Պարտված գերագույն հրամանատարությա՞մբ ենք խուսափելու նոր շրջանների օկուպացիայից. ինչ կա ՀՀ ռազմական նոր հռետորաբանության հետևում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել էր ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Այսօր՝օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:

Միաժամանակ, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը Երևանին մեղադրել է «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նոր մարտական դիրքեր են դրվում Մխիթարաշեն և Շոշ բնակավայրերի հատվածում, ինչպես նաև Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ գտնվող տարածքներում:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր շրջանառել, թե իբր ՀՀ-ից Արցախ՝ Լաչինի միջանցքով զինված մարդիկ են տեղափոխվում, և, որ մինչ այսօր, համաձայն եռակողմ համաձայնության՝ ՌԴ վերահսկողությանը հանձնված տարածքներից ամբողջությամբ դուրս չեն բերվել հայկական զինված խմբավորումները:

Սա՝ այն դեպքում, երբ 168.am-ի տեղեկություններով, եղել են դեպքեր, երբ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության ադրբեջանական քաղաքացիական անձինք են շրջել Քաշաթաղի հատվածում:

Ինչ վերաբերում է նոր դիրքերին, ապա բնական է, որ Արցախի հին առաջնագծերը, որոնք հնարավոր է եղել պաշտպանել, պետք է կարգի բերել, վերականգնել, պատերազմի արդյունքով պայմանավորված՝ նորերը կահավորել: Արցախն անկախ պետություն է՝ թեպետ չճանաչված, ուստի կարող է ունենալ իր պաշտպանական ուժերը, և պաշտպանել ռուս խաղաղապահների անմիջական պաշտպանության տակ չգտնվող բնագծերը:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը համարում է Արցախի հարցը փակված և կարգավորված, բայց միևնույն ժամանակ՝ երբեմն այնպիսի վարքագիծ դրսևորում, ասես ինքն էլ Արցախի հարցը փակված չի համարում, համենայնդեպս, հայկական բանակի լինելիությունից բխող վախերն այս մասին են հուշում, երկրորդ՝ արցախյան հատվածում տեղի ունեցող դիրքային ամրապնդումներն Ադրբեջանը սկսել է կապել ՀՀ ռազմական ղեկավարության և նրա դիրքորոշման փոփոխման հետ, այն դեպքում, երբ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց խզելու ՀՀ ՊՆ-ՊԲ կապը, և այսօր ՀՀ-ին դժվար է համարել Արցախի անվտանգության երաշխավորը:

«Այս ամենը տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նոր նախարարի բոլոր միջոցների օգտագործմամբ ուժի կիրառման մասին անպատասխանատու և սադրիչ հրամանի ֆոնին»,- նշվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ այս օրերին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի ռազմավարական նպատակը ՀՀ զինված ուժերի վերազինումն ու արդիականացումն է՝ «տարածաշրջանում թուրքական աճող սպառնալիքի քողի տակ»: Այսինքն, ՀՀ-ի կողմից փորձ է արվում ՌԴ-ի և Թուրքիայի միջև բախումներ հրահրել:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը իրապես հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում: Մյուս կողմից, բանակի արդիականացման մասին նախատեսված պայմանավորվածությունների մասին վկայում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած բավականին ներկայացուցչական կազմը:

Եթե վերադառնանք Արշակ Կարապետյանի՝ ուժի կիրառման զգուշացումներին, ապա որքան էլ նա առավել խիստ կեցվածքի զինվորական է, սակայն այդ ամենը, թերևս, համաձայնեցված է ռուսական կողմի հետ, կամ գոնե ինչ-ինչ երաշխիքների ակնկալիքներ կան:

Ըստ ՊՆ հաղորդագրության, Շոյգուի հետ հանդիպմանը Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Նույն միտքն ասվել էր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը:

Իսկ ինչ միջոցների մասին է խոսքը, դեռևս պարզ չէ, թերևս, դա կախված է իրավիճակից: Գուցե Տավուշի մարզում ռուսական խաղաղապահ ուղեկալների տեղադրումը սահմանային շրջանների օկուպացումը թույլ չտալու միջոցներից մե՞կն  է: Մյուս կողմից՝ սա ենթադրում է Տավուշի «վիճելի» տարածքների հանձնում Ադրբեջանին, այսինքն, խաթարվում է երկրի տարածքային ամբողջականությունը:

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ հնարավոր է՝ ռուսական սահմանապահ ուղեկալներ տեղադրվեն Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերի հատվածներում:

168.am-ը երեկ գրել էր, որ Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում:

Իսկ օրեր առաջ տեղեկություն տարածվեց Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին ռուսական ուղեկալի տեղադրման վերաբերյալ, ինչը, ըստ էության, նախանշան էր Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա) գյուղի հանձնման, որի դեպքում Տավուշի մարզի շատ գյուղեր հայտնվելու են թշնամու «ափի մեջ»:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:

Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Նշենք, որ օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ:

Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Ի վերջո, պարբերաբար Ադրբեջանը դիմում է օդային սադրանքների, երկրորդ՝ պատերազմը չի ավարտվել, և պետք է պատրաստվել:

Խնդիրն այն է, որ գերագույն հրամանատարությունը չի փոխվել, որի օրոք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, տարածքային զիջումներ եղան նաև ՀՀ-ից՝ պատերազմից հետո, ինչը շարունակվում է: Եվ սա՝ այն դեպքում, երբ մարդկային և ռազմական ռեսուրսների առումով առավել լավ վիճակում էինք: Այսինքն, վատ նավապետի դեպքում նոր նավով էլի հեռու չենք գնա, հատկապես, երբ այդ նույն վատ նավապետի պատճառով շատ հարցերում կորցրել ենք նաև որոշումներ կայացնելու մեր իրավունքը:

Բացի դա, ո՞վ է կարողանալու իրացնել ՀՀ-ի ռազմական քայլերը, եթե նման բան լինի, Փաշինյանի կադրե՞րը, ովքե՞ր են տեղեկատվական պատերազմում կարողանալու «վաճառել» դրանք, տեղեկատվական պատերազմի նրբությունները ճկուն չօգտագործածնե՞րը, թե՞ Փաշինյանը, ով Սև լճի 30 տոկոսի համար պատերազմել չէր պատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս