Էպոսագետ թեկնածուն Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ֆինանսավորման և կանանց մասին
Ամիսներ առաջ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը առաջարկել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վճարել նրա ընտրագրավը: Ինչո՞ւ նա պատրաստակամություն չի հայտնում վճարել որևէ թեկնածուի ընտրագրավը, ում համար խնդիր է այդ գումարը գտնելը, հատկապես որ նրանց շարքերում կա կին թեկնածու: ԳԱԼԱ-ի այս հարցին Վարդան Սեդրակյանը պատասխանել է. «Պատրաստակամություն չեմ հայտնել, որովհետև խորապես համոզված եմ, որ կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի: Դա ես չեմ հնարել, դա պարզ տիեզերական ճշմարտություն է»:
Նա իր համոզմունքը բացատրում է նրանով, որ արմենոիդներն ի սկզբանե ունեցել են արիական ծագում, և իգական սկիզբը քաղաքականության մեջ տեղ չունի, քանի որ դա է ապացուցել պատմությունը և հայ էպոսը: Ըստ Վարդան Սեդրակյանի, էպոսի 4 հիմնական հերոսները տղամարդիկ են, և միայն մեկ դրվագում է Սանասարի մահվանից հետո նրա կինը կառավարում, քանի որ որդիները փոքր էին: Բայց այդ ժամանակ է, որ Մուսա Մելիքը հարձակվում է, գերեվարում նրանց, ու ամբողջ երկիրը ավերում:
Կայքի դիտարկմանը, որ հենց այս պահին մի քանի կին պատգամավորներ նստած են Ազգային ժողովում, Վարդան Սեդրակյանը արձագանքել է.« Այո, շատ ճիշտ եք ասում, նստած են, նրանք միայն նստած են: Ազգային Ժողով կանանց բերելու առաջին խրոխտ քայլը արեց ժամանակին Վանո Սիրադեղյանը, երբ ԱԺ ընտրություններից մի քսան օր առաջ ստեղծեց «Շամիրամ» կուսակցությունը` մեղմ ասած թեթև վարքի տեր կանանցով ու մտցրեց Ազգային Ժողով:Նույնիսկ այն ժամանակ էին արդեն խոսում, թե արդեն պարզ է` ինչի համար է Վանոն նրանց բերել Ազգային Ժողով: Միայն այն բանի համար, ինչ նպատակով այդ կանանց բերել էր Վանոն, միգուցե դրա համար պետք են այդ կանայք, բայց ոչ քաղաքական առումով»:
Նա կանանց չի տեսնում նաև սպորտում, բացառությամբ գեղասահքում, որտեղ նրանց ներկայությունը, ըստ նրա, շատ գեղեցիկ է: «Իմ կինը աշխատում է, բայց իմ կինը երբեք չի մտնի քաղաքականության մեջ ու չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը»,- նշել է Վարդան Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է այլ թեկնածուների ընտրագրավի խնդրին, նա նշել է, որ «շարան-շարան» հայտնվող թեկնածուների մեծ մասը առաջադրվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն առաջադրվելու, ինչը նշանակում է, որ նրանք իրական առաջնորդ լինելուց հեռու են և առաջադրվում են «մի երկու կոպեկ» աշխատելու հույսով: Ըստ նրա, Պարույր Հայրիկյանն իր ընտրագրավը հավաքում էր պառավական օրհնանքներով նամակներ հղելով մարդկանց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրագրավը ձեռք բերեց միայն այն ժամանակ, երբ վերադարձավ Բաքվից ու հանդիպեց ԱՄՆ դեսպանի հետ: «Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ ֆինանսավորվել է Բաղրամյան 26-ից, սակայն քանի որ այս ընտրություններում իր կարիքը իշխանությունը չէր զգում, նա գնաց ֆինանսավորվելու այլ ճանապարհով»,- ասել է նա: