Բաժիններ՝

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար կդադարեցվի

Հայաստանում նոր բնակարանների կառուցման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը խրախուսելու և երկրի տարածքային համաչափ զարգացումը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ նոր բնակարանների կառուցապատումը Երևան քաղաքացից և Երևանի կենտրոնից ուղղորդելով դեպի մարզեր:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկին, որը նպատակ ունի փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

Օրենքի նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով կրում այս արտոնության դրական ազդեցությունը: Դրա մասին է վկայում այն տվյալը, որ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտահարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է: Մնացած 93 տոկոսը գտնվում է Երևանում:

«Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի ներուժը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը, ինչպես նաև կընդգծի դրա սոցիալական բնույթը: Առաջիկա 3 տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության ավելի համաչափ բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխվեն դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա պարզաբանեց՝ ասում է՝ նաև գյուղական բնակավայրերը, քանի որ այս նույն ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները, և հիմա էլ այդպիսիք կան:

Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածներում: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի 2-րդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի 3-րդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ», – նշեց նախարարը:

Այդպիսով, ըստ զեկուցողի՝ առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների, դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր՝ միաժամանակ հաշվի առնելով ներկայումս կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու կարևորությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եկամտահարկի վերադարձման ծրագրի մասին կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով:
Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 20 հազար:

«Սակայն փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակվում է իրականացվել Երևանում, իսկ առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում», – հավելեց նախարարը:

Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքային բնակավայրեր, որտեղ անկախության 30 տարում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել, և երբ ժամանակին այս ծրագիրը ներդրվել է՝ հասկանալիորեն տնտեսական հետաքրքրությունն այնպիսին է եղել, որ շինարարությունը հիմնականում Երևանում և հատկապես Երևանի կենտրոնական թաղամասերում է իրականացվել:

«Մենք մի երևույթ ենք տեսնում, երբ մարզերում ապրող, աշխատող մարդիկ, հնարավորությունը չկորցնելու համար, բնակարան են ձեռք բերում Երևանում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, և սա փաստ է», – ասաց Փաշինյանը:

Այս որոշմամբ, ըստ Փաշինյանի, կառավարությունը որոշակի կանխատեսելի ժամկետներով սկսում է վերացնել արտոնությունը՝ սկսած Երևանի կենտրոնից, և ուղղորդել դեպի «կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա», որպեսզի խթանվի շինարարությունը նաև մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս