Կառավարությունը պատրաստվում է պատժել անհնազանդներին. քաղաքական վրեժ՝ տնտեսական հողի վրա

Կառավարությունը որոշել է պետտուրք կիրառել պղնձի, մոլիբդենի և ֆերոմոլիբդենի արտահանման վրա։ Երրորդ երկրներ արտահանելու պարագայում՝ նախատեսվում է այդ ապրանքներից լրացուցիչ հարկ գանձել։

Օրենսդրական առաջարկությունը, որը ներկայացվել է պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ձևով, կառավարությունը համարել է հրատապ։ Բայց մինչև կիրառության հասնելը, նախաձեռնությունը դեռ պետք է անցնի Ազգային ժողովով և օրենքի տեսք ստանա։

Իշխող քաղաքական ուժը արտահերթ նիստ է հրավիրել։ Հավանաբար այդ նիստում կներառվի նաև հիշյալ փոփոխությունը։ Կառավարությունը շտապում է այս խորհրդարանում վավերացնել իր առաջարկությունը։

Մինչ այդ, մի բան ակնհայտ է՝ պղնձի և հանքահումքային մյուս ապրանքների արտահանումը հարկելու կառավարության այս որոշումը թելադրված է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական իրողություններից։

Սա քաղաքական վրեժ է՝ տնտեսական հողի վրա։ Այդ են վկայում նաև փաստարկները, որոնք ներկայացվել են արտահանման պետտուրքի կիրառումն արդարացնելու համար։

Ըստ կառավարության հիմնավորումների, վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Սկսած 2020թ. ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի կայուն բարձր գին։ Ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենի դեպքում բարձր գները պահպանվում են՝ սկսած 2018 թվականի ապրիլից։

Ելնելով սրանից՝ կառավարությունը որոշել է լրացուցիչ հարկ կիրառել այդ ապրանքների արտահանման վրա։

Ամբողջ հարցը նրանում է, թե ինչո՞ւ հենց հիմա առաջացավ այդ խնդիրը, այն էլ՝ հրատապ կարգով։ Չէ՞ որ, ինչպես կառավարությունն է խոստովանում՝ սկսած 2020թ. ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի կայուն բարձր գին։ Մոլիբդենի դեպքում բարձր գները շատ ավելի վաղ են ձևավորվել՝ սկսած 2018թ.։ Ու միայն հիմա է կառավարությունը հիշել, որ դրանց արտահանման վրա կարելի է պետտուրք կիրառել։

Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չէր կիրառում։ Չէ՞ որ, այն օգուտները, որոնք, ըստ ներկայացված նախաձեռնության, ակնկալվում է ստանալ, հիմա վաղուց էին ստացվել, ու հավանաբար նաև այսքան բյուջետային պարտքեր ներգրավելու անհրաժեշտություն էլ չլիներ։

Բայց կառավարությունը դա չի արել։ Թե ինչո՞ւ, պարզ է։ Պարզ է նաև, թե ինչո՞ւ են որոշել հիմա անել։

Դրանով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատժել ընդդիմադիրներին։ Այդ մասին նա հայտարարել էր դեռևս ընտրություններից առաջ։ Հայտարարել էր ու հիմա որոշել է գործի անցնել։

«Դուք կարմիր գիծն արդեն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպիսի սպառնալիք էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հասցեին։  Չբավարարվել դրանով՝ նա ավելի հեռուն գնացող և վտանգավոր հայտարարություն արեց՝ «Տեղական օլիգարխները, որոնք փայ ունեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը»:

Ահա այս սպառնալիքներին էլ հետևեց կառավարության նախաձեռնությունը՝ պղնձի և հարակից այլ հումքերի արտահանման վրա պետտուրք կիրառելու տեսքով։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի կոմբինատը համակարգի ամենախոշոր ընկերությունն է։

Մինչև այժմ Հայաստանում, որպես այդպիսին, արտահանման տուրք չէր կիրառվել։ Ոչ միայն պղնձի և մյուս ապրանքների նկատմամբ, այլև ընդհանրապես։ Հիմա կառավարությունը որոշել է կիրառել՝ հաշվի չառնելով անգամ այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրա հետևանքով։

Իսկ որ այդպիսի ռիսկերը կան, միանշանակ է։ Միայն թե դրանք Նիկոլ Փաշինյանին, ինչպես սովորաբար, քիչ են հետաքրքրում։ Նա մտադրվել է պատժել ընդդմացողներին, և կապ չունի, թե դրա հետևանքով ինչպիսի կորուստների կարող են կրել հանքարդյունաբերությունն ու ընդհանրապես տնտեսությունը։ Բազմիցս համոզվել ենք, որ նման «մանրուքները» ոչինչ են Նիկոլ Փաշինյանի համար։ Իր նպատակին հասնելու համար՝ նա պատրաստ է անցնել ամեն ինչի վրայով։ Ոչ մի նշանակություն չունի, որ այսօր Հայաստանի տնտեսությունը, արտահանումը, ինչպես նաև պետական գանձարանը լուրջ կախվածություն ունեն պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունից ու արտահանումից։ Եթե արդյունաբերության հատվածում դեռ մի փոքր աճ կա, այն պայմանավորված է գերազանցապես տնտեսության այս ճյուղում տեղի ունեցող զարգացումներով։

Ռիսկերը, որոնք կառաջանան արտահանման տուքի կիրառումից՝ կարող են արտահայտվել տարբեր կերպ։ Որոշման ընդունումից առաջ այդ մասին կառավարությանը զգուշացրեց նաև փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Նպատակների հետ կապված՝ ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում»,- հայտարարեց նա։

Իհարկե, կառավարությունը որոշեց անտեսել այդ ռիսկերը, քանի որ այդպես է ցանկանում Նիկոլ Փաշինյանը։

Պղնձի և հարակից մետաղների վրա արտահանման տուրք կիրառելը կառավարությունը համարում է հրատապ, բայց ժամանակավոր լուծում։ Չնայած ունեցել է բավարար ժամանակ՝ այն մասնագիտական շրջանակների հետ քննարկելու ու համալիր լուծում տալու համար։ Ժամանակին ոչիչն չի արել, քանի որ չեն եղել քաղաքական դրդապատճառներ, հիմա որոշել է հանկարծակիի բերել ոլորտում գործող ընկերություններին։

Եթե նույնիսկ համարենք, որ կառավարության նախաձեռնությունն արդարացված է, միայն սա բավարար է այն մերժելու համար։ Ի վերջո, գործ ունենք ներդրողների, այն էլ՝ խոշոր ներդրողների հետ։ Խաղի կանոնների այսպես հանկարծակի փոփոխելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաների արդյունքում ծնված այսպիսի որոշումներն են, որ խոչընդոտում են Հայաստանում ներդրումների իրականացմանը։

Ռիսկերը, որոնք կարող են լինել այս նախաձեռնության արդյունքում, կապված են՝ ինչպես արտադրության, այնպես էլ՝ արտահանման շղթայի հետ։ Դա կարող է բերել մի կողմից՝ արտադրության ծավալների կրճատման, մյուս կողմից՝ ֆինանսական ակնկալիքների չարդարացման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս