Դժվա՞ր է բանկերին պարտադրել, որ վարկեր տան. Մարդը, ով Հադրութում, Ջրականում կամ Քաշաթաղում հող է մշակել, այսօր գնա Երևանի ասֆալտի վրա ի՞նչ անի
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով օկուպացվեցին, ապա հայաթափվեցին մի շարք բնակավայրեր:
Օրինակ՝ Հայրիյանների ընտանիքը կորցնելով ամեն ինչ՝ վարձով բնակվում է Արագածոտի մարզի Ձորափ գյուղում։ Ընտանիքի հոր՝ Վահրամի խոսքով, ուզած-չուզած, ամեն ինչ զրոյից են սկսում, սակայն անընդհատ խնդիրների են բախվում:
«Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հողակտոր եմ ուզում վերցնել, բայց ջրի խնդիր կա. չենք կարողանում այդտեղ հասցնել, իսկ մենք ելակ ենք ուզում աճեցնել: Եթե մեկ օր էլ ջուր չլինի, հնարավոր է՝ ամբողջ բերքը փչանա, հետևաբար՝ անհրաժեշտ է կաթիլային ոռոգման համակարգ տեղադրել, որի համար գումար է պահանջվում: Դիմել ենք բանկերին, սակայն վարկ չեն տրամադրում: Որ բանկ գնում ենք, ասում են՝ քեզ վարկ չի հասնում: Անգամ ապառիկ չեն տալիս: Իսկ իմ հույսն այս հողն է, 5 երեխայիս սրանով կկարողանամ ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր Վահրամը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե կա՞ ինչ-որ աջակցության ծրագիր արցախցիների համար, գուցե էժան վարկ տրամադրեն, և այլն:
Մեր հարցին պատասխանել էին, որ իրենք նման ծրագիր չունեն:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի կարծիքով՝ համակարգված աշխատանք չի կատարվում ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախի Հանրապետությունում, ուստի այս և այլ հարցեր վերջերս բարձրաձայնել է նաև Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի փախստականների, ներքին տեղահանվածների, միգրանտների հարցերով հանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ դեսպանատանը:
«Չեմ տեսնում որևէ ծրագիր, որն անում է հայաստանյան կառավարությունը: Արցախում էլ աշխատավարձ են վճարում մոտ 40 տոկոսի չափով, գումար են տալիս հյուրընկալության համար, և այլն: Սակայն, եթե Արցախի ռազմակալված տարածքում գտնվող դպրոցը չի գործում, և մայիսին էլ ավարտվում է ուսուցչի պայմանագիրը, անհայտ է, թե նա սեպտեմբերին աշխատանք կունենա՞, թե՞ ոչ: Այսինքն, անորոշությունը ահավոր շատ է, և հստակ քայլեր չենք տեսնում: Ունենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մի՞թե չէին կարող ռազմավարություն մշակել: Մեր պետական օղակները իմիտացիոն աշխատանք են տարել, չկա մշակված ռազմավարություն, մի՞թե դժվար էր հասկանալ, որ բռնագաղթված հայեր են լինելու Հայաստանի տարածքում և շատ արագ նրանց աջակցելու մեթոդ չմշակվեց:
Դժվա՞ր է բանկերին պարտադրել, որ պետք է վարկեր տան: Հադրութում, Ջրականում կամ Քաշաթաղում մարդը, ով հող է մշակել, այսօր գնա Երևանի ասֆալտի վրա ի՞նչ անի, կամ Արարատի դաշտում, եթե հողակտոր չունի: Կամ ինչո՞ւ մասնավոր աշխատանքում նրանց չեն ներգրավել: Մի անգամ Արցախի ԱԺ պատգամավորների, նախագահի հետ հանդիպեցինք, երբ այս խնդիրները բարձրաձայնեցի, հարցրեցին՝ իսկ 1988-92թթ. փախստականների համար պետությունն ի՞նչ է արել, ասացի՝ ոչինչ: Պատասխանեցին՝ իսկ հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչեր ենք անում, պատասխանեցի՝ էլի ոչինչ»,- նշեց Մարիամ Ավագյանը:
Նրա փոխանցմամբ՝ հիմա փորձում են հանրային դաշտում ստեղծել օջախներ, որտեղ մարդիկ կարող են վերապատրաստվել:
«Ուսուցիչը գորգ է գործում ՝ այն հույսով, որ վաղը եթե լինեն արտադրական հնարավորություններ, ապա ինքը ևս ներգրավվի և աշխատանք ունենա, որովհետև օգնություններով ընտանիք պահելը ճիշտ չէ և հնարավոր չէ: Ես տեսնում եմ, որ Արցախից բռնի տեղահանվածները միտված են փնտրել աշխատավայր: Մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, մեղվաբուծությամբ: Այսօր այդ հողատարածքը չկա, արտադրությունը զրոյից սկսելու հնարավորությունը ևս չկա: Օրինակ՝ մեղվաբուծությամբ զբաղվելու ոչ տարածք կա, ոչ էլ ֆինանսական աջակցություն»,- եզրափակեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող: