Բաժիններ՝

«Եկել-ասում են՝ դու մեծահարուստ ես, շարունակի՛ր. այսպես չի կարելի, պետք է պատասխան տան». «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները փաստում են՝ փաստաթղթում ներկայացված է կեղծ տեղեկատվություն

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում նոյեմբերի 11-ից մեկնարկած շինաշխատանքները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ գործը քննվում է դատարանում: Բնակիչների բողոքների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով քննվում է ժամանակին այդ հողատարածքի օտարման և սեփականության իրավունքի ձեռքբերման օրինականությունը։

«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները, բացի իրավական ճանապարհով հարցը լուծելուց, սպասում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելի թաղամաս:

Նրանք շարունակում են պնդել, որ սա հանրային օգտագործման տարածք է և պետք է պաշտպանված լիներ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով, չօտարվեր:

Բնակիչների ձեռքում է հայտնվել  կառուցապատող ընկերությանը քաղաքապետարանի կողմից տրված գրավոր թույլտվությունը, որով ընկերությունը դեպի բակ գնացող ճանապարհներից մեկը ժամանակավորապես փակելու թույլտվություն էր ստացել։ Բնակիչները վստահ են՝ փաստաթղթում ամսաթվային անճշտություններ կան։

«Ընդգծում ենք, որ կառուցապատողը բնակիչների հետ գործողությունների համաձայնեցման որևէ քայլ չի ձեռնարկել, չի եղել պատշաճ իրազեկում, որևէ իրազեկում, առհասարակ, չի եղել, փաստաթղթում չկա որևէ բառ՝ մայթի վրա կայանելու և հետիոտնի տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ, փաստաթղթի ամսաթիվն ամբողջական չէ, ինչը խոսում է հնարավոր կեղծիքի մասին։

Փաստում ենք, որ տվյալ փաստաթղթում ներկայացված է կեղծ տեղեկատվություն, և խիստ մտահոգիչ է, որ այն ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի անունից։

Կառուցապատողը շարունակում է բնակիչներին արհամարհելու, բնակիչների իրավունքների ոտնահարմամբ իր գործունեությունը ծավալելու քաղաքականությունը․ այս մեթոդը նրանք կիրառել են դեռևս հանրային լսումների ժամանակ, որտեղ իրենց հրավիրած կամայական քաղաքացիներին ներկայացնում էին որպես ազդակիր համայնքի բնակիչ և խոչընդոտում բնակիչների կամարտահայտմանը։

Հրավիրում ենք Երևանի քաղաքապետարանի և Երևանի ոստիկանության ուշադրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բնակիչներից Վահրամ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դա հանրային օգտագործման տարածք է, չպետք է նման բան անեին:

«Այսպես չի կարելի: Պետք է պատասխան տան, որ հաջորդները նման բաներ չանեն պետության գլխին: Թե չէ, եկել են, ասում են՝ դու մեծահարուստ ես, շարունակի՛ր: Սա հանրային օգտագործման տարածք է և պետք է պաշտպանված լիներ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով, չօտարվեր: Եվ հետո չպետք է մոռանալ, որ հուշարձանային տարածք է: Այս շինթույլտվությունն ապօրինի է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ բողոքարկելու ենք նաև ԿԳՄՍ որոշումը, քանի որ 2021թ. փետրվարին հայտնել էին, որ «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչվել է որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021թ. մայիսին, հանվել է Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից:

«Այստեղ լրիվ խաչքար է»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս