Ինչո՞ւ է կառավարությունը դեմ թոշակների ու նպաստների ինդեքսավորմանը. իշխանության իրական դեմքը
Համատարած թանկացումների ֆոնին՝ հասարակության սոցիալական խոցելի խմբերին գնաճի ազդեցությունից ինչ-որ կերպ պաշտպանելու համար, թվում է, թե տրամաբանական կլիներ թոշակների ու նպաստների ինդեքսավորումը։
Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի խմբակցություններից մեկը։
Կարևոր չէ, թե որ խմբակցությունն է նախագծի հեղինակը. այն միտված է սոցիալական խոցելի խմբերին գնաճի ազդեցությունից որոշ չափով պաշտպանելուն։ Բայց կառավարությունը դեմ է դրան։
Եթե նման բան նախկինում լիներ, պատկերացրեք, թե ինչպիսի մեծ աղմուկ էր բարձրացրել Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինքն ու իր ղեկավարած կառավարությունն է դեմ գնում թոշակների ու նպաստների ինդեքսավորմանը։
Դա գուցե ինչ-որ տեղ ընկալելի լիներ, եթե ինդեքսավորման փոխարեն՝ կառավարությունը նախատեսեր թոշակների ու նպաստների որոշակի բարձրացում։ Նույնիսկ, եթե այն չծածկեր գնաճի ամբողջ ազդեցությունը։
Բայց ինչպես գիտեք, դա էլ չի նախատեսվում։
Հաջորդ տարի նախատեսվում է ընդամենը 2 հազար 100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը, որն էլ վերաբերելու է կենսաթոշակառուների հազիվ 2-3 տոկոսին։ Մյուսների դեպքում ամեն ինչ մնալու է անփոփոխ։ Նրանք շարունակելու են ստանալ այնքան կենսաթոշակ, որքան ստանում էին մինչև վերջին համատարած թանկացումները։
Այդ պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե թանկացումներն ինչպիսի սոցիալական հետևանք են ունենալու նրանց վրա։ Բայց հիմա արդեն նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դա քիչ է հուզում։ Նրա կառավարությունը որոշել է, որ չնայած համատարած թանկացումներին, կենսաթոշակների ու նպաստների ինդեքսավորումը նպատակահարմար չէ։
Դրա համար նաև ինչ-որ անհեթեթ մեկնաբանություն են գտել։
«Խնդրահարույց է ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը, ինչն առաջարկվում է նախագծերի փաթեթով: Նպատակահարմար է կենսաթոշակների չափերի ավելացման համար տարեկան պարտադիր ինդեքսավորումն օրենքով նախատեսելու հարցը քննարկել կենսաթոշակների չափերի ավելացման՝ Կառավարության ռազմավարական նպատակի իրականացումից հետո։ Ընդհանուր առմամբ կարող է քննարկվել ոչ թե կենսաթոշակների (նպաստների) ավելացման (այդ թվում՝ ինդեքսավորման) մեխանիզմները, այլ ավելացման հիմքերը (դեպքերը) օրենքով ամրագրելու հարցը՝ կառավարությանը վերապահելով տվյալ տարվա սոցիալ-տնտեսական հնարավորությունների շրջանակում բարձրացման կոնկրետ չափը և մեխանիզմները սահմանելու իրավասությունը։
Ելնելով վերոգրյալից` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակահարմար չէ և առաջարկվում է նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ»,- այսպիսին է կառավարության կարծիքը՝ թոշակների ու նպաստների ինդեքավորման վերաբերյալ։
Կարճ ասած՝ կառավարությունը դեմ է ինդեքավորմանը։ Բայց խնդիրը իրականում ոչ թե օրենսդրական կարգավորումների ու կառավարության, այսպես ասած, ռազմավարական նպատակադրումների հետ է կապված, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ ֆինանսների՝ «Հարկ ենք համարում նշել, որ նախագծերով առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, և 2021 թվականը որպես բազա դիտարկելու դեպքում, տարվա կտրվածքով լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 12,3 մլրդ դրամ»։
Ահա և ամբողջ գաղտնիքը։
Կառավարությունը մտադիր չէ այդքան գումար տրամադրել թոշակների ու նպաստների ինդեքսավորման համար։ Բայց դա բոլորովին էլ բյուջեի միջոցների նկատմամբ սրտացավ վերաբերմունքից կամ ավելի հրատապ խնդիրներին գումարներն ուղղելու անհրաժեշտությունից չի գալիս։ Վկա այն ճոխ ծախսերը, որոնք իրենց թույլ են տալիս իշխանությունները։
Կառավարությունը փող չունի սահմանները պատշաճ կահավորելու, զենք գնելու, վիրավոր զինվորի առողջության վերականգնման համար գումար հատկացնելու, պետության երաշխավորած անվճար բժշկական ծառայությունները ժամանակին մատուցելու, թոշակ ու նպաստ բարձրացնելու, կուտակված սցիալական խնդիրները լուծելու համար, փոխարենը՝ կարող է տասնյակ-միլիոնավոր դրամներ վճարել թանկարժեք մեքենա գնել համար։
Էական չէ, թե մեքենան ում է սպասարկելու։ Խնդիրը երևույթի մեջ է։
Կապ չունի նաև այն, թե դա ինչ միջոցներով են գնել՝ խնայա՞ծ, թե՞ չխնայված։ Դրանք պետության փողերն են, իսկ պետության առջև այսօր բազմաթիվ խնդիրներ կան կանգնած, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Այդ խնդիրներից մեկն էլ հասարակության սոցիալական վիճակի մեղմումն է, և ոչ թե՝ Ազգային ժողովի նախագահին սպասարկելու համար նոր ու թանկարժեք մեքենայի գնումը։
Առկա ֆինանսական խնդիրները լուծելու համար կառավարությունը շատ հաճախ պարտքեր է վերցնում, պարտքերը գնում նստում են պետական բյուջեի վրա, ծանրացնում պետության բեռը, իսկ իշխանությունները, փոխարենը գոտիները ձգելու, կարող են իրենց նման ճոխություններ թույլ տալ։
Երկիրը, որը գտնվում է պատերազմական իրավիճակում և ունի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, աղքատության չափազանց բարձր մակարդակ, իրավունք չունի իրեն այդպես պահել։ Թոշակներն ու նպաստները չեն կարողանում կամ չեն ուզում ինդեքսավորել, որովհետև փող չունեն, բայց կարող են 200 հազար դոլար վճարել՝ ԱԺ նախագահի համար ծառայողական մեքենա գնելու համար՚։ Սա բացահայտ արհամարհանք է հասարակության ու հատկապես՝ սոցիալապես անապահով խավերի նկատմամբ։
Դժվար է հավատալ, որ Ազգային ժողովի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան այնքան վատ վիճակում է, որ այլևս հնարավոր չէ շահագործել, ու նորը գնելու հրատապ անհրաժեշտություն է առաջացել։ Պարզապես ուզել, արել են։ Ժամանակին էլ պադավատապետությանը պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանն էր մի քանի հարյուր հազար դոլար վճարում պետական բյուջեի հաշվին՝ իրեն սպասարկող մեքենաները թարմացնելու համար։
Սա է այսօրվա իշխանության իրական դեմքը։ Մինչև իշխանության գալը ցույց էին տալիս, թե պայքարում են նման երևույթների դեմ, հիմա հաճույքով իրենք են անում։
Թող թոշակառուներն ու սոցիալական մյուս խոցելի խմբերը շարունակեն հույսով սպասել իրենց հերթին։ Այսօր կառավարության համար ավելի հրատապ է Ազգային ժողովի նախագահի թանկարժեք ավտոմեքենան, քան գնաճի հետևանքները մեղմելու նպատակով թոշակառուի թոշակի ու նպաստառուի նպաստի ինդեքսավորումը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ