«Ձեզ՝ Արայիկ Հարությունյան, մի բան կասեմ»․ Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մաճկալաշենի բնակիչների ահազանգով, սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Արդարություն կուսակցության գործող համանախագահը, կուսակցության անդամներ և ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավորներով գնացինք Մաճկալաշեն։ Բնակիչները խիստ անհանգիստ և զայրացած էին այն մթնոլորտով ու իրողությամբ, որ կար գյուղում։ Փաստեցին, որ թշնամու դիրքերը շատ մոտ են, ինչի արդյունքում զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից և անհանգստացած են գյուղի անվտանգությամբ։
Գյուղը բաժանված է 2 մասի՝ Արայիկ Հարությունյանի «սիրելիներ» (ինչպես գյուղացիներն են փաստում, որոնց մեծ մասը 44-օրյա պատերազմի ժամանակ կամ փախել է կամ թաքնվել), որոնց սոցիալական խնդիրները լուծվել են և անտեսվածներ, որոնք բառիս ուղղակի իմաստով զուրկ են ապրելու միջոցներից և շատերն ապրում են պատերազմի հետևանքով վթարված տներում։
Վերադառնալուն պես, ձևակերպեցինք գյուղի իրական խնդիրները և ներկայացրեցինք խնդրով զբաղվող մարմիններին։
Անցել է ավելի քան երկու ամիս։ Մաճկալաշենի բնակիչները կրկին վրդովված են և այս անգամ հանդիպումը ԱԺ-ում էր՝ Արմեն Հարությունյանի հետ, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հարութ Հարությունյանի հայրն է և Խաչատուր Պետրոսյանի հետ, որը 3-րդ խմբի զինհաշմանդամ Սերգեյ Պետրոսյանի հայրն է։ Եղած խնդիրները լուծվելու փոխարեն ավելանում են նորերը։
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։
Մաճկալաշենը 44-օրյա պատերազմում 11 զոհ է տվել։ Զոհվածների ծնողներն ու հարազատներն իրենց կսկիծը, դարդն ու ցավը սրտում, ընկած դռնեդուռ արդարություն են փնտրում։ 11 զոհվածների հարազատներից 10-ին, հուշաքարի բացմանը նվիրված, միջոցառման այլ ժամ էին ասել։ Հետևությունն ինքներդ արեք։
Իսկ Ձեզ՝ Արայիկ Հարությունյան, մի բան կասեմ. բնական է, որ Արցախը կորստյան մատնած նախագահը չի կարող փրկել այն, քանզի Դուք Արցախը հանձնող խորհրդանիշներից մեկն եք և պատմության մեջ հենց այդպես եք մնալու։ Պարզապես, քանի դեռ քայլում եք Հայի սուրբ Հայրենիքում, հիշե´ք, Հայը զոհվեց հանուն Հայրենիքի․․․
Արցախի Հանրապետության դատախազություն ԱՀ գլխավոր դատախազին հորդորում ենք այցելել Մաճկալաշեն և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին»։