Մեզ ռադիկալ ընտրություն է պետք՝ սեփական ուժ ձևավորելու համար, որ այդ խաղաղ գոյակցության բանաձևը լինի ի նպաստ մեզ. Մանուկ Հերգնյան
2020 թվականի սեպտեմբերյան պատերազմը ցույց տվեց, որ բախվելով անվտանգային լրջագույն մարտահրավերների՝ մենք կանգնել ենք ռադիկալ արժեքային ընտրություն կատարելու խնդրի առաջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ԱՐԱՐ» և «Պահապան» հիմնադրամների համահիմնադիր Մանուկ Հերգնյանն այս տեսակետը հայտնելուց բացի, նաև հիմնավորեց այն լրացուցիչ փաստարկներով:
«Վերջին 20 տարվա ընթացքում թուրքական երկու պետությունների համատեղ ռազմական ծախսերը մեր ռազմական ծախսերը գերազանցել է 51 անգամ, նրանց ՀՆԱ-ն մերին գերազանցել է 58 անգամ, իսկ բնակչությունը՝ մոտ 30։ Մեզ մոտ գերակա է եղել այն, որ գուցե գտնենք ինչ-որ բանաձև, որը հավասարակշռի մեր ուժերը տարածաշրջանում, և մենք խաղաղ գոյակցություն ունենանք, երկրորդը՝ որ մենք պետք է պատրաստ լինենք կարճաժամկետ պատերազմի, որի հիմնական լուծումը պետք է տրվի խոշոր դաշնակցի միջոցով։ Այս երկու բանաձևերն էլ թերի են և վտանգավոր, որովհետև առանց սեփական ուժի կենտրոն դառնալու՝ այս երկու լուծումները չեն աշխատելու»,- ասաց Մանուկ Հերգնյանը՝ նշելով, որ թեև 30 տարի մենք անվտանգային համակարգն այս երկու բանաձևերի շուրջ ենք կառուցել, բայց առավելապես այս պատերազմից հետո մեզ պետք է հստակ կենտրոնացնել մեր ռեսուրսներն ու ստեղծել սեփական ուժի կենտրոն՝ դրանով հանդերձ դառնալով ուժեղ դաշնակից և ձեռք բերելով մեզ համար անհրաժեշտ այդ խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում։
«Որպես հասարակություն՝ այս անվտանգային միջավայրն ունենալու պարագայում մենք պետք է կարողանանք կատարել ռադիկալ ընտրություն՝ սեփական ուժ ձևավորելու համար, որպեսզի խաղաղ գոյակցության բանաձևերը լինեն ի նպաստ մեզ։ Պետք է կենտրոնացնել մեր ռեսուրսներն ու ձևավորել այնպիսի մի օրակարգ, որով կստեղծենք մի այնպիսի պետություն, որը, եթե պետք լինի, կարող է անվերականգնելի վնաս հասցնել որևէ թշնամու, որը մեր նկատմամբ ոտնձգություն կկատարի։ Այդ առումով մենք նաև կկարողանանք մեր արժեքը բարձրացնել ու հետաքրքիր լինել նաև տարբեր դաշնակիցների համար»,- ասաց Հերգնյանը։
Արձագանքելով դիտարկմանը՝ արդյո՞ք նման օրակարգ կարող ենք ձևակերպել, եթե նախևառաջ այդ օրակարգը չի ձևավորվում կրթական համակարգում, Մանուկ Հերգնյանը պատասխանեց, որ հաշվի առնելով այն, որ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում շատ արագ է փոփոխվում կրթությունը, մեզ անհրաժեշտ է մեր մարտահրավերներին համարժեք կրթական մոդելներ մշակել, որոնք պետք է լինեն և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում։
«Սակայն այստեղ էլ խնդիր ունենք. մենք նախաձեռնում ենք շատ բաներ, բայց կիսատ ենք թողնում, նախաձեռնում ենք բազմազան կրթական ծրագրեր, որոնք, սակայն, անավարտ են մնում։ Ըստ իս՝ կիսատ թողնելու պատճառն այն է, որ մենք, երկար տարիներ ապրելով մակրոհամակարգերում, կարողանում ենք ստեղծել միկրոհամակարգեր։ Հիմա էլ նույն վիճակն է, իսկ դա արագ հաղթահարել չի լինում։ Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է դառնանք արագ սովորող հասարակություն և գիտակցենք, որ գիտելիքը միայն կրթական համակարգում չէ, որ ստանում են։ Այսօր կրթական ոլորտում հեղափոխություններ են տեղի ունենում, իսկ մենք չենք կարողանում ադեկվատ արձագանքել այդ փոփոխություններին։ Ինչպե՞ս է հնարավոր գտնել այդ ադեկվատ պատասխանները. այս հարցի պատասխանի խորքում մարդու արժեքային ընտրությունն է։ Հարցերի հարցն է, թե մենք ինչպիսի՞ մարդ ենք կրթում, ի՞նչ արժեհամակարգի տեր է նա դառնում»,- ասաց Հերգնյանը՝ շեշտելով, որ վերջին 30 տարիները ցույց տվեցին, որ առաքինի մարդ կերտելու հարցում մենք եթե չենք ձախողել, ապա չենք էլ հաջողել, որովհետև մինչև հիմա պարզ չէ, թե մենք ինչպիսի առաքինությամբ քաղաքացի ենք կրթում, և նա ինչ կապով է կապվում մեր անվտանգության հետ։
«Իսրայելի օրինակն են հաճախ բերում, որը մեզ համար ուղղակի բնական լաբորատորիա է։ Այդ երկրի վերջին տարիների պատասխանները մեզ համար կարող են շատ լավ օրինակ լինել։ Օրինակ՝ առաջին անգամ երբ իրենք չկարողացան հաղթել, դա նրանց համար մեծ սթրես դարձավ, որից հետո ռազմական ծախսերը միջինում ՀՆԱ-ի նկատմամբ 12.5 տոկոս դարձան, հետո կտրուկ այդ ծախսերը ավելացան՝ հասնելով 30.5 տոկոսի. Այսինքն՝ հասարակությունը կարողացավ արմատական ընտրություն կատարել։ Մենք, սակայն, դրան անգամ հիմա չենք գնում»,- ասաց նա՝ նշելով, որ այն, որ պատերազմում պարտվելուց հետո Կառավարությունն ընդունել է ծրագիր, որում այդ արմատական ընտրությունն արտացոլված չէ, դա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր և Իսրայելի տարբերությունը։
«Հիմա մենք պետք է մտածենք մեր սեփական ընտրությունը փոխելու և ոչ թե ուրիշի կողմից կայացվող ընտրության մասին, որովհետև քանի դեռ դա չենք արել, որևէ բան չի փոխվելու։ Ինքնաճանաչողություն է մեզ պետք անհատական և հավաքական մակարդակով։ Առաջինը մենք պետք է մտածենք ոչ թե՝ այլ երկրի միջոցով խնդիր լուծելու, այլ՝ սեփական միջոցով դա անելու մասին։ Իսրայելն ուժեղ դաշնակից ձեռք է բերել այն պատճառով, որ արմատական արժեքային ընտրություն է կատարել, օրինակ, 30 տոկոսով ավելացնելով իր ռազմական ծախսերը, այնպես որ, եթե մենք էլ նման ընտրություն չենք կատարում, մենք լինելու ենք թերի ու գնալով ավելի վատ զարգացումների ենք հասնելու»,- ասաց Հերգնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում