«Այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում». Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ԱԺ լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվելու է, և այնպես չի լինելու, որ լրագրողները հասնեն պատգամավորների աշխատասենյակների մոտ և դրանք բացեն, քանի որ այդ ամենը վիրավորում է պատգամավորների արժանապատվությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այս մեկնաբանությանը, նկատեց՝ երբևէ չէր կարող պատկերացնել, որ լրագրողի աշխատանքը կարող է նսեմացնել որևէ մեկի արժանապատվությունը:
«Լրագրողները կատարում են իրենց մասնագիտակական պարտականությունները և ՀՀ քաղաքացուն տալիս են տեղեկություն ԱԺ ընտրված պատգամավորների գործունեության վերաբերյալ: Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, և ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի: Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում, սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների դասական ոտնահարում է, որովհետև ԱԺ նախագահությունը որոշում է՝ ինչ նյութ գրեն լրագրողները, ում մոտենան, ում՝ ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:
Ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանի հորդորով ԱԺ նիստերի ուղիղ եթերի անջատմանը, Թագուհի Թովմասյանն ասաց, որ այս ամենը տեղի ունեցավ ԱԺ նախագահի կամայական որոշման արդյունքում:
«Այդ միջադեպի ժամանակ լրագրողներին դուրս էին հրավիրել նաև օթյակից, ինչը նրանց իրավունքների ուղղակի ոտնահարում է, որովհետև նրանք արձանագրում էին այն խայտառակ պատկերը, որն առկա էր ԱԺ դահլիճում, այն հայհոյանքները, որը պատգամավորները տալիս էին միմյանց: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե ինչով են զբաղված խորհրդարանի դահլիճում իրենց կողմից ընտրված պատգամավորները»,- հավելեց պատգամավորը:
Ըստ նրա, իշխանական պատգամավորներից մեկը երեկ ասել էր, թե լրագրողների գործառույթը չէ ԱԺ վիճաբանությունը տեսանկարահանելը, իսկ նույն այդ պատգամավորը ի՞նչ գիտի լրագրողների պարտականությունների մասին:
«Լրագրողը պարտավոր է արձանագրել այն, ինչ տեսնում է խորհրդարանում, և եթե դալիճում պատգամավորներն իրար վիրավորում, հայհոյում, իրենց փողոցայինի նման են պահում, ապա դա պետք է դառնա հասարակությանը տեսանելի»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում