Գալիս է Եվրասիայի դարը․ Օրբանը՝ Եվրոպայի պարտության մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած «Եվրասիա» համաժողովում հայտարարել է, որ ամբողջ աշխարհն արևմտականացնելու ռազմավարությունը տապալվել է, և համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ հաջորդ դարը կդառնա Եվրասիայի դար:
«Ավարտվեց արևմտյան քաղաքակրթության գերիշխանության հինգ հարյուր տարին… Արևմտյան աշխարհում ազատական առաջադեմ գերակայությունն ավարտվեց: Այն գաղափարը, որ ամբողջ աշխարհը պետք է ապրի արևմտյան մոդելով, և որ այդ նպատակով ընտրված ժողովուրդները, տնտեսական և ֆինանսական օգուտների դիմաց, պատրաստ կլինեն դրան, ձախողվել է», – ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ասիայի պետությունները ուժեղացել են և ապացուցել են, որ ունակ են բարձրանալ, գոյություն ունենալ և պահպանվել՝ որպես տնտեսական և քաղաքական ուժի անկախ կենտրոններ, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ արևելյան տնտեսություններն աճում են չորս անգամ ավելի արագ, քան արևմտյան տնտեսությունները:
Օրբանի կարծիքով՝ հաջորդ դարը կլինի Եվրասիայինը, քանի որ այն ամենամեծ մայրցամաքն է, որտեղ բնակվում է երկրի բնակչության 70%-ը, և որի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում գերազանցում է 70%-ը:
«Եվրոպան պարտվեց այսօրվա փոփոխությունների աշխարհում… Դատելով գնողունակության պարիտետից՝ եթե Եվրամիությունը լիներ ԱՄՆ-ի մաս, ապա կլիներ աղքատության ցուցանիշով երրորդ նահանգը։ Սա ցույց է տալիս, որ Եվրոպան անընդհատ պարտվում է, և ներկա գործընթացներում թիվ մեկ պարտվողն է։ Եվրոպական պետություններն այլևս չկան համաշխարհային տնտեսության երկրների առաջին հնգյակում»,- հայտարարել է Օրբանը։
Եվրոպան, նրա խոսքով, չի կարող իրեն տեղավորել եվրասիական կոնտեքստում. այժմ եվրոպական առաջնորդների շրջանում բավարար ինտելեկտուալ ուժ չի երևում, որպեսզի դուրս գա փուչիկից, հրաժարվի տրոհման գաղափարից, հարաբերություններ կառուցի ասիական երկրների հետ և օգուտ ստանա այն փաստի բերումով, որ Եվրասիայի մաս է կազմում: