«Վստահաբար կողմերն ունեն այն ճանապարհային քարտեզը, որով պետք է առաջնորդվեն․ բանակցողներին մնում է ընդամենը կետ առ կետ ֆիքսել բոլոր պայմանավորվածությունները»
ՀՀ իշխանությունները պնդում են՝ Հայաստանը պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել՝ առանց նախապայմանների։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ շարունակելով, որ Երևանը նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։
Ըստ նրա, հայկական կողմը գտնում է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը երրորդ երկրների հետ հարաբերություներում առկա խնդիրներին որևէ կերպ պետք չէ փոխկապակցել, իսկ Հայաստանի կառավարությունը ցանկացած գործընթացում առաջնորդվելու է Հայաստանի և հայության կենսական շահերի պաշտպանությամբ ու առաջմղմամբ։ ԱԳՆ խոսնակը բանակցային օրակարգի վերաբերյալ որևէ մանրամասն չէր հայտնել։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս վերջերս նշել էր, թե Թուրքիայի հետ երկխոսության հստակ օրակարգ առայժմ չկա։
Միջազգայնագետներն ուշադրությամբ հետևում են հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսության զարգացմանն ու հատկապես ակտիվորեն քննարկում են հատուկ բանագնացների նշանակումները։
Ինչպես հայտնի է, Անկարան Հայաստանի հետ երկխոսության հատուկ բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին, ում նշանակումը, ըստ մի շարք վերլուծաբանների, նշանակում է, որ Անկարան լուրջ է վերաբերվում գործընթացին։
Ավելին, մի շարք տեղեկությունների համաձայն, նրա թեկնածությունն անուղղակիորեն հաստատել է նաև Վաշինգտոնը, որտեղ էլ դիվանագիտական առաքելություն է իրականացրել Քըլըչը վերջին տարիներին։ Բացի այդ, Քըլըչը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի բարձրագույն իշխանական օղակների հետ, ինչը ևս պատահական չէ, քանի որ Թուրքիան հայ-թուրքական օրակարգ է բերում Բաքվի քաղաքական խնդիրները։
Երևանի առաջ քաշած թեկնածուն ևս քննարկվում է, և կարծիքների մեծամասնության համաձայն՝ Ռուբինյանի թեկնածության առաջքաշումը պայմանավորված է Փաշինյանի կադրային դեֆիցիտով։
Սակայն ամենակարևոր հարցը, իհարկե, բանակցային բովանդակությունն է և այն, թե ինչ դիրքորոշումներով է Հայաստանը սկսում Թուրքիայի հետ երկխոսությունը, երբ Թուրքիան մշտապես նախապայմանների լեզվով է խոսել Հայաստանի հետ, և անհասկանալի են մնում Երևանի հայտարարությունները, որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսությունն առանց նախապայմանների, այն դեպքում, երբ Թուրքիայի ԱԳ նախարարն օրեր առաջ հայտարարել էր, թե առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկայում, այսինքն՝ երկխոսությունը սկսվում է, սակայն հայտնի չէ՝ նախապայմաններո՞վ, թե՞ ոչ։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Թուրքիան, իհարկե, չի հրաժարվել իր նախապայմաններից։ Նրա խոսքով, դրանցից որոշները պատերազմից հետո Թուրքիայի նախագահի ելույթներում նկատվել են՝ Ղարաբաղյան հակամարտության հարցը՝ դրանից բխող բոլոր հարցերով, և հրաժարում պատմությունից։
Վերլուծաբանի խոսքով, Երևանը գրեթե հղումներ չի անում պատմությանը, այսինքն՝ նախապայման այս առումով այլևս անիմաստ է, իսկ Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան բոլոր պայմանավորվածություններն այս կամ այն կերպ կարգավորման-բանակցման փուլում են, և երկխոսությամբ Անկարան ևս կցվում է այդ գործընթացին միջանցքի մասով։
«Սա, կարծես, ևս եղել է՝ որպես նախապայման։ Սակայն այդ նախապայմանների մասով երկու կողմն էլ փորձում է լռել, անտեսել հարցը ներքին կայունության համար»,- նկատեց նա։
Վերլուծաբանի կարծիքով, բանակցային բովանդակությունը ևս հստակ է, պարզապես, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն սկսվել, այդ մասին կողմերից և ոչ մեկը չի խոսում։
«Վստահաբար կողմերն ունեն այն ճանապարհային քարտեզը, որով պետք է առաջնորդվեն այս բանակցություններում, և կարծում եմ՝ դիրքորոշումներն այնպիսին են, որ բանակցողներին մնում է ընդամենը կետ առ կետ ֆիքսել բոլոր պայմանավորվածությունները։ Ակնհայտն այն է, որ Անկարան բացահայտ հայտարարում է, որ Ադրբեջանից անկախ որևէ քայլի չի դիմելու, այսինքն՝ արդեն իսկ երրորդ երկիրը ներգրավված է հայ-թուրքական երկխոսությունում, որի մասին Մևլյութ Չավուշօղլուն մի քանի անգամ հայտարարել է։
Սա դիտարկվո՞ւմ է որպես խնդիր, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, պարզապես փաստն այն է, որ հայ-թուրքական երկխոսությունն արդեն իսկ պայմանավորված է Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցություններով, և պարզ է նաև այն հանգամանքը, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկն ուշացավ հենց այդ պատճառով, քանի որ հայ-ադրբեջանական դեմարկացիա-դելիմիտացիան չէր սկսվել, ապաշրջափակման բանակցություններում ավելի շատ էին խնդրահարույց հարցերը, և, փաստորեն, Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի համաձայնությամբ հայ-թուրքական երկխոսության մասով առաջընթաց տեղի ունեցավ և հայտարարվեց, որ այն սկսվում է։
Թուրքական կողմը գործընթացում անկեղծ է, ներկայացնում է այն տեսլականը, որն ունի, իսկ հայկական կողմի դիրքորոշումը լիովին հասկանալի չէ, գործընթացն ունի ոչ հրապարակային մաս, որտեղ ամեն ինչ պարզ է, իսկ հրապարակային պաշտոնական մակարդակում դիվանագիտությունն այլ է»,- ասաց Սկակովը։
Նրա կարծիքով, գործընթացը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, որը կարևոր է թե՛ Անկարայի, թե՛ Երևանի համար։
«Կողմերը ձգտելու են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ինչպես նաև լուծել տարածաշրջանում մեծ կապուղիների հարցը, թե հետո ինչ զարգացում կունենա՝ կդժվարանամ նշել, քանի որ թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Հայաստան-Թուրքիա գործընթացները փոխկապակցված են, պայմանավորված միմյանցով, և երկարաժամկետ պատկեր ուրվագծելը բարդ է»,- ասաց նա։