Արցախը անվտանգության երաշխավոր չուներ արդեն Մյունխենում. Փաշինյանի «միկրոհեղափոխության» հետևանքները

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը քննության առարկա է դարձնելու նաև բանակցային գործընթացը և 44-օրյա պատերազմի ավարտը։ Ըստ էության, կարելի է կռահել, թե ինչ է ասելու Փաշինյանի իշխանությունը, և, որ այս անգամ էլ սլաքն ուղղվելու է նախկին իշխանությունների ուղղությամբ:

Ըստ այդմ՝ որոշեցինք հետադարձ հայացք նետել Փաշինյան-Ալիև նախապատերազմյան հանդիպումներին:

2018, հունիսի 14- Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի Աշխարհի առաջնության առաջին խաղից հետո ՌԴ նախագահը ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, որին ներկա էին եղել Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը, և պատեհ առիթն օգտագործելով ՌԴ Պուտինը նրանց ծանոթացրել էր:

«Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»,- ավելի ուշ ասել էր Փաշինյանը:

Մի պահ խախտելով ժամանակագրությունը՝ հիշեցնենք, որ Դուշանբեի հանդիպումից երկու տարի հետո Փաշինյանը անդրադարձել է դրան՝ որոշ փակագծեր բացելով.

2018, սեպտեմբերի 28- Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, որը հայտնի է՝ որպես «վերելակային հանդիպում»: Ժամեր անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ ներկայացրեց Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին՝ նշելով, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու և օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը, և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», – շարունակել էր Փաշինյանը:

2020-ի սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում էր տեղադրել Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից մի հատված, որը նկարահանվել էր նախքան պատերազմը, սակայն այդպես էլ առ այսօր չի հեռարձակվել: Իսկ հարցազրույցի սեպտեմբերի 28-ին հրապարակված հատվածում Փաշինյանն անդրադառնալով Դուշանբեի «վերելակային» հանդիպմանը՝ նշել էր, որ Իլհամ Ալիևն իրեն խնդրել է ձեռնպահ մնալ Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին խոսելուց:

«Դուշանբեի համաձայնության կետերը ինքս եմ ձեռքով գրել բլոկնոտում, մենք դրանք քննարկել ենք և արձանագրել, որ եկանք համաձայնության: Ես գոհ եմ այդ համաձայնությունից, որովհետև արդյունքում խնայվեցին հայ զինվորների կյանքեր»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ալիևը այդ ժամանակաշրջանում ոչ թե Արցախի հարցով էր մտահոգված, այլ, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի, և, որ Արցախի հարցը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե ազգային շահերի հարց է, այլ սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու:

Նշենք, որ հարցազրույցը պիտի հեռարձակվեր սեպտեմբերի 27-ին, որի մասին մեկ օր առաջ տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով անոնսը: Այսինքն, այն տեղի է ունեցել վերջին պատերազմի նախօրեին, իսկ թե որքանով էր Արցախի հարցը տեղավորվում Ադրբեջանի ազգային շահերի տրամաբանության մեջ, ցույց տվեցին պատերազմի ելքը, հետպատերազմյան շրջանը և այսօրվա զարգացումները:

2018թ., դեկտեմբերի 6- Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրուցել է Իլհամ Ալիևի հետ:

«Ալիևի հետ հանդիպում չի եղել, Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև գիտեք, որ իրենք առաջարկում են «բոլորը՝ բոլորին», բայց մենք այդտեղ խնդիր ունենք, և Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք։ Եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացին նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», – մեկ օր հետո Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան՝ մանրամասնել էր Փաշինյանը՝ կրկնելով, որ ուղղակի շփում է եղել, ԵԱՏՄ Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ է եղել: Այստեղ խոսքը Արցախում դատապարտված Ադրբեջանցի դիվերսանտների մասին է, որոնք 2020-ի դեկտեմբերի 14-ին վերադարձան Բաքու:

2019, հունվարի 22- Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ հունվարի 22-ին Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել: Ավելի ուշ Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ:

«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- նշել էր Փաշինյանը՝ պնդելով, թե ինքը և իր կառավարությունը չեն ներքաշվի որևէ դավադրության մեջ, և, որ երկու երկրների ղեկավարներ երբ հանդիպում են, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր երկրի շահերից:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը առաջ տարավ այն թեզը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե դարձյալ հաշվի առնենք պատերազմի ելքը, հետպատերազմյան և մինչ այսօր ընթացող զարգացումները, երբ Ադրբեջանը գրավոր պայմանավորվածություններից դուրս շարունակում է տարածքային ընդլայնումներ ունենալ, և այն էլ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում կամ դրա հաշվին, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ Ալիևի հետ հանդիպումներում չի պնդել, կամ լավ չի պնդել ՀՀ-ի և Արցախի ազգային շահը: Փաստն այն է, որ մինչ այսօր շահում է միայն Ադրբեջանը, և նրա ազգային հետաքրքրություններն են կյանքի կոչվում, այդ թվում՝ Փաշինյանի «թեթև ձեռքով», մեղմ ասած:

2019, մարտի 29- Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ավելի քան 3 ժամանոց պաշտոնական հանդիպումը:

Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը մանրամասներ էր հայտնել՝ դրական գնահատելով Ալիևի հետ հանդիպումը:

«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում: Եվ երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե՝ լավ, հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:

Սկսվել է խոսակցություն, և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ, և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է, և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը…»,- հայտարարել էր Փաշինյանը:

Իսկ ապրիլի 1-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն հանդիպմանը և ադրբեջանական կողմի մեկնաբանություններին, նշել էր.

«Նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր։ Դրանք չեն արտահայտում այն մթնոլորտը, որ ունենք բանակցություններում, իսկ մենք բանակցություններում նոր ասելիք, նոր մթնոլորտ ու հեռանկարներ ունենք։ Անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը վախենա այս ճշմարտություններն ընդունելուց»:

2020, փետրվարի 15- Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։ 

«Հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով, և ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ: Եվ ես սկսեցի գործընթացը միկրոհեղափոխությունների»,- քննարկմանը հայտարարել էր Փաշինյանը՝ խոստանալով հաջորդ անգամ խոսել միկրոհեղափոխությունների նշանակությունից ղարաբաղյան գործընթացում, որն ինքը նախաձեռնել է:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այս քննարկման տրամաբանության մեջ Ֆեյսբուքում ներկայացրել էր հինգ կետ: 

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու՝ հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա՝ «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում:

5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային գործընթացում հեղափոխական բանաձևն էր, որով և առաջնորդվեց, և որի հետ հաշվի նստեց Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ երկրորդելով Արցախի կարգավիճակի հարցը անվտանգության ապահովմանը, մինչդեռ Արցախի հստակ կարգավիճակն է, որ Արցախի անվտանգությունն էր ապահովելու, այդ թվում՝ իրավական և միջազգային հարթակներում:

Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց՝ Արցախը ոչ թե չի կարող զիջել իր տարածքը, ինքնիշխանության իրավունքը, այլ անվտանգությունը, իսկ Արցախի անվտանգության մասով Փաշինյանն իր պատկերացումն ուներ, օրինակ, ռուս խաղաղապահների տեղակայում, Արցախը մանդատային տարածք դարձնելը, կամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակով: Մյուս կողմից՝ ուշագրավ է այն, որ Արցախի անվտանգության երաշխավոր էր Հայաստանի Հանրապետությունը, մինչդեռ արդեն Մյունխենում Փաշինյանը ՀՀ-ից «վերցնում է» այդ պատասխանատվությունը և ակնարկում, որ Արցախն ինքը պիտի մտածի իր անվտանգության մասին:

Ինչ վերաբերում է 4-րդ կետին, ապա Սերժ Սարգսյանի վատ ժառանգությունից անընդհատ բողոքող Փաշինյանը և իր թիմը ժամանակ առ ժամանակ այն պիտի ընթերցեն ու վերհիշեն: Իսկ գուցե Փաշինյանին չի՞ հաջողվել «մակրոհեղափոխություն» մտցնել բանակցային գործընթացում, փոխարենը՝ Ադրբեջանի՞ն հաջողվեց Արցախի հարցում ռազմական ճեղքում մտցնել: Այլ հարցերի շարքում Փաշինյանն այս հարցին ևս պետք է պատասխանի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում, երբ հրավեր ստանա:

Տեսանյութեր

Լրահոս