
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը. Sputnik Արմենիա

Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից` մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները։
Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ Հայաստանից և Ադրբեջանի ջրաբանների խումբ է աշխատում անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ։
ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ ոլորտում պաշտոնական համագործակցություն չկա։
«ՀՀ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն` թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հավելել են նաև, որ ՀՀ-ն իրականացնում է միջազգային և տարածաշրջանային համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվում` ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում շահագրգիռ երկրների հետ, որոնք հանձնառու են բարեխիղճ և կառուցողական կերպով իրագործելու միջազգային իրավունքից, այդ թվում` բնապահպանական կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունները։
Մասնավորապես, Հայաստանն արդյունավետ կերպով համագործակցում է հարևան Վրաստանի, Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։