Այլընտրանքի ինքնաչեզոքացման քայլը
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների նախօրյակին քաղաքական դաշտի ամայացման միտող երևույթները վերլուծման և որոշակի կանխատեսումների ընդհանուր համապատկեր են ուրվագծում։ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած հայտարարությունը` նախագահական ընտրություններին չառաջադրվելու իբրև թեկնածու և մանավանդ չսատարելու որևէ թեկնածուի նկատվում է շոկային կամ բեկումնային, ըստ հայաստանյան լրատվամիջոցների որոշ վերլուծաբանների. և կամ` «սպասված քայլ» ըստ քաղաքական այլ շրջանակների:
Բայց մինչև Ծառուկյանի կատարած քայլի հետևանքների մասին որոշ պատկերացումներ ունենալու փորձ կատարելը, մտաբերենք այն վարկածը, որ հիմնվում էր ԲՀԿ-ի ոչ ընդդիմադիր հանգամանքի մասին համառ պնդումների կամ ինքնաբնութագրված «այլընտրանքային ուժ» անվանակարգման վրա: Ի վերջո՝ եզրակացնելու համար, որ ԲՀԿ-ն ինքնուրույն որոշում կայացնող կուսակցություն չէ և իբրև այդպիսին ծառայեցվում է ընդդիմադիր դաշտի տիրապետմամբ հօգուտ իշխանության դեր ստանձնելու, ավելի ճիշտ` կառավարելի ընդդիմության վերածվելու:
Ոչ շատ հեռուները գնացող հետադարձ հայացքը կարող է օգտակար լինել ԲՀԿ-ի դերակատարության մասին որոշակի լույս սփռելու ուղղությամբ: ԲՀԿ-ն խորհրդարանական վերջին ընտրություններին չմիացավ ՀՀԿ-ին կամ ավելի քաղաքագիտական եզրով կոալիցիոն միացյալ ընտրացուցակով չմասնակցեց ընտրություններին: Այս քայլը նպաստեց ընտրությունների արդյունքի կանխորոշվածության գործոնը որոշ չափով չեզոքացնելու և դրանով նպաստեց ընտրազանգվածի մասնակցության աստիճանաչափի բարձրացմանը: Միաժամանակ, ԲՀԿ-ն չբողոքարկեց կամ չվիճարկեց ընտրություններին ի գործ դրված մեքենականությունները, վարչական և նյութական լծակների օգտագործման երևույթները և դրանով իբրև երկրորդ կարևորագույն ուժ նպաստեց ընտրությունների օրինականացմանը կամ միջազգային կազմակերպությունների կատարած գնահատականների խմբագրմանը: ԲՀԿ-ի նման եղանակով մասնակցությունը սատարեց խորհրդարանական երևութական բազմակուսակցականության դիմագծի ձևավորման քաղաքականությանը:
Ի՞նչ կստացվի այժմ: Երևութապես այն, որ ԲՀԿ-ն շրջում է այս վարկածները և փոխանցում է ինքնուրույն և այլընտրանքային ուժ լինելու ինքնասահմանումը: Հավանաբար այդ առումով կատարված քայլը որոշակի ընկալելիություն կապահովեր, եթե հայտարարությունը առայժմ բավարարվեր առաջին բաժնով` ԲՀԿ-ի առաջնորդը չառաջադրվեր նախագահական ընտրություններին: Բայց երբ հետևում է երկրորդ բաժինը և Ծառուկյանը բացարձակորեն հաստատում է, որ իր կուսակցությունը չպիտի սատարի որևէ թեկնածուի, այստեղ տեղի կտա տարատեսակ մեկնաբանությունների: Փաստորեն, երբ տակավին չեն հստակեցված ու պաշտոնապես չեն հայտարարված բոլոր թեկնածուները, կանխավ նման հայտարարություն կատարելը մտածել է տալիս ԲՀԿ-ի գործոնի ինքնաչեզոքացման մասին:
Այս քայլը 2017-ի ընտրություններին մասնակցելու պատրաստությամբ բացատրելը այնքան համոզիչ չի թվում և ավելի առնված քայլին հիմնական շարժառիթները մշուշապատելու միտումով կարող է բացատրվել:
Համենայնդեպս քայլը կատարված է հիմա. և ընդդիմադիր դաշտի միացյալ թեկնածուի արդեն իսկ տարակուսելի գոյառումը առավել անտեսանելի է դառնում։
Իրադրությունները ավելի են համոզում, որ թեկնածուի անձի ճշտումից առաջ, հրամայականների, առաջնահերթությունների և հիմնական գաղափարների շուրջ համախմբվելը հնարավորություն կտար ոչ միայն ճամփա հարթել միավորվելու, փոփոխություն բերելու և նոր մեկնարկ ապահովելու, այլ նաև քաղաքական նոր մշակույթ ձևավորելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդի քայլը ևս մեկ անկում է արձանագրում առաջադրված քաղաքական մշակույթի կայացման գործընթացում: Ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեր՝ գործող նախագահին առաջիկա ընտրություններին սատար կանգնելու հանձնառություն ստանձնելով: Այս քայլը նշանակում է նաև, որ պետական բարձրագույն մակարդակների վրա կայացած գրավոր հուշագիր-համաձայնագրերը չունեն վավերականության իմաստ:
Հետագա իրադրությունները կարող են զարգանալ այլազան ուղղություններով: Հայաստանյան լրատվադաշտը կհորդի այս ուղղությամբ կատարվող մեկնաբանություններով: Մինչև իսկ նախատեսվում է, որ գործող իշխանություններն ընտրությունները կեղծեն հօգուտ ընդդիմադիր թեկնածուի՝ փորձելով քաղաքական ամայացումից դուրս բերել դաշտը. և կամ, միանձնյա-միաբևեռ համակարգի դիմագիծը շրջելու մտադրությամբ:
Վստահաբար շատ հարցեր կան պարզելի: Պարզը այն է, որ ԲՀԿ-ն այս քայլով ինքնակամ դուրս կգա խաղադաշտից` ճամփա հարթելով գործող նախագահի հեզասահ վերընտրության:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր