Կորոնավիրուսի շտամը գրեթե կրկնակի մեծացնում է մահացությունը. գիտնականներ
Կորոնավիրուսի «յոտա» տեսակը COVID-19-ով վարակվելու դեպքում 46-82 տոկոսով կարող է բարձրացնել մահացության գործակիցը բարձր տարիքի անձանց մոտ: Այս եզրակացության են եկել Նյու Յորք քաղաքի առողջապահության դեպարտամենտի եւ Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի անվան հանրային առողջապահության դպրոցի մասնագետները։
Ուսումնասիրությունը նախահրապարակվել է medrxiv.org պորտալում: Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են համաճարակաբանական տվյալները, որոնք Նյու Յորքում հավաքվել են 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի ապրիլ ընկած ժամանակաշրջանում՝ մաթեմատիկական մոդելավորում անցկացնելով նշված շտամի փոխանցման արագությունը, իմունիտետից շեղվելու ունակությունը եւ մահացությունը որոշելու նպատակով:
Աշխատության հեղինակները պարզել են, որ մյուս շտամների համեմատությամբ, «վարակվելու դեպքում յոտա-տեսակը մահացության գործակիցը 46 տոկոսով մեծացնում է 45-64 տարեկան անձանց մոտ, 82 տոկոսով՝ 65-74 տարեկան անձանց, 62 տոկոսով 75-ից բարձր տարիքի անձանց համար:
Բացի այդ, մասնագետների գնահատմամբ, B. 1.526 շտամի փոխանցման արագությունը 15-25 տոկոսով ավելի բարձր է եղել, քան ավելի վաղ շրջանառված շտամներինը: «Կորոնավիրուսի յոտա-շտամն առաջին անգամ հայտնաբերել են Նյու Յորքում 2020 թվականի նոյեմբերին, ավելի ուշ այն տարածվել էամբողջ ԱՄՆ-ում, հետագայում այն հայտնաբերել են աշխարհի եւս 27 երկրներում: Ըստ գիտնականների տվյալների, «յոտա»-ն Նյու Յորքում գերակշռող շտամ է եղել 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի մարտ ընկած ժամանակաշրջանում, ավելի վարակիչ B. 1.1.7 (ալֆա) տարբերակի հայտնվելով՝ B. 1.526-ի տարածվածությունն աստիճանաբար նվազել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտին «յոտա»-ն ընդգրկել է այն շտամների ցուցակում, որոնք «հետաքրքրություն են ներկայացնում»: «Մտահոգություն առաջացնող» շտամների ցուցակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներառել է չորս տարբերակ. «ալֆա»-ն (բրիտանական), «բետա»-ն (հարավաֆրիկյան), «Գամմա»-ն (բրազիլական) եւ «դելտա»-ն (հնդկական), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: