ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար. Փաշինյան

Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական Միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է:

Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով ինսիտուտոցիոնալ բարեփոխումների իրականացումը, օրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը»,- ընդգծեց Փաշինյանը:Այս համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշատակեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը:

«Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը և վերջինիս ուժի մեջ մտնելը կարևորագույն իրադարձություն է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում»,- հավելեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է նաև Արևելյան գործընկերության ծրագիրը, որը Եվրամիության հետ հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է, և Հայաստանի կառավարությունը լրջորեն նախապատրաստվում է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հույս ունենալով, որ այն կլինի արդյունավետ:

Տեսանյութեր

Լրահոս