Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքների։
Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը երկրորդ տեղում է։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ:
Ռոբին Շարմայի «Առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» երրորդ հորիզոնականում է։ Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել,լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատավայրում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ: Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձեք հետևել դրանց…
Չորրորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով` հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ ճաշացանկի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեցերորդ տեղում է։ Այն ամենը, ինչ ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայն խստությամբ պահպանվում էր «Հույժ գաղտնի», «Պահպանել հավերժ», «Վտանգի դեպքում այրել» մակագրություններով: «Ռեզիդենտը» փաստագրական վեպն առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը:
Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը յոթերորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…
Ռոբին Շարմայի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը ութերորդ տեղում է: Ռոբին Շարման իր այս հերթական բեսթսելերում շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը… Կյանքի նպատակը նպատակային կյանքն է…
Ալան Բադիուի «Դարը» իններորդ տեղում է։ Այս աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (հոլոքոստ, ԳՈՒԼագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր): Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե խոստումների եւ հուսադրման:
Տասներորդ հորիզոնականում է Ջոն Ստրելեքիի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Երբ աստղազարդ գիշերով նայում ես երկնքին, իրականում տեսնում ես մեր գալակտիկայում գոյություն ունեցող աստղերի 0,0000005%- ից էլ քիչ մասը: Ու դա դեռ միայն մեր գալակտիկան է: Գոյություն ունեն ամենաքիչը ևս հարյուր քսանհինգ միլիարդ գալակտիկաներ: Եթե որևէ վերերկրային ուժ կարողացել է ստեղծել այդ ամենը, ուրեմն վստահաբար քո երազանքն իրագործելը նրա կարողություններից վեր չէ: Հետևիր այդ ուժին…