«Գրին քարտի» հայտերի ընդունման լուսաբանում. ինչի՞ց էր անհանգստանում տիկինը

2021թ. 6 ամիսներին մոտ 22 հազար հայաստանցի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Վիճակագրական այս ցուցանիշը ռեկորդային է՝ նախորդ 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հոկտեմբերի 6-ից մեկնարկել է «Գրին քարտ DV-2023» խաղարկության հայտերի ընդունումը, որի համար ժամկետ է սահմանված մինչև նոյեմբերի 11-ը: Պարբերաբար ստացվում էին տեղեկություններ, թե այս տարի՝ նախորդ տարիների համեմատ, առավել մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են դիմում այս խաղարկությանը՝ ԱՄՆ-ում օրինական հիմունքներով ապրելու և աշխատելու թույլտվություն ստանալու համար:

Այսօր 168.am-ի նկարահանող խումբը որոշեց այցելել «Գրին քարտ»-ի խաղարկության համար հայտ լրացնող մի քանի գրասենյակներ՝ պարզելու, թե ի՞նչ թվով քաղաքացիներ են դիմել, արդյո՞ք այս տարի դիմողների թիվն ավելի մեծ է նախորդ տարիների համեմատ ու քաղաքացիներից հետաքրքրվելու, թե ինչո՞ւ են որոշել դիմել խաղարկությանը:

«Գրին քարտ»-ի հայտերի ձևակերպումներով զբաղվող բազմաթիվ գրասենյակներ և անհատներ կան, որոնց գործունեության մասին հայտարարությունները ողողված են սոցիալական ցանցերում:

Հայտերը լրացնում են գրասենյակների աշխատակիցները, արժեքները տարբեր են, սկսած՝ 1500 դրամից: «Հայտի արժեքը մեկ դիմողի համար՝ 2000 դրամ, ընտանիքի համար՝ 4000 դրամ: Լրացնում ենք Ձեր փոխարեն: Ստուգում ենք Ձեր փոխարեն», «Մեկ անձի արժեքը՝ 1500 դրամ, մեկ ընտանիքի կողմից 1 փաթեթը՝ 3000 դրամ, օնլայն գրանցման 1 փաթեթը՝ 5000 դրամ (մինչև հոկտեմբերի 30), Երևանում տան այց՝ 1 փաթեթը՝ 7000 դրամ», «Մեր մասնագետները կօգնեն Ձեզ մասնակցել խաղարկությանն ու միանալ բազմաթիվ հաջողակ ընտանիքներին, որոնք արդեն ունեն աշխատանքի և բնակության իրավունք ԱՄՆ-ում»,- ասվում է հայտարարություններում:

Մեր այցելած հասցեների աշխատակիցներն ու խաղարկության համար դիմող քաղաքացիները տեսախցիկից խուսափում էին, խնդրում, որ չնկարահանենք գրասենյակները:

Մի քանի հասցեներ այցելելուց հետո 168.am-ի նկարահանող խումբը եղավ Դեմիրճյան 17Ա հասցեում, որտեղ բազմահարկ շենքի առաջին հարկում ևս իրականացվում էր  հայտերի ընդունում: Աշխատակիցներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կարող ենք ներսում նկարահանում իրականացնել, ու բացասական պատասխան ստանալուց հետո դուրս եկանք՝ հերթում սպասող քաղաքացիների հետ զրուցելու:

Մինչ զրուցում էինք քաղաքացիների հետ, դուրս եկավ աշխատակիցներից մեկը, ասաց, որ ինքն ու իր հաճախորդները չեն ցանկանում, որպեսզի նկարահանվեն, հաճախորդները չեն ուզում, որ անգամ իրենց մուտքը գրասենյակ նկարահանվի:

Մեր դիտարկումը, թե աշխատակցին ոչ ոք չի նկարահանել, իսկ հաճախորդներն էլ, ովքեր չեն ուզում նկարահանվել, չեն նկարահանվում, աշխատակիցը լսել չէր ցանկանում: Տիկինը միայն բղավում էր ու բղավում՝ վստահեցնելով, թե տեսել է՝ ինչպես է մեր տեսախցիկն իրեն նկարահանում:

Ամեն բան այսքանով չավարտվեց: Իմանալով, թե որ լրատվականն ենք ներկայացնում (հավանաբար մոռացել էր, որ սկզբում ներկայացել էինք), աշխատակիցը սկսեց 168.am-ին մեղադրել հանրությանը փչացնելու, երկիրը կործանելու և իր ու իր գրասենյակի գլխին «ինչ-որ բան սարքելու» մտադրություն ունենալու մեջ: Մեր հորդորները տիկնոջ համար կարծես թե ընդունելի չէին, նա շարունակում էր մեզ մեղադրել՝ այնքան ժամանակ, մինչև տարածքում կնոջ ձայնը լսելով՝ հայտնվեցին մոտ երկու տասնյակի հասնող մարդիկ:

Տիկինը գոռալով հարցնում էր, թե մեզ ո՞վ է ուղարկել իր մոտ, ի՞նչ իրավունքով ենք գնացել, ո՞ւր է մեր թույլտվությունը, ու սպառնում էր իր գրասենյակի պատը կամ դրան առնչվող ցանկացած կադր 168.am-ում տեսնելու դեպքում դատի տալ:

Տիկինը փոքր-ինչ հանդարտվեց այն բանից հետո, երբ հավաքված տղամարդկանցից մեկը փորձեց միջամտել ու տիկնոջը հորդորել անցնել իր գործին, մեզ էլ՝ հեռանալ այդ տարածքից: Ողջ ընթացքում տիկինը շարունակում էր մեղադրել, թե լրագրողների հրապարակած նյութերի պատճառով է երկիրը հայտնվել այս վիճակում, որ կա, որ լրագրողներն են մեղավոր ամեն ինչում:

Թե ինչի՞ համար էր անհանգստանում տիկինը, առավել ևս, եթե նրանց գործունեությունը օրինականության դաշտում է, այդպես էլ հասկանալի չդարձավ: Տիկինն անգամ մոտեցավ տարածքում դրված մեր տեսախցիկին, վերցրեց, շրջեց այն, դրեց այլ ուղղության վրա:

Հավաքված քաղաքացիներից մեկի միջնորդությունից, ապա և՝ մեր զգուշացումից հետո, որ տիկինն իր գործողությունների և անհիմն մեղադրանքների համար ևս կարող է պատասխանատվության կանչվել, նա ներս անցավ:

Տեսանյութեր

Լրահոս