց այն «նախապայմաններն» են եղել, որոնց ՔՊ-ն տվել է համաձայնություն Թուրքիայի հետ բանակցային սեղանին հայտնվելու համար: Այդ նախապայմաններն ընդունվել են և դա է պատճառը, որ նրանք միջնակարգ քաղաքական աճպարարի եռանդով պնդում են, որ իբր նախապայման չկա: Չկա որովհետև դրանք ընդունվել են:
Հետևեք ՔՊ հռետորաբանությանը և կնկատեք «Շուշիի հռչակագրում» զետեղված և մեզ համար ազգային, անվտանգային և սուվերեն շահերի տեսանյունից գերվտանգավոր դրույթների PR-ն ու գովազդը, որը հրամցվում է նույն «նախկիններ, թալան, դուք եք ծախել, դուք եք հանձնել» քաղաքական սոուսի ներքո:
Նույն հռետորաբանությունը ունի Շուշիի հռչակագիր կոչեցյալը:
Մեջբերում❗️
«Կողմերը հպարտությամբ հայտարարում են, որ Ադրբեջանը, հաղթելով 44-օրյա Հայրենական պատերազմում, վերջ դրեց Հայաստանի 30 տարի տևած ագրեսիվ քաղաքականությանը, ազատագրեց իր հողերը օկուպացիայից, ապահովեց արդարության հաղթանակը և միջազգային իրավունքի վերականգնումը:
Ադրբեջանը բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության բարոյական և քաղաքական աջակցությունը 30-ամյա հայկական ագրեսիան կասեցնելու, օկուպացված հողերի ազատագրման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:
Հիմա սա մեր շահերից է բխում, թե՞ ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերից, որին ՔՊ-ն հրաժարվում է դեմ լինել:
Հաջորդ մեջբերումը❗️
«Կողմերը նշում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան կապող , Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապող միջանցքի բացումը (Զանգեզուրի միջանցք) և որպես այդ միջանցքի շարունակություն՝ Նախիջևան- Կարս երկաթուղու կառուցումը կարևոր ներդրում կունենան երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ակտիվացման գործում։
Սրանով թուրքական աշխարհը կապվում է իրար, բոլոր հավելյալ վտանգավոր ազդեցություններով մեզ համար, որոնց ՔՊ-ն ևս դեմ չէ:
Եվ վերջապես երրորդ մեջբերումը հռչակագրից❗️
«Կողմերը, ընդգծելով, որ Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները, պատմությունը խեղաթյուրելու, պատմական փաստերը խեղաթյուրելով քաղաքականացնելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը կողմերը այս համատեքստում վճռականորեն աջակցում են Թուրքիայի ջանքերին, որը բացել է իր արխիվները 1915-ի դեպքերի հետ կապված, որի նպատակն էր Հայաստանում և այլ երկրներում արխիվներ բացելը և այս թեմայով պատմաբանների կողմից ուսումնասիրություններ կատարելը։
Ահա երեք կետերը, որոնք նախապայմաններ են, որոնք ընդունվել են հանուն «Խաղաղության դարաշրջանի» բացման: Եվ մի բան էլ, երբ ՔՊ պնդում է, որ այս ամենի հետ փաստացի համաձայնվելու լեգիտիմությամբ իրենք օժտվել են ընտրությունների ժամանակ, շտապեմ հիշեցնել, որ բացի «բանտիկով չագուչից» ուրիշ որևէ այլ բանի լեգիտիմացման մանդատ իրենց ընտրողը իրենց չի տվել , այդ թվում թշնամահաճո «խաղաղության դարաշրջան» բացելու:
Հ.Գ. Ում հոգին խաղաղվել է, թող գնա իր ներքին ու արտաքին դահիճի հետ «խաղաղության դարաշրջան բացելու»: Ում հոգին խռով ա, միտքն ու բանականությունը դեռ խամրած չի, վստահ ա իր խղճի ու իր ճշմարտացիության վրա կռիվ ա տալու անկախ ամեն ինչից»: