Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գնալ գործարքի, այլապես սպառնում է միացնել պետության թափանիվը

Ընտրությունների հաջորդ օրը հրավիրված հանրահավաքում՝ համարելով, որ այլևս ունի պողպատե մանդատ, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերերին անհապաղ սկսել բանակցություններ՝ «գողացածը» վերադարձնելու համար, այլապես կգործի պետության թափանիվը։

«Կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունն այլ կերպ, քան պետության ղեկավարի կողմից սեփականատերերին ուղղված ուղղակի սպառնալիք, դժվար է համարել է։ Այն նաև գործարք պարտադրելու առաջարկ է, որը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում։

Բանակցությունների միջոցով այդ ինչպե՞ս և ո՞վ է որոշելու, թե ինչ ծավալի ապօրինության մասին է խոսքը, որը պետք է վերադարձվի։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ բանակցությունների արդյունքում չեն լինի կոռուպցիոն պայմանավորվածություններ։

Այս ընթացքում էլ որոշակի միջոցներ վերադարձվել են պետությանը։ Բայց ո՞վ կարող է ասել, որ դա այն էր, ինչ պիտի վերադարձվեր։ Կամ արդյո՞ք վերադարձված միջոցները իսկապես գնացել են այնտեղ, որտեղ պիտի գնային։

Չնայած իշխանափոխությունից հետո բազմիցս թվեր են հնչեցվել գողացված միջոցները վերադարձնելու վերաբերյալ, այնուհանդերձ դրանք պետական բյուջեում չեն երևացել։ Մինչդեռ խոսքը երբեմն բավական խոշոր գումարների մասին էր։ Հիշենք թեկուզ Սաշիկի 30 մլն դոլարը։

Եթե պիտի նման հարցերը լուծվեն փակ բանակցությունների միջոցով, ինչի՞ համար էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որը լուրջ հարված հասցրեց երկրի ներդրումային միջավայրին։ Այսօր էլ շարունակում է հասցնել։ Նման մոտեցումը, որքան էլ գուցե բարի ցանկություններ է պարունակում, չի կարող բացասաբար չանդրադառնալ ներդրողների վարքագծի վրա։ Ոչ մի խելքը գլխին ներդրող չի գա այնտեղ, որտեղ սեփականատիրոջը սպառնում են ճզմել պետական թափանիվի տակ, եթե ինքնակամ չգնա գործարքի։

Սա ոչ այլ ինչ է, քան առանց դատ ու դատաստանի՝ մարդու սեփականությունը խլելու փորձ։

Այսպիսի մոտեցումն աշխատում է միայն ի վնաս պետության։ Դրա հետևանքները վերջին 3 տարիներին մենք տեսնում ենք ներդրումների վրա։ Չնայած Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանում բիզնեսի համար դրախտային պայմանների գոյության մասին, տեսնում ենք, թե ինչպես են ներդրողները հեռանում ու տանում են իրենց միջոցները։ Երեք տարում Հայաստանում որևէ խոշոր ներդրումային ծրագիր չի իրականացվել։ Իսկ օտարերկրյա կապիտալի հոսքերը տարեցտարի կրճատվում են։ Հիմա հասել են նվազագույնի։

Քանի դեռ շարունակելու ենք առաջնորդվել նույն մոտեցումներով, առաջիկայում ևս չպետք է ներդրումներ սպասել։ Չի կարող այնպես լինել, որ մի կողմից՝ ճնշում ենք սեփականատերերին, ապօրինի գույքի անվան տակ բռնագանձում ենք նրա ունեցվածքը, մյուս կողմից՝ ակնկալում ենք, որ պետք է ներդրումներ լինեն։

Սա վտանգավոր մոտեցում է ոչ միայն՝ պետության, այլև՝ տնտեսության համար։ Ծայահեղ դեպքում դա գոնե պիտի արվի իրավական դաշտում։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը գործողության մեջ է, բայց առաջարկում են հարցերը լուծել փակ սենյակներում վարվող բանակցությունների միջոցով, որից դժվար է լավ բան սպասել։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու պետության համար։ Դրանում արդեն համոզվել ենք։

Երեք տարի շարունակ կառավարությունը չի կարողանում լուծել նման մի գույքի ճակատագիր։ Խոսքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մասին է, որը, ըստ էության, այդպիսի գաղտնի բանակցությունների արդյունքում «ինքնակամ նվիրաբերվեց» պետությանը։

Պետությունը ստացավ այդ գույքը ու ընկավ կրակը։ Երկուսուկես տարի է, չի կարողանում ոչ միայն ազատվել դրանից, այլ նորմալ կառավարել։ Երկու թե երեք անգամ գույքը դրվեց աճուրդի, բայց այդպես էլ ոչ մի գնորդ չգտնվեց։ Նույնիսկ որևէ հայտ չներկայացվեց՝ աճուրդին մասնակցելու համար։

Այսօր էլ այդ գույքը գտնվում է անհասկանալի վիճակում՝ ո՛չ վաճառվում է, և ո՛չ էլ աշխատում։ Մնացել է անտեր-անտիրական։ Մի պահ այնտեղ տեղավորեցին կորոնավիրուսով վարակվածներին։ Հիմա այդպիսի անհրաժեշտությունն էլ չկա։

Գույքը չի աշխատում, մի բան էլ վնասներ է բերում պետությանը։ Քիչ միջոցներ չեն ծախսվում պետության գրպանից՝ դրա պահպանության համար։

Այնինչ՝ այն կարող էր աշխատել և ոչ միայն աշխատատեղեր ու տնտեսական արդյունքներ ապահովել, այլև հարկերի գեներացման տեսքով՝ օգուտներ բերել պետական բյուջեի համար։ Բայց ստացվել է այնպես, որ ո՛չ մեկը կա, և ո՛չ էլ մյուսը։ Աշխատող գույքը մատնվել է անգործության ու դեռ ֆինանսական կորուստներ է պատճառում պետությանը։

Թե սա ո՞ւմ է ձեռնտու, բացի որոշ մարդկանց անձնական ամբիցիաները սպասարկելուց, դժվար է հասկանալ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Սա դեռ մի օրինակ է։ Վաղը, երբ սկսի կիրառվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, օրինակները շատ են լինելու։ Բռնագանձելու են գույքը ու ընկնեն կրակը։

Այդպիսի գույքի համար դժվար է լինելու գնորդ գտնել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը այդ գույք ձեռք բերողը կարող է խնդիրներ ունենալ նախկին սեփականատիրոջ հետ։ Ինչո՞ւ չէ, կարող է կանգնել նաև այն հետ վերադարձնելու խնդրի առաջ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի մեխանիզմների կիրառմամբ է իշխանությունը մտադիր իրականացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։ Փոխարենը՝ պետությունն ինքը ապացուցի, որ գույքն ապօրինի է, սեփականատիրոջ վրա է դրված դրա օրինականությունը հիմնավորելու պահանջը։ Մի բան, ինչը հեշտ չի լինելու անել, եթե նույնիսկ այդ գույքը որևէ առնչություն չունի ապօրինության հետ։ Իսկ դա հետագայում բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու։

Այսպիսի մոտեցումներով մի կողմից՝ վտանգելու ենք սեփականության իրավունքը, մյուս կողմից՝ ոչինչ չի շահելու նաև պետությունը, բացի այն, որ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր միավոր չաշխատող գույքային բեռ է վերցնելու։

Սա, իհարկե, չի նշանակում, թե պետությունից գողացվածը չպետք է վերադարձվի։ Այդ առումով երկու կարծիք լինել չի կարող։ Բայց դա պետք է արվի չափազանց զգուշ՝ չվտանգելու ինչպես սեփականության իրավունքը, այնպես էլ՝ չբախվելու այդ իրավունքից բխող ծանր հետևանքների հետ։ Ցավոք, այն ուղին, որն ընտրվել է՝ տանում է հենց դրան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս