Մարդու խնդիր

Հանրային-քաղաքական մակարդակում ամենահաճախ հնչող հարցն այն է, թե ինչպե՞ս է երկրին այսքան արհավիրք բերելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեռևս պահպանում իշխանությունը։ Այդ հարցը հնչեցնում են գրեթե բոլորը ու պատասխան չգտնելով՝ նզովում են բոլորին՝ Նիկոլ Փաշինյանին, ընդդիմությանը, հասարակությանը։ Նզովքի այդ ծեսը, սակայն, իրականում անհասցե է և չունի որևէ ֆունկցիա։ Այն դեպքում, երբ Հայաստանի հետ կատարվածի համար պատասխանատվությունը խիստ հասցեական է, դրա հեղինակներն ունեն անուն-ազգանուններ, հասցեներ, հեռախոսահամարներ ու էլեկտրոնային փոստ։ Ընդ որում, հեղինակներն ու կատարողները՝ միասին վերցրած՝ հաշվվում են հազարներով կամ տասնյակ-հազարներով։

Նիկոլ Փաշինյանն իր դավաճանական քաղաքականությունը կամ ապիկար անկարողությունը միայնակ չի իրականացնում, դա բազմաթիվ որոշումների հետևանք է, որոնք կայացվում են իշխանության ամենավերևում և իջնում են մինչև ամենաստորին մակարդակ՝ իրենց կատարողներով ու հաշվետվություն ներկայացնողներով։ Հասկանալի է, որ կախված զբաղեցրած պաշտոնից՝ տարբեր է նաև պատասխանատվության մակարդակը, և տեղի ունեցողի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Բայց տարբեր աստիճաններով հանդերձ, դրանցում իրենց մեղքի ու պատասխանատվության բաժինն ունեն նաև նրա քաղաքական թիմի անդամները, նրան ծառայող իրավապահ մարմինների ներկայացուցիչները, դիվանագետները, դատավորներն ու դատախազները, պետական ողջ համակարգը՝ հազարավոր մարդիկ։ Իսկ հանրային հոգեբանության մեխանիզմն այնպիսին է, որ քաղաքացին բակային զրույցում նզովում է Նիկոլ Փաշինյանին և շտապում է տուն՝ մասնակցելու ծննդյան արարողությանը, որի պատվավոր հյուրը փաշինյանական իշխանության որոշումները դակող պատգամավորը կամ դատավորն է։

Մեկ այլ քաղաքացի հայհոյում է հողը թուրքին հանձնողին, բայց շքամուտքում հարգալից բարևում է թուրքի դեմ բողոքի ակցիա անողին դաժանաբար բերման ենթարկող իր հարևան ոստիկանին։

Մեկ ուրիշը սոցցանցում անհասցե գրառմամբ քննադատում է իշխանությանը, բայց հարմար առիթ է փնտրում որևէ ուսապարկի գլխահակ բարևելու ու պետական որևէ տենդերից իր փայը ստանալու համար։

Այս և բազմաթիվ այլ օրինակներ վկայում են այն մասին, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք արատավոր երևույթներն ու դրանցում այս կամ այն չափով ներգրավվածներին մերժելու, պարսավանքի ենթարկելու հանրային մեխանիզմներ։ Մենք ստեղծում ենք կատարվողի հետ չհամակերպվելու հանրային իմիտացիա, բայց հանդուրժում ենք կատարվողի մեջ իրենց պատասխանատվությունն ունեցող մեր ազգականին, բարեկամին, հարևանին։

Այսինքն՝ գլոբալ առումով Հայաստանում կատարվողը մարդու խնդիր է, որովհետև Հայաստանն այս իրավիճակին հասցրած քայլերը կատարվել ու կատարվում են մարդկանց կողմից, մարդկանց միջոցով, բայց այդ մարդիկ չեն արժանանում այն վերաբերմունքին, որպիսին կլիներ ցանկացած նորմալ, բարոյական իմպերատիվներ ունեցող հանրության արձագանքը։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ հասարակությունն իր կողքին հանդուրժում է հազարավոր այդ մարդկանց, նրանք շարունակելու են կատարել հող հանձնելու, դրա դեմ պայքարողին ասֆալտին հանձնելու, դիվանագիտորեն հողի հանձնումը ձևակերպելու, դրանք Ազգային ժողովում դակելու և բազմաթիվ նման այլ հրահանգներ՝ աշխատանքից հետո պատվավոր տեղ զբաղեցնելով իրենց ազգականի կամ հարևանի խնջույքի սեղանին ու հոտընկայս խմելով հայրենիքի կենացը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս