Գրիպի դեմ պատվաստանյութը կպաշտպանի նաև կորոնավիրուսից. Չխեիձե
Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ է նախեւառաջ ռիսկի խմբերի համար, քանի որ այն անուղղակիորեն պաշտպանում է նաեւ կորոնավիրուսով վարակվելուց: Այդ մասին ասել է իմունացման հարցերով խորհրդականների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն Իվանե Չխեիձեն:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը զուգահեռ սկսվել է նաեւ գրիպի դեմ բնակչության պատվաստումը:
Երկիրը պահեստավորել է ավելի քան 200 հազար չափաբաժին գրիպի դեմ պատվաստանյութ: «Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ է հատկապես ռիսկի խմբերի համար: Գրիպի դեմ պատվաստանյութն անուղղակիորեն պաշտպանում է նաեւ կորոնավիրուսով ախտահարվելուց»,-Չխեիձեն ասել է լրագրողներին:
Նա անհանգստանում է, որ նոյեմբերից կարող է ավելանալ այն հիվանդների թիվը, որոնք միաժամանակ վարակվել են սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով: «Այն մարդը, որը միաժամանակ կվարակվի սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով, ենթակա է բարդությունների, հոսպիտալացման եւ ծանր ընթացքով հիվանդության մեծ ռիսկի:
Այդ ժամանակաշրջանը կարող է սկսվել նոյեմբերի առաջին կեսին»,-նշել է Չխեիձեն: Նրա խոսքով՝ նոյեմբեր-մարտը շնչուղիների վիրուսային հիվանդությունների ակտիվացման ժամանակաշրջան է, հաղորդել է Sputnik-ը: