«Փաշինյանը հստակ մանիպուլյացնում է, որպեսզի հետագայում ադրբեջանանպաստ թեզի իրականացումը ներկայացնի՝ որպես լրջագույն հաղթանակ». Արթուր Համբարձումյան

ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի 9-րդ կետն ադրբեջանանպաստ կետ է, որովհետև Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները պետք է կապվեն Նախիջևանի հետ:

«Բայց երեկ Փաշինյանը, տեսեք՝ ինչ մանիպուլյացիա է անում. Ինքը ուզում է ժողովրդին ներարկի՝ իբր թե կոմունիկացիաների բացումը հայանպաստ կետ է, և դրան դեմ է Ալիևը: Ալիևը 8 ամիս է՝ գոռում է, որ այդ 9-րդ կետը պետք է կատարվի, և, որ եթե Հայաստանը չկատարի, իրենք ուժով դա կկատարեն: Սա ուզում են ներքին լսարանին, այսինքն՝ իր զոմբիներին, ներկայացնել, թե իբր Ալիևը ընդդիմանում է, որպեսզի հետագայում այս կետը ամբողջությամբ կատարվի, և ինքը դա ներկայացնի՝ որպես հերթական հաղթանակ: Դա պարտություն է, բայց ներսում կներկայացնի՝ որպես հերթական հաղթանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արթուր Համբարձումյանը նկատեց՝ եթե Ադրբեջանով դեպի Ռուսաստան ճանապարհ էր պետք Հայաստանին, ապա ինչո՞ւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում նման բան չի եղել.

«Մեր արտաքին քաղաքական օրակարգում եղել է միայն Հայաստանի արևմտյան սահմանների բացումը: Սա ինչ-որ նոր բան է: Այսինքն՝ Փաշինյանը հստակ մանիպուլյացնում է, խաբում է, որպեսզի հետագայում ադրբեջանանպաստ թեզի իրականացումը ներկայացնի՝ որպես լրջագույն հաղթանակ: Ահա իր ասածի ողջ մոտիվը»:

Անդրադառնալով հայհոյանքը քրեականացնելու իշխանության նախաձեռնությանը, նա նշեց, որ սովորաբար, եթե մարդուն հայհոյում են, ապա դա անում են մարդու արած գործերի համար, կամ այն գործերի համար, որոնք մարդը չի արել, բայց իրեն վերագրում են. «Երբ դու այդ գործերը չես արել, և քեզ վերագրում են, այդ հայհոյանքը անպատասխանատու է և հասնում է հայհոյողի հորը, մորը և հայհոյողին: Բայց այստեղ այլ հարց կա՝ երբ դու իրականացնում ես որոշակի գործողություններ, որի համար քեզ հայհոյում են: Հիմա ուզում եմ Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ասել, որ եթե իրենք ուզում են, որ իրենց չհայհոյեն, ուրեմն՝ չպետք է անեն այնպիսի գործողություններ, այնպիսի խոսքեր չպետք է ասեն, որի համար իրենց հասնում է հայհոյանք»:

Արթուր Համբարձումյանի խոսքով՝ հասարակության ատելությունը սերմանել են ներկայիս իշխանությունները՝ իրենց գործողություններով, իրենց հռետորաբանությամբ, իրենց պահվածքով. «Մենք հիմա իրար հետ զրուցում ենք. Եթե ես Ձեզ վատ բան ասեմ, գուցե Դուք ինձ հայհոյեք: Այսինքն՝ եթե ես ուզում եմ, որ հայհոյանք չլինի, ես ինքս չպետք է հարուցեմ գործողություններ և խոսքերի շարք, որի պատճառով ինձ հասնում է հայհոյանք»:

Նախաձեռնության նպատակը, ըստ նրա՝ այն է, որ փորձեն լռեցնել այն հոծ բազմությանը, որոնք կառավարության գործողություններին հակադարձում են հայհոյանքով.

«Այս նախագիծը չի աշխատելու: Ես կողմ եմ, որ հայհոյանք չլինի, և եթե իրենք ուզում են, որ հայհոյանքը ՀՀ ներհասարակական կյանքում պակասի, ուրեմն՝ կրկնում եմ՝ յուրաքանչյուրը պետք է չանի այնպիսի գործողություն, որի համար իրեն հասնում է հայհոյանք»:

Տեսանյութեր

Լրահոս