«Այսօր ծնկաչոք ենք թշնամու առաջ, շատ անպատիվ վիճակում ենք. պետք է վերականգնել արժանապատվությունը». Կարինե Նալչաջյան
Հոգեբան Կարինե Նալչաջյանը համոզված է, որ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կոպիտ միջամտություն է եղել, և ընտրությունների ներկայացված արդյունքները, ըստ նրա՝ չեն արտացոլում իրականությունը:
«Իմ այս համոզմունքը նաև հիմնված է այն իրողության վրա, որ ինքս՝ լինելով կուսակցության ներկայացուցիչ, հնարավորություն եմ ունեցել ՀՀ տարբեր մասերում շփվել մարդկանց հետ, հասկանալ տրամադրությունները, պատկերացում կազմել կարծիքների մասին, և բնավ չունեմ այն տպավորությունը, որ նիկոլապաշտների մեծ քանակություն կար: Ընդհակառակը՝ նրանք շատ քիչ էին: Բայց շատ էին մարդիկ, որոնք միջին դիրք էին գրավում: Մենք շատ լավ գիտենք, որ այս ընտրությունները երկու ուժի ուղղությամբ էին բևեռացված. Այն մարդիկ, ովքեր ունեն իրենց կայունացած կարծիքները, մի մասը դեպի Նիկոլ գնացողներն էին, որոնք ակնհայտ փոքրամասնություն էին, և մարդիկ, ովքեր ունեին վերջնական որոշում և գնում էին դեպի քոչարյանական թևը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը միջին դիրք էր գրավում:
Հոգեբանի խոսքով՝ հեղափոխությունը մարդկանց գիտակցության մեջ շատ բան փոխեց. «Երեք տարին քիչ ժամանակ չէր, և կյանքը ցույց տվեց, որ կատարվում է այն ամենի հակառակը, ինչին մարդիկ սպասում էին: Մարդիկ հասկացան, որ՝ չէ՛, Նիկոլը իրենց հույսերը, մեղմ ասած, չի արդարացրել, այնտեղ կա խաբեություն, և նրան կրկին հավատալն ու վստահելը սխալ է: Բայց քանի որ մարդկանց կարծիքները, դիրքորոշումները բավականին կայունություն ունեն, մարդիկ հասկանում են, որ Փաշինյան ընտրել ուղղակի չի կարելի, դա մեծ վտանգներ և սպառնալիքներ ունի իր մեջ, բայց դեռ չեն կարողանում ազատվել այն թույնից, որը տարիներ շարունակ ներարկվել է մարդկանց մեջ, և այդ «նախկին» պիտակի տակ շարունակում է քարացած ձևով մնալ մարդկանց գիտակցության մեջ: Թեև, երբ նայում ենք փաստերին, փաստերն ասում են, որ, այսպես թե այնպես, նախկինների ժամանակ գոնե մեր անվտանգությունն ապահովված է եղել: Մարդիկ դուրս են եկել մի ափից և մյուս ափը չեն հասնում, դեգերում են: Ցածր մասնակցությունը դրանով էր պայմանավորված»:
Կարինե Նալչաջյանն ընդգծեց՝ չի կարելի անտեսել նաև վախի մթնոլորտը. «Մարդիկ վախեցած էին, մանավանդ՝ փոքր համայնքներում մարդիկ վախենում էին իշխանությունների նկատմամբ իրենց կտրուկ դիրքրոշումն արտահայտել: Փոքր համայնքն իր յուրահատկություններն ունի՝ մարդիկ իրար ճանաչում են, հեշտ է գլխի ընկնել՝ ով է դեմ քվեարկել, ով է կողմ քվեարկել, և վախը շատ լուրջ մոտիվատոր է: Վախի ազդեցության տակ մարդը կարող է այնպիսի քայլ անել, որ իր սկզբունքների, արժեքների դեմ է: Սա մարդկային է, ես նույնիսկ չեմ ուզում մեղադրել մարդկանց: Բայց այն արդյունքները, որոնք մեզ ներկայացվում են՝ որպես իրականություն, ես կարծում եմ՝ հայ մարդը չի կարող զանգվածաբար այդպիսին լինել: Իհարկե, այն փոքր շերտը, որ դեռ շարունակում է փակ աչքերով անհասկանալի ինչ-որ բաների հավատալ, ում չցնցեց պատերազմը, զոհերը, կորուստները, հայրենիքի զգացողության մասին չեմ ասում, սա արդեն առանձին, յուրահատուկ շերտ է: Այս շերտի հետ աշխատելու համար յուրահատուկ մոտեցումներ են պետք և երկար ժամանակ: Բայց ես շատ ցավում եմ, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր սթափված են, այդ վտանգի զգացողությունն ունեն, հասկանում են, որ ավելի վտանգավոր բաներ են առաջիկայում լինելու, չկարողացան կողմնորոշվել և իրենց դիրքորոշումը հիմնականում արտահայտեցին ընտրությունների չմասնակցելով, որը ուղղակի շատ լուրջ հարված էր այս պրոցեսին»:
Հոգեբանի գնահատմամբ՝ վերջին տարիներին սերմանված ատելությունը հնարավոր է վերացնել. «Առհասարակ, հասարակական մակարդակում ախտաբանական զարգացումները, հասարակական խմբային նևրոտիկ պրոցեսները շատ ավելի հեշտ են շտկվում, քան անհատական մակարդակով: Եթե կտրուկ փոխվում է իրադրությունը, օրինակ՝ իշխանական լծակներն անցնում են այնպիսի մարդկանց ձեռք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, կոնստրուկտիվ են տրամադրված, ուզում են ավերակներից ոտքի կանգնել, զարգանալ, ուժեղանալ, հասարակական տրամադրությունները միանգամից փոխվում են, եղբայրական են դառնում: Եթե վերևում իսկապես դրական վերաբերմունք կա, չկա խաբեություն, չկա խարդավանք, ազնիվ մղումներ կան՝ իրադրությունը դեպի լավը փոխելու, հասարակական տրամադրությունները միանգամից կարելի է փոխել: Մեր ամենաուժեղ կողմերից մեկը մոնոէթնիկ լինելն է. մենք հարազատներ ենք, արյունակիցներ ենք, իրար չենք ատում, եթե օտար երկրում պատահական հայ ես տեսնում, ասում ես՝ հայ է, հարազատ բան կա, որ ձգում է, այսինքն՝ մեր մեջ խորքային իրար նկատմամբ ատելությունը դրված չէ, ուղղակի ատելությունը ներարկվեց վերևից: Եթե այդ ներարկողները չլինեն, մենք կտեսնենք, որ հնարավոր է բավականին արագ մեր ժողովրդին նորից ի մի բերել»:
Նա հավելեց. «Մենք այսօր ծնկաչոք ենք թշնամու առաջ, շատ անպատիվ վիճակում ենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ են լինելու: Ուղղակի պետք է վերականգնել արժանապատվությունը, պետք է արժեքները վերագնահատել: Այն աղետը, որը մեզ հետ տեղի ունեցավ, դրա պատճառն այն էր, որ սկսեցինք դավաճանել մեր արժեքներին, թույլ տվեցինք, որպեսզի մեր գեղագիտական մակարդակը իջնեցնեն: Թույլ տվեցինք, որպեսզի մեր կրթական մակարդակը իջեցնեն, և կամաց-կամաց եկանք-հասանք այս օրվան: Բանակի նկատմամբ էն ի՜նչ հարձակումներ էին, սպաներին վիրավորում էին, վարկաբեկում: Մենք սա թույլ ենք տվել: Եկեղեցու նկատմամբ էլ ենք թույլ տվել ոտնձգություններ և մենք ճաշակում ենք շատ դառը պտուղները: Պետք է այս ամենը վերականգնել: Սա թող վերացական չթվա: Մենք կորցրել ենք մեր արժեքները, պետք է դրանք վերագտնել, սա շատ կարևոր բան է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում