Հարկային մուտքերի մութ կողմերը
Հինգ ամսում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 5,9 տոկոսով։ Ընտրություններից առաջ սա իշխանությունների համար լավ առիթ է հերթական «մեծագույն» ձեռքբերումը ներկայացնելու համար։ Այլ բան՝ դա ձեռքբերո՞ւմ է, թե՞ ոչ։
Հարկային եկամուտներն ավելացել են գրեթե այնքան, որքան գնաճն է։
Գնաճը Հայաստանում անցնում է 6 տոկոսից, ու եթե նույնիսկ ոչինչ չարվեր, հարկային եկամուտները գնաճի հաշվին պիտի ավելանային։ Բայց դա չէ միայն հարկերի ավելացման պատճառը։
Այս տարվա հարկային եկամուտներում ներառված են նաև նախորդ տարվա երկրորդ եռամսյակի շահութահարկի վճարները։ Այն ժամանակ կառավարությունը հետաձգեց դրանց գանձումը։
Անցած տարվա երկրորդ եռամսյակի շահութահարկը հարկատուները վճարել են այս տարվա ապրիլին։ Դրա արդյունքում ապրիլին ունեցանք հարկային եկամուտների արտաքուստ աննախադեպ բարձր ցուցանիշ։ Այն կազմեց 180 մլրդ դրամ, ինչ հիմք տվեց Նիկոլ Փաշինյանին հերթական դարակազմիկ հայտարարությունն անել՝ «Ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար»։
Չնայած այդպիսի «պատմական ռեկորդին», տարեսկզբի 5 ամիսներին բյուջեի հարկային եկամուտների աճը կազմել է ընդամենը 5,9 տոկոս, ներառյալ՝ ինչպես գնաճի, այնպես էլ՝ անցած տարվանից տեղափոխված շահութահարկի ազդեցությունը։ Եթե այս 2 գործոնները չլինեին, դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչպիսի տեսք կունենար հարկային եկամուտների դինամիկան։
Հպարտանալու առիթ չէր լինել, եթե հաշվի չառնենք նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք նպաստել են հարկային եկամուտների ավելացմանը։ Ընդ որում, դրանք կապ չունեն տնտեսական զարգացումների հետ։
Խոսքն առաջին հերթին՝ սոցիալական վճարների մասին է։
Այս տարի ունենք սոցիալական վճարների կտրուկ ավելացում։ Հինգ ամսվա արդյունքները դեռևս հրապարակված չեն, բայց 4 ամսում գրեթե 5 միլիարդ դրամով ավելի շատ սոցիալական վճար է հավաքվել, քան անցած տարվա 5 ամսում։
Աճի գործոնը հանդիսացել է դրոշմանշային վճարների շեմի հարկադիր բարձրացումը, որին բախվեցինք ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո, երբ պարզվեց, որ Զինծառայողների հիմնադրամում բավարար միջոցներ չկան բոլորին փոխհատուցում տրամադրելում համար։
Միայն դրա արդյունքում բյուջեի հարկային մուտքերը 5 ամսում, ըստ էության, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։ Չնայած այս գումարները կապ չունեն բյուջեի հետ, բայց ներառված են բյուջեի հարկային եկամուտներում։
Մյուս ոչ պակաս կարևոր գործոնն էլ կենսաթոշակային ֆոնդերին իրականացվող վճարումներն են, որոնք հունվարի 1-ից՝ նախկին 2,5 տոկոսից՝ դարձել են 3,5 տոկոս։ Մինչ այդ՝ ֆոնդերին վճարում էին՝ աշխատավարձի 2,5, հիմա՝ 3,5 տոկոսը։
Սա աշխատողների աշխատավարձից վճարվող ուղղակի գումար է։ Հարկայինը դրա հավաքման և տնօրինման հետ բացարձակ կապ չունի։ Այդ գումարները գնում նստում են կենսաթոշակային ֆոնդերի հաշիվներին, բայց երևում են նաև հարկային մարմնի հավաքագրումների մեջ։ Ընդամենը այդքանը։
Ինչպես սոցիալական, այնպես էլ կենսաթոշակային վճարների տեսքով ստացված հարկային եկամուտներն ավելացել են աշխատողների աշխատավարձերից վճարված հարկերի հաշվին։ Տնտեսության զարգացումների հետ սա կապ չունի։ Բայց մուտքերի վրա լավ երևում է։
Ահա թե որտեղ է թաքնված հարկային եկամուտների ավելացման գաղտնիքը։
Հինգ ամսում ընդհանուր առմամբ հավաքվել է 618 մլրդ դրամ, ինչը 34,7 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։
Բացի այն, որ այդ ավել մուտքերը քիչ կապ ունեն տնտեսության իրական զարգացումների հետ, կա մեկ այլ ոչ պակաս մտահոգիչ պատկեր։
Ապրիլի ռեկորդային մուտքերից հետո մայիսին արձանագրվել է շատ ավելի համեստ ցուցանիշ։
Մայիսի մուտքերը կազմել են 105 մլրդ դրամ, ապրիլի 180 միլիարդի դիմաց։
Որ ապրիլին մուտքերը պիտի գերազանցեին մայիսի ցուցանիշը, այդպես էլ պետք է լիներ։ Ապրիլը շահութահարկի վճարման ամիս է, և միշտ էլ մուտքերն ավելի բարձր են լինում, քան մայիսին։ Բայց այս տարի տարբերությունը շատ ավելի մեծ է. մայիսին 75 մլրդ դրամով պակաս գումար է հավաքվել, քան ապրիլին։
Մայիսի մուտքերն ավելի քիչ են եղել նաև հունվարի և մարտի համեմատ։ Հունվարին հավաքվել էր 130,5 միլիարդ, մարտին՝ 121 մլրդ դրամ։
Եթե տնտեսությունն աճում է, ապա դրան զուգահեռ՝ պետք է ամսեամիս ավելանային նաև հարկային մուտքերը։ Բայց ինչպես տեսնում ենք, տարվա նախորդ 4 ամիսներից առնվազն 3-ի համեմատ՝ մայիսին ունենք հարկային եկամուտների նվազում։
Մայիսին հարկային եկամուտների աճ ենք ունեցել նախորդ տարվա համեմատ։ Անցած տարվա մայիսին հավաքվել էր ընդամենը 83 մլրդ դրամ։ Այս տարի մուտքերն ավելացել են 22 մլրդ դրամով։ Բայց դա չափանիշ չէ, և դրանից շատ ուրախանալ պետք չէ՝ հաշվի առնելով նախորդ տարվա այդ ժամանակահատվածում տնտեսության նկատմամբ կիրառվող համատարած սահմանափակումները։
Շատ ավելի կարևոր է 2019թ. հետ համադրությունը։ Այդ դեպքում կտացվի, որ մուտքերը գրեթե համարժեք են եղել 2019թ. նույն ամսվա հետ։ Չհաշված այս տարվա բարձր գնաճի ու օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը։ Եթե հանենք այդ ազդեցությունը՝ կունենանք շատ ավելի տխուր պատկեր։
Հարկային մուտքերի այս դինամիկան, տնտեսության զարգացումների տեսակետից, մտածելու տեղիք է տալիս։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ 5 ամիսների տվյալներով ունեցել ենք մուտքերի որոշակի աճ։
Այդ աճը եղել է ոչ թե տնտեսության, այլ բարձր գնաճի, նախորդ տարվա մուտքերի արհեստական տեղափոխման և օրենսդրական փոփոխությունների հաշվին։ Տնտեսական գործընթացների մասնակցությունը դրանում գրեթե զրոյական է, ու պետք չէ ոգևորվել հարկային եկամուտների այդպիսի ավելացմամբ։ Պետք է մտածել տնտեսություն զարգացնելու և դրա հաշվին հարկերն ավելացնելու մասին։ Մի բան, որ այս պարագայում այնքան էլ այդպես չէ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



