Ժողովրդական դեղամիջոցներ չամիչով

Խաղողի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Մուգ գույնի չամիչը պահպանում է խաղողի գրեթե բոլոր բուժիչ հատկությունները և օգտակար նյութերը։ Գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել խաղողի մուգ տեսակներից ստացված չամիչը հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, հոդատապի, արյան շրջանառության խանգարման դեպքում։

Որպես օժանդակ միջոց` չամիչը կիրառվում է երիկամների և մակերիկամների, լյարդի որոշ հիվանդությունների բուժման ընթացքում, բրոնխների ասթմայի, թոքաբորբի, աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդությունների դեպքում` որպես կանխարգելիչ միջոց։ Չամիչը կիրառվում է նաև նյութերի փոխանակության խանգարման և մաշկային հիվանդությունների բուժման ընթացքում։ Կարմիր գույն ունեցող խաղողի տեսակները և դրանցից ստացված չամիչն ավելացնում են արյան մեջ պարունակվող բարձր խտություն ունեցող լիպոպրոտեինների, այսինքն, այսպես կոչված, «լավ» խոլեստերինի քանակությունը և միաժամանակ իջեցնում` ցածր խտություն ունեցող «վատ» խոլեստերինի մակարդակը։

Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ, ինչի շնորհիվ նպաստում է մարսողության լավացմանը։

Չամիչը ուռչելով աղիներում` նվազեցնում է ախորժակը, ինչը կանխարգելում է գիրությունը։ Խորհուրդ է տրվում ուտել չամիչը հետևյալ ձևով. առաջին օրը կերեք չամիչի 40 հատիկ, նախաճաշից կես ժամ առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ օրերին կերեք մեկական հատիկ պակաս, երբ քանակը հասնի 1-ի` կրկին ավելացրեք հատիկների քանակը` հասցնելով այն մինչև 40-ի։

Կարդացեք նաև

Նման բուժումն օգտակար է այրոցի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորների հյուսվածքը, կանխարգելում նորագոյացությունների առաջացումը` հատկապես հաստ աղիի ուռուցքը, և ամրացնում է սրտամկանը։

Չամիչը շատ օգտակար է նաև վահանագեղձի բնականոն աշխատանքի համար, բարձրացնում է դիմադրողականությունը և ամրացնում նյարդային համակարգը։
Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։

Շաքարային դիաբետի դեպքում կարելի է ուտել օրվա ընթացքում 5 գ չամիչ, 3-5 րոպե եփեք 100 մլ ջրի մեջ, քանի որ այդ դեպքում զգալիորեն կնվազի չամիչի մեջ պարունակվող շաքարի պարունակությունը և կպահպանվի օգտակար նյութերի հիմնական մասը։
Ձվարանի բուշտ (կիստա). 600 գ չամիչը (առանց կորիզի) 2 շաբաթ թրմեք 1 լ օղու մեջ` մութ տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Ընդմիջեք 1 շաբաթ, կրկնեք ևս 1 անգամ։ Անցեք համապատասխան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում շարունակեք բուժումը։

Փայծաղի հիվանդություններ. 30 գ չամիչը 10 ժամ թրմեք 30 մլ խաղողի քացախի մեջ, քամեք։ Կերեք 4-5 հատ` նախաճաշից առաջ, և նույն քանակությամբ` ևս 1 անգամ, օրվա ընթացքում, ուտելուց 1 ժամ առաջ։
Հոդաբորբ. Աղացեք չամիչը` 5 օր թրմեք գինու մեջ (1։2), թրջոց դրեք կամ շփեք հիվանդ հոդերին։
Ցավեր լյարդում. Աղացեք 1-ական կգ գազար և բաց շագանակագույն չամիչ։ Ավելացրեք 1,8 լ ջուր և եփեք թույլ կրակի վրա փակ կափարիչով, մինչև մնա մոտ 3 լ լուծույթ։ Թրմեք կես ժամ, քամեք։ Առաջին օրը խմեք 200 մլ` նախաճաշից առաջ։ Հաջորդ 6 օրերը խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Բրոնխիտ. 30 գ չամիչը 1 ժամ թրմեք նախօրոք եռացրած 100 մլ սառը ջրում, քամեք։ Կերեք քնելուց առաջ` 100 մլ գոլ կաթի հետ։

  • Քամեք 1 սոխից ստացված քերուկի հյութը։ 150 գ չամիչը 45 րոպե եփեք 350 մլ ջրում` թույլ կրակի վրա։ Թրմեք 15 րոպե, տրորեք չամիչը, խառնեք տաք եփուկին սոխի հյութը։ Խմեք 150-ական մլ` ընթրիքից և քնելուց 1 ժամ առաջ, չամիչը կերեք։

Երիկամների և միզուղիների հիվանդություններ. Սև չամիչից հեռացրեք կորիզները, փոխարենը տեղադրեք 1 հատիկ սև պղպեղի սերմ։ Օգտագործեք 2 նման ձևով պատրաստված չամիչ` օրը մեկ անգամ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 30 օր, անհրաժեշտության դեպքում` կրկնեք։

Դեղամիջոցն օգտագործում են նաև միզաքարային հիվանդության դեպքում` բժշկի անմիջական հսկողությամբ։

Լեղուղիների մաքրում. 100 գ անկորիզ խաղողից ստացված չամիչը լվացեք հոսող ջրի տակ, 24 ժամ թրմեք նախօրոք եռացրած 100 մլ սառը ջրում։ Խմեք նախաճաշից առաջ և կերեք չամիչը, պառկեք աջ կողքի վրա և դրեք ջեռակ, պահեք 2 ժամ։ Կատարեք շաբաթը մեկ անգամ։ Շարունակեք մեկ ամիս։
Հիպերտոնիա. Աղացեք 100 գ չամիչ, կես ժամ թրմեք 200 մլ եռջրում, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք և մզեք հումքը։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո։
Զգուշացում։ Չամիչը հակացուցված է թոքախտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, ստոմատիտի, արտահայտված գիրության դեպքում։
Կարևոր է իմանալ, որ չամիչի սննդային արժեքը բավականին բարձր է` 265-335 կկալ` 100 գրամի մեջ։

Տեսողությունը պայծառացնող. Խառնեք չորացրած խաղողի կորիզից և սոճու ճյուղից ստացված փոշիները (3։2)։ Կես թ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 10 րոպեից տեղափոխեք ջերմապահի մեջ, թրմեք 10 ժամ։ Խմեք 50-ակալ մլ` օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 3 շաբաթ։
Յուղամզվածք. Քամեք կարմիր խաղողի հյութը, չորացրեք կեղևն ու կորիզը և աղացեք։ Լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղ` մոտ 5 սմ բարձր հումքից, խառնեք։
Տարան դրեք ջրով լցված կաթսայի մեջ և 2 ժամ տաքացրեք կրակի վրա` 60-70 C ջերմությամբ ջրի մեջ, ընթացքում խառնեք լուծույթը փայտե գդալով։ Քամեք երկտակ ծալած թանզիֆով։

Խաղողի մուգ տեսակներն առավել հարուստ են բուժիչ նյութերով։
Յուղամզվածքը պարունակում է չհագեցված ճարպային թթուներ, հակաբորբոքային և վերքամոքիչ հատկություններ ունեցող նյութեր։

Լայնորեն կիրառվում է գեղարարության մեջ` ցելյուլիտի, դեմքի կնճիռների, ճարպոտ մաշկի և կորյակների դեպքում։

Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նաիրի» գրախանութներում։

Տեսանյութեր

Լրահոս