Բաժիններ՝

Փակում են՝ առանց այլընտրանքային կամ նոր ծրագրերի. Եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխության առաջարկի շուրջ կարծիքները միանշանակ չեն

Հայաստանում նոր բնակարանների կառուցման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը խրախուսելու և երկրի տարածքային համաչափ զարգացումը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ նոր բնակարանների կառուցապատումը Երևան քաղաքից և Երևանի կենտրոնից ուղղորդելով դեպի մարզեր:

Գործադիրն օգոստոսի 12-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկին. Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նիստում մանրամասնեց.

«Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի 2-րդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի 3-րդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ»:

Կառավարությունում հավանությանն արժանացած այս առաջարկը, սակայն, հավանության չի արժանանում ոլորտի տարբեր ներկայացուցիչների և մասնագիտական շրջանակների կողմից. նրանք ահազանգում են՝ գնային տատանումներից զատ՝ Հայաստանի տնտեսությունը բախվելու է լուրջ խնդիրների, քանի որ շինարարությունը խթանող այդ կարգավորումը նպաստում է հարկային մուտքերի ավելացմանը, իսկ ծրագրի առաջարկվող փոփոխությամբ՝ էապես կնվազեն կառուցապատման և շինարարության ծավալները:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, եթե կառավարությունն այս ծրագիրը փակում է, պետք է բնակչության և շինարարության ոլորտի համար նոր այլընտրանքային ծրագրերով հանդես գա.

«Եկամտահարկի վերադարձի ծրագիրը մի քանի անգամ վերանայվել է, սահմանափակումներ են եղել: Հիշեցնեմ՝ սկզբնական տարբերակում սահմանափակումները չկային, մարդիկ կարողանում էին այս ծրագրով 200-300 հազար դոլարանոց գույք ձեռք բերել, իսկ հետագայում ներդրված սահմանափակումների համաձայն՝ մինչև 55 միլիոն դրամ արժողությամբ գույքն էր հնարավոր ձեռք բերել այդ ծրագրով:

Ըստ էության, այս ծրագրի շահառուները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են: Այժմ կառավարությունը ցանկանում է վերանայել իր քաղաքականությունը՝ պատճառաբանելով, որ եկամտային հարկի մասին այս օրենքի նախագծի արդյունքում պետական բյուջեի համար ծախսային բեռը կտրուկ ավելացել է վերջին տարիների ընթացքում, ինչն այդպես է. արդեն հասնում է մոտ 10 միլիարդ դրամի տարվա կտրվածքով:

Սակայն, եթե գործող իշխանությունները որոշում են այս ծրագիրը փակել, պետք է այլընտրանքային ծրագրեր առաջարկեն բնակչությանը: Զուտ բյուջետային տրամաբանությամբ, թե՝ տեսեք, ծախսն ավելանում է, եկեք փակենք, ճիշտ մոտեցում չէ»:

Դիտարկմանը, թե այս ծրագրի փոփոխության հետևանքով ենթադրվում են նաև կառուցապատման և շինարարության ծավալների նվազում, քանի որ նվազելու է առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, և հարցադրմանը, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը այս ոլորտում հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու համար՝ տնտեսագետը պատասխանեց.

«Այս ծրագրի ներդրման նպատակը հենց շինարարության ոլորտի խրախուսումն էր, այժմ եթե կառավարությունն այս ծրագիրը փակում է, պետք է նաև այս ոլորտի ներկայացուցիչներին նոր այլընտրանքային ծրագրեր առաջարկի, որպեսզի շուկայում նորակառույցների նկատմամբ պահանջարկը չնվազի, բայց խնդիրն այն է, որ նրանք փակում են՝ առանց այլընտրանքային կամ նոր ծրագրերի:

Փակելը շատ հեշտ է. Իրենց տրամաբանությունն այն է, որ եթե բյուջեում փող չկա, եկեք փակենք: Բայց այլ ծախսերի համար փող կա. օրինակ, ամեն տարի 70 միլիարդ դրամ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին են փոխանցում, որ չգիտես՝ հետագայում այդ գումարներն ինչ են լինելու՝ կվերադառնա՞ն, թե՞ ոչ»:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նշեց, որ այս փոփոխությամբ անշարժ գույքի շուկայում կարձանագրվի վաճառքների նվազում:

Դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ այս առաջարկը կառուցապատման ոլորտում կբերի ճգնաժամերի, նա արձագանքեց.

«Քանի որ փուլերով է կատարվելու փոփոխությունը, կառուցապատման ոլորտում, կարծում եմ, ճգնաժամեր չեն լինի: Աստիճանաբար են կազմակերպել, որպեսզի մեծ ազդեցություն չունենա շուկայի վրա: Եթե այլ պայմաններ չփոխվեն, ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվի:

Այն բացասական էֆեկտ կունենա, վաճառքները կնվազեն, բայց շուկան բավականին ակտիվ է, այդքան մեծ ազդեցություն չի ունենա: Եվ բացի դա՝ հաշվի առնենք, որ կենտրոնում կառուցապատման տարածք էլ չի մնացել, և կենտրոնի գներն այնքան են բարձրացել, որ այդ 55 միլիոն դրամի շեմը հատում են, և հետևաբար՝ կենտրոնի դեպքում այն մեծ ազդեցություն չի ունենա»:

Անշարժ գույքի ոլորտի մասնագետը նկատեց, որ ճիշտ է որոշումը՝ ծրագիրն ուղղորդել դեպի մարզեր, որպեսզի մարզերն էլ զարգանան:

Հիշեցնենք` եկամտահարկի վերադարձի ծրագիրը Հայաստանում ներդրվեց 2015-թ.` շինարարական ոլորտը խթանելու համար: Բացի տնտեսական բաղադրիչը՝ այս փոփոխությունը նաև սոցիալական բաղադրիչ էր պարունակում, քանի որ ենթադրում էր աջակցություն ՀՀ միջին եկամուտներ ունեցող քաղաքացիներին նորակառույց բնակարանների գնման հարցում, և որպեսզի այն լինի թիրախային, 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը:

Տեղեկացնենք՝ Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցման թեմային անդրադարձել է նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն՝ նկատելով.

«Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում ոչ միայն կառուցապատման ոլորտի, այլ նաև ողջ տնտեսության և պետության համար»:

Ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում՝ առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում. «Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար՝ կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին՝ կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։

Ցավով պետք է փաստենք, որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս