«Ադրբեջանցին հիմա գտնվում է մեր տանը, քանի դեռ նրան մեր տանից չենք վռնդել՝ չեմ տեսնում որևէ լեգիտիմ քայլ, որը կարող է բերել հարցի լուծման». Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու, սակայն կյանքը ցույց տվեց, որ հանրության թիկունքում տեղի ունեցան տհաճ ու ազգակործան գործընթացներ, որի արդյունքում կորսվեց Արցախի 75 տոկոսը։
«Այսօր եկել-հասել ենք նրան, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն ու անձեռնմխելիությունն է ոտնահարվում, ոտնձգություններ են տեղի ունեցել մեր սահմանի նկատմամբ, թշնամին ներխուժել է մեր պետական, սուվերեն տարածք, և մենք դեռ շարունակում ենք ինչ-որ բանակցություններ անցկացնել։ Եթե նախկինում խոսում էին 200, այսօր խոսում են 5-6 հարյուր հոգի ադրբեջանցու մասին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թագուհի Թովմասյանը։
Ինչ վերաբերում է Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին, որը պատրաստվում է ստորագրել, պատգամավորն ասաց, որ ծանոթացել է այդ փաստաթղթին և հույս ունի, որ հենց դա է ստորագրվելու։
«Իմ տեղեկություններով, մինչև հունիսի 30-ը պետք է ձևավորվեն եռակողմ պայմանավորվածությամբ աշխատանքային խմբեր, որոնք պետք է իրականացնեն սահմանազատման աշխատանքներ։ Թե ինչ սահմաններ են գծելու՝ ամբողջ խնդիրը և, ինչպես ասում են՝ շան գլուխը թաղված է այդտեղ։ Այսինքն՝ մենք մեր թշնամի երկրի հետ ստեղծում ենք հարաբերություններ, և երկու կառույց ենք ստեղծում, որ պետք է զբաղվեն սահմանների ճշգրտմամբ, սակայն չգիտենք՝ ովքեր են այնտեղ ներառված»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։
Ըստ պատգամավորի, ադրբեջանական կողմն ինչ-որ անհասկանալի քարտեզներով առաջ է եկել, նույնիսկ զբաղեցրել այն տարածքները, որոնք մշակում է իր հայրիկը, վարդենիսցիները։
Նա նաև հարց բարձրացրեց, այդ փաստաթուղթը ստորագրելու համար հայկական կողմը որևէ պահանջ դրե՞լ է, եթե այդ փաստաթուղթը ստորագրվելու է, և ադրբեջանական զորքը մնում է ՀՀ սահմանից ներս, ապա դրանով հայկական կողմը երկու քայլ հետ է անում։
«Նիկոլ Փաշինյանը մեզ խոստանում է խաղաղ երկիր ու խաղաղ ապագա, ես դա չեմ տեսնում, քանի որ Վարդենիսի գյուղերում ես տեսնում եմ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին՝ անզեն աչքով։ Այսինքն՝ ես դեռ իմ աչքի տեսածին եմ հավատում և ուզում եմ ասել՝ այո, ադրբեջանցին հիմա գտնվում է մեր տանը, քանի դեռ նրան մեր տանից չենք վռնդել, չեմ տեսնում որևէ լեգիտիմ քայլ, որը կարող է բերել որևէ հարցի լուծման»,- շեշտեց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը ոչ միայն պետք է հեռանան իրենց պաշտոններից, այլև պետք է ենթարկվեն պատասխանատվության։
«Նրանք պետք է կանգնեն դատարանի առջև, նախ՝ մեր սահմանների այսօրվա անկազմակերպ, մեր պաշտպանվածության այս ցածր լինելիության համար, նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն հայ զինվորին այսքան նվաստացնելու համար։ Եթե այդքան խեղճացնում են մեր զինվորին, ի սեր Աստծո, հեռացեք, հեռացեք՝ տեսնենք՝ ինչ է գալու մեր գլխին։ Վերահաս վտանգը կանխելու համար գուցե կանգնենք ու ազգովի հեռացնենք, այս մարդն ըստ էության բազմաթիվ խոստումներ է տվել Ալիևին և դրանք իրականացնելու կոնկրետ խնդիր է դրված»,- ընդգծեց նա։