«Իշխանասարից ամբողջովին վերահսկվում են մեր ռազմական տեղափոխումները, ռազմական շարժը». ազատամարտիկ
Սիսիան ջոկատի անդամ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ սահմանների անվտանգության և ադրբեջանցիների՝ ՀՀ պետական սահման ներխուժելու մասին, անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ընդամենը մեկ դիրքի մասին է խոսքը:
«Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ընդամենը մի հատ դիրք է՝ չպահպանվող բարձունք: Ես ուզում եմ այդ թուրքաճորտին, այդ դավաճանական ճամբարի ամենակարկառուն տականքին ասել, որ դա մի հատ դիրք չէ, դա հայրենիքի սրբազան հող է, որի զգացողությունն այս իշխանության թուրքական փողերով մարդիկ չեն հասկանում»,- ասաց ազատամարտիկը:
Գնդապետի խոսքով՝ այսօրվա դավաճան իշխանությունները կործանեցին Արցախի բանակը, կործանման եզրին են հասցրել հայկական բանակը, դրա համար էլ այսօր զուրկ ենք պաշտպանողականությունից.
«Մենք զուրկ ենք մարտական բանակից, որն այս տականքները կործանեցին ուղղակի… Մենք ունեցել ենք հինգ բանակային կորպուս, որը զարմանալիորեն Արցախի մարտական գործաողություններին չի՛ մասնակցել, լրահամալրում մենք չենք իրականացրել, զարմանալիորեն Նիկոլ Փաշինյանը երրորդ օրը դա արեց: Պատերազմի հինգերորդ օրը, երբ դեռ Ջաբրայիլը մերն էր, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարեց՝ ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծեք, որ Սյունիքը պաշտպանեք: Այդ դավաճանական քայլերից հետո դուք սպասում եք, որ այս իշխանությունն իրեն, իր հետույքը պահող ոստիկանին կհանի՝ կտանի սահման պահի՞, նա թքած ունի սյունեցու վրա, նա թքած ունի վարդենիսցու վրա, նա մեկ գերխնդիր ունի՝ իր իշխանությունը հաստատել…»:
Գնդապետ Հովհաննսիյանը ներկայացրեց Իշխանասարի կարևորությունը՝ ասելով, որ նրա բարձրությունը 3552 մետր է.
«Դու այսօր քաղաքական իշխանություն չունե՛ս, որ որոշում կայացնի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար, դու չունե՛ս քաղաքական իշխանություն, ազգային իշխանություն, որը Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանի: Դու ունես թուրքի փողերով ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը: Դուք գիտե՞ք՝ ինչ կարևոր, ռազմաստրատեգիական, տնտեսական նշանակություն ունի Իշխանասարի բարձրությունը: Սիսիանի Զանգերից մինչև Լիսագոր և մինչև Կապան, ամբողջովին ափի մեջ է, երկու կարևոր ռազմաստրատեգիական ճանապարհները վերահսկում է դա: Ամբողջովին վերահսկվում են ռազմական տեղափոխումները, ռազմական շարժը, բոլոր բնակավայրերի՝ Գորիս, Սիսիան քաղաքների, տասնյակ գյուղերի վրա ուղղակի վերահսկողություն է սահմանվում: Վերահսկողություն է սահմանվում Տաթև գնացող ճանապարհին, վերահսկողություն է սահմանում պատմական, եզակի հուշարձան համարվող ժայռապատկերներին, աշխարհում մի քանի հատ են նման պատմական հուշարձաններ: Ի՞նչ տուրիզմ են զարգացնելու այս տականքները…»:
Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե այս կամ այն տեղանքի մասին խոսելով՝ հակառակորդին ինֆորմացիա է փոխանցվում, ազատամարտիկը նշեց, որ այդ բարձունքից արդեն իսկ ամեն բան նրանց համար տեսանելի է.
«Այ վիժվածքներ, այդ բլրի գագաթից ամբողջ ինֆորմացիան իրենցն է արդեն: Թուրքը գալիս տեսնում է՝ քո սահմանին դիրքեր չես դրել, քո սահմանները բաց են, էլ ի՞նչ ինֆորմացիա տան, որը թուրքը չի տեսնում…»:
Գնդապետ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Մեղրիից մինչև Վարդենիս՝ 3-րդ բանակային կորպուսի ենթակա տարածքները, մենք անպաշտպան ենք, չունենք մարտական դիրքեր:
Ըստ նրա՝ դա հատուկ է արվում, ավելին՝ Արցախյան վերջին պատերազմում նման խայտառակ պարտությունն ազատամարտիկը պլանավորած քայլ համարեց ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարների կողմից.
«Արտակ Դավթյանը, Նիկոլ Փաշինյանը՝ Տոնոյանի հետ միասին, կրճատեցին 5 գունդ, ընդ որում՝ կրճատեցին այն գնդերը, որոնց պատճառով մենք պարտվեցինք այդ պատերազմում: Առաջին բանակային կորպուսից կրճատեցին, որը Ջաբրայիլ, Հադրութ, Շուշի գիծն էր պաշտպանում, Մատաղիսի՛ գունդն են կրճատել, Մարտակերտի դիվիզիան են կրճատել, որտեղից հիմնական հարվածները ստացանք և մենք կորուստներ ունեցանք…»: