Նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին
Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օրն է։
Սուրբ Ղուկիանոս հարյուրապետի անունը, ում հիշատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է այսօր, նշված չէ Նոր Կտակարանում: Սակայն նրա մասին տեղեկություններ մեզ հասել են Սրբազան Ավանդության միջոցով: Նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես է եղել Հիսուսի հրաշափառ Հարությանը և հրաժարվել է սուտ վկայություն տալ, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Սուրբ Ղուկիանոսն այդ արարքի համար գլխատվել է Պիղատոսի կողմից:
Ղուկիանոսը լսել էր Հիսուսի բոլոր այն խոսքերը, որոնք Նա խոսել էր Խաչի ճանապարհին և խաչի վրա: Եվ եկել էր այն եզրակացության, որ Հիսուս Նազովրեցին ոչ միայն չարագործ չէր, այլև մի անսովոր մարդ էր: Հիսուսի մահվանը հաջորդող հրաշալի դեպքերը՝ արևի խավարումը, երկրաշարժը և այլն, խորապես ազդեցին այս անաչառ և անկողմնակալ մարդու վրա, որն ի վերջո ինքնաբերաբար արտասանեց. «Արդարև այս մարդը արդար էր» (Ղուկ. 23:47):
Սուրբ Ղուկիանոսը մեկն էր այն մարդկանցից, ովքեր նահատակվել են Փրկչի համար: Նրանք գերադասել են լինել ճշմարիտ և պատժվել այդ ճշմարտության համար: Կրել հալածանքներ սակայն չուրանալ, չարչարվել, սակայն չստել: Նրա և նման նվիրյալների շնորհիվ է, որ ունենք քրիստոնեությունը՝ որպես մեզ հասած անգին գանձ:
Փորձե՛նք պահպանել այն, ինչ ավանդվել է մեզ սրբերի կյանքի գնով: Փորձենք կատարել նրանց պատգամը, որ փոխանցվել է ոչ ուղղակիորեն, ոչ խոսքերով, այլ գործով՝ պահպանել քրիստոնեությունն ու անսահման սիրել Քրիստոսին: