Բաժիններ՝

Տպավորություն է, որ փորձաքննությունը պարզապես կնիք է. նախագծերում, որտեղ կլինեն էական շեղումներ՝ կազմակերպություններին կզրկենք լիցենզիայից. Քաղաքապետ

«Այսուհետ բոլոր նախագծերում, որտեղ կլինեն էական շեղումներ, այդ բոլոր նախագծողներին և էքսպերտիզա անողներին ուղարկելու ենք Քաղաքաշինության կոմիտե ու զրկելու ենք լիցենզիայից: Այս պահի դրությամբ տպավորություն է, որ փորձաքննությունը պարզապես կնիք է: Կնիքը կա, ուրեմն «OK» է, էլ պարունակությունը չպետք է նայենք»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ շեշտելով, որ նման կազմակերպությունների ցանկն է խնդրել ներկայացնել, որոնց կզրկեն լիցենզիայից:

Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ նաև իր խոստմանը՝ հանդիպել «Ֆիզգորոդոկի բնակիչներին:

«Ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չեմ հանդիպել, մոտակա ժամանակ անպայման հանդիպում կունենանք: Կարծում եմ՝ տեղակալների նշանակումից հետո հնարավորություն կունենամ հանդիպել, և հասկանանք բարձրացված խնդիրները»,- նշեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչներն ահազանգում են. արդեն երկու ամսից ավելի է՝ շաբաթը 6 օր, առավոտից երեկո անտանելի աղմուկի ու դղրդոցի մեջ են ապրում։ Իրենց շարքերում կան ծերեր, գիտությամբ զբաղվողներ, որոնց կյանքն անտանելի է դարձել: Բնակիչները նշում են, որ ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի համաձայն՝ գիտական հաստատությանը ծառայող և հանրային նշանակության, ինչպես նաև՝ ջրագծեր պարունակող հողատարածքը ենթակա չէ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սեփականաշնորհման: Համաձայն գլխավոր հատակագծի՝ հողատարածքը հանդիսացել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի սպորտային հրապարակը, այստեղով անցնում է ջրագիծ, որը վերջերս վնասվել է շինարարական աշխատանքներից:

Նորահայտ հուշարձան հայտարարված թաղամասի սահմաններն ապօրինաբար փոփոխվել են՝ դուրս թողնելով կառուցապատման համար տրամադրված հողատարածքը և վտանգելով ողջ հուշարձանի ամբողջականությունը: Ի հեճուկս քաղաքապետարանի ներկայացրած պայմանի, ըստ որի՝ կառուցապատողը հայտարարել էր, թե կպահպանի տարածքի կանաչ գոտին, հատվել են տասնյակ բազմամյա ծառեր:

Բնակիչների ձեռքում է հայտնվել կառուցապատող ընկերությանը քաղաքապետարանի կողմից տրված գրավոր թույլտվությունը, որով ընկերությունը դեպի բակ գնացող ճանապարհներից մեկը ժամանակավորապես փակելու թույլտվություն էր ստացել։ Բնակիչները վստահ են՝ փաստաթղթում ամսաթվային անճշտություններ կան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս