Եթե կոալիցիա ստեղծենք, պետք է ստեղծենք այնպիսին, որը կբացառի Նիկոլ Փաշինյանի մնալը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաներ կազմելու հարցին՝ նշելով, որ վաղաժամ է դրա մասին խոսելը: ՀԱԿ-ը գնում է հաղթելու, որովհետև իսկապես լրջանալու պահն է, շեշտեց քաղաքական գործիչը:

«Այսօր, ցավոք, միայն մենք ենք ռացիոնալ քաղաքական մտքի կրողը, քաղաքական ռեալիզմի կրողը: Դա ապացուցվեց պատմությամբ: Իսկ Հայաստանին փրկվելու համար, մեր պետության փրկվելու համար ջրի նման, օդի նման այսօր պետք է քաղաքական ռացիոնալիզմ և իրատեսություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ այսօր դաշտում չեն տեսնում այնպիսի ուժեր, որոնք գտնվում են նույն դաշտում: Ըստ նրա՝ բոլոր ուժերը՝ և՛ խորհրդարանական, և արտախորհրդարանական, աջակցել են ոչմիթիզականության կործանարար արկածախնդրությանը:

Զուրաբյանը բացառեց Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը՝ մեկնաբանելով, որ նա  է այս աղետի պատասխանատուն, ուստի օր առաջ պետք է հեռանա:

«Մենք տեսնում ենք հիմա գլխավոր խնդիրը, գլխավոր չարիքը, եթե ուզում եք, սա այս անկարող իշխանությունն է: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա… Անգամ եթե համագործակցենք, պետք է համագործակցենք իրեն հեռացնելու նպատակով: Այսինքն՝ միայն այնպիսի կոալիցիա պետք է ստեղծվի, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանը, չի կարող լինել: Նա արդեն ձախողել է, ձախողել է ամբողջությամբ: Իր ամեն օրը՝ դա ամեն օրվա սխալներ են, ամեն օրվա ձախողումներ են և ավելի դժվարացող և թանձրացող մի իրավիճակ, որտեղ մենք կորցնում ենք մեր անվտանգությունը:

Գիտեք, մի բան ասեմ: Մարդու կարիքների շարքում, սնվելուց ավելի շուտ, գալիս է ապահովությունն ու անվտանգությունը: Այսինքն մենք հիմա արդեն հասել ենք այն ամենահիմնական կարիքի ՝ մեր պետության մերժմանը: Սա այլ կերպ, քան աղետ, հնարավոր չի բնորոշել, և ասում եմ՝ այն մարդը, որը դրա համար պատասխանատու է, պիտի գնա: Նույնքան պատասխանատվություն կրում է Ռոբերտ Քոչարյանը: Նա էլ չի կարող լինել»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս