«Թուրքիան սրանից ավել փախստականների բեռ չի կարող տանել». Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Չելիքի՝ «Թուրքիան ընդունում է մահվանից փախչողներին, սակայն դա չի նշանակում, որ այդ երկրիը փախստականների տարանցման գոտի է կամ էլ փախստականների ճամբար է, ինչպես ոմանք փորձում են ցույց տալ»:
Չելիքը նշել է, որ որևէ մեկին թույլ չեն տա չարաշահել այս թեման ու ավելացրել. «Սրանից ավել փախստականների բեռ Թուրքիան չի էլ կարող տանել»:
Նշենք, որ ԱՄՆ-ի ու դաշնակիցների զորքերի դուրս բերման որոշման ու Աֆղանստանում թալիբների ռազմական ու քաղաքական ազդեցության կտրուկ աճի ֆոնին մեծացել է այդ երկրից արտագաղթողների թիվը: Աֆղանստանից դուրս եկող փախստականների խմբերն անցնում են Պակիստան, ապա Իրան կամ միանգամից մտնում են Իրան, որտեղից էլ ցամաքային ճանապարհով հասնում են թուրք-իրանական սահմանի Վանի կամ Բայազետի հատված: Այստեղից խմբերով սահմանը հատող փախստականները ձգտում են հասնել Թուրքիայի արևմտյան զարգացած շրջաններ, հատկապես Ստամբուլ՝ այնտեղ աշխատանք գտնելու կամ դեպի Եվրոպա ճանապարհը շարունակելու նպատակով:
Թուրքիայի սահմանն ապօրինի հատած բազմաթիվ փախստականներ, սակայն, ձերբակալվում են Թուրքիայի ոստիկանության կամ սահմանապահների կողմից: