«Թող ինձ հետ չխոսեն շանտաժի լեզվով. ես 68 տարեկան եմ և երբեք ուրիշի կառուցածը չեմ քանդել». Արտավազդ Սահակյան
«Հերացի» համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վերջին օրերին համացանցում տարածված տեղեկություններին ու մեկնաբանություններին, որոնք վերաբերում էին իրեն կլինիկայից հեռացնելուն և հիվանդներին այլ հիվանդանոց տեղափոխելուն: Ներկայացրել է որոշ պարզաբանումներ, հստակեցրել տարածված անճշտությունները.
«Նախ ասեմ ձեզ, որ ես աշխատանքից չեմ հեռացվել, ոչ էլ եղել է նման պահանջ։ Պահանջ եղել է միայն ռեկտորի կողմից, սկսած 2017 թվականից, երբ նա նշանակվեց ռեկտոր՝ լքել այս տարածքը, տեղափոխվել որևէ այլ տեղ, որին ես ընդդիմացել եմ, քանզի իր ռեկտոր նշանակվելուց առաջ ես և իմ բժիշկները, ինչպես նաև անձնական կապերի շնորհիվ, հիմնովին վերանորոգեցինք այս տարածքը, երկու հարկ, բոլոր ծախսերը իմ և իմ բժիշկների կողմից է։ Բժշկական համալսարանը մեզ որևէ հարցում, ինչպես միշտ, չի օգնել, բացառությամբ Գոհար Քալյանից։ Այս ընթացքում պարբերաբար այս պահանջն ինձ դրվել է, և կարծում եմ՝ այն բացարձակապես անհիմն է։ Ես երբեք չեմ ուզում շահարկել ու ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանքեր եմ փրկել և այլն, իմ անցյալը բոլորդ գիտեք, խնդրում եմ, որ ընդդիմադիր կողմն էլ չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի սպառնա կամ ինչ-որ բաներ նախազգուշացնի։ Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ և ապահովել իմ կողմից ղեկավարած մարդկանց անվտանգությունը և աշխատունակությունը»,- իր խոսքում ասաց Արտավազդ Սահակյանը։
Ըստ նրա, պատերազմի ավարտից հետո, հունվարի 7-ին, երբ լրացել էր եղբոր մահվան 7-րդ օրը, նրան այցելել է ռեկտորի ներկայացուցիչը՝ պահանջելով, որպեսզի ազատի բաժանմունքը։ Ինչին ի պատասխան՝ ինքը զգուշացրել է, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն և դեռ բուժվում են այդ բաժանմունքում, հետևաբար՝ չի կարող ազատել այն։ Դրանից հետո ասել են, որ իբր վերանորոգում պետք է անեն, որից հետո կստեղծեն նոր միկրովիրաբուժության բաժանմունք։
«Պատկերացրեք՝ ես բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ եմ և բացարձակապես մտադրություն չունեմ որևէ այլ մասնավոր հիմնարկ տեղափոխվել, իմ ռեկտորը փոխանակ իմ շահերը պաշտպանի, նա պահանջում է, որ ես դուրս գամ այստեղից։ Մենք պատերազմի տարիներին հսկայական աշխատանք կատարեցինք, և դա մեր պարտքն է ու այսօր էլ ամեն րոպե կարող է հրդեհ բորբոքվել Սյունիքում, Տավուշում ու այլուր, և այդ պայմաններում ինձանից պահանջում են հեռանալ այս շենքից, հաշվի առնելով Կառավարության որոշումը, որն ընդունվել է՝ առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու։ Վստահ եմ, որ ռեկտորատում շատ մարդիկ համակարծիք են ինձ հետ, ուղղակի զգուշավորությունից ելնելով՝ լռում են, քանզի օտարվում է համլասարանական ևս մեկ տարածք»,- հավելեց Ա. Սահակյանը։
Նա ընդգծեց, որ հոգնելով այս քաշքշուկից և հասկանալով, որ գործ ունի մի անձնավորության հետ, որն ուղղակի ուզում է, որ իրենք չլինեն, ռեկտորին բացատրել է, որ հոգնել է արդեն։
«Ունենք 65-66 աշխատող, Միքայելյան հիվանդանոցում ինձ միայն 2 սենյակ են առաջարկել, որոնք առանձին ստորաբաժանում չեն ունենա, և աշխատակիցներին չեմ կարողանալու այնտեղ տեղավորել։ Ես հակված չեմ պահանջելու այն հստակ ծախսերը, որոնք ես կատարել եմ, աբողջ բեռի 90 տոկոսը կրել եմ ես ու իմ ընկերները, ես այն ի սրտե նվիրել եմ համալսարանին, որպեսզի մեր հիվանդները լինեն բարեկեցիկ պայմաններում։ Այժմ էլ ես փնտրտուքի մեջ եմ և որևէ տեղ ես չեմ գտնում, որը կարող է բավարարել մեր պահանջներին, որտեղ չի խաթարվի ուսուցման և բուժական պրոցեսը։ Կամ՝ ո՞վ է իրենց իրավունք տվել խաղալու ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ, այսինքն՝ գրիչի մի հատվածով պրոռեկտորը կարող է կա՛մ տարաբաժանել, կա՛մ տարրալուծել, կա՛մ այստեղից այնտեղ տեղափոխել իր վերադասի հրահանգով»,- շեշտեց միկրովիաբույժը։
Միաժամանակ Արտավազդ Սահակյանն ընդգծեց, որ սա բացարձակապես քաղաքական խնդիր չէ, միշտ հարգել է և՛ իշխանություններին, և՛ ընտրությունները։ Կարող է շատ բաների հետ համակարծիք չլինել, սակայն լուռ ու մունջ կատարել է իր պարտականությունները։
«Կառավարության այս որոշումն ընդունվել է ոչ արդարացի, որևէ մեկը չի խորացել, ժամանակին միայն Արսեն Թորոսյանն էր այս հարցերում խորանում, նա էլ երևի դադարեց։ Ես այստեղ չեմ տեսնում որևէ քաղաքական խնդիր, այստեղ զուտ աշխատանքային խնդիր է, որ եթե այդքան շատ են ուզում մեզ վտարեն և դրանից երջանիկ կլինեն, ապա նույն պայմաններում պետք է ապահովեն իմ աշխատողներին։ Թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով կամ սպառնալից, ես արդեն 68 տարեկան եմ և այսքան տարիների ընթացքում որևէ մեկի կառուցածը չեմ քանդել։ Չէի ուզենա այսքան մանրանալ, բայց ինձ ստիպում են սրան գնալ, մենք պետք է փորձենք պաշտպանել մեր իրավունքները, մեր գոյատևման, ապահովման խնդիրները կլուծենք արդարության և օրենքի սահմաններում։ Ես հիմա էլ իմ ղեկավարությանը վերաբերվում եմ՝ որպես ղեկավարություն, և որևէ չարիք որևէ մեկին չեմ ցանկանում, բայց պետք է հասկանալ այս երեխաների վիճակը, հասկանալ մեր վիճակը, երբեք չեմ զբաղվել շոուներով, լուրջ, խոնարհ եզի նման կատարել եմ աշխատանքը։ Իմ սիրելի վիրավոր երիտասարդ երեխաներ, շատ եմ ցավում, որ ոչ բոլորին կարողացանք օգնել»,- եզրափակեց Արտավազդ Սահակյանը։