ԱՄՆ-ը լվանում է ձեռքերը ղարաբաղյան հարցից՝ իր տեղը զիջելով Թուրքիային

Հարցազրույց Վաշինգտոնի «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» (AFPC) կենտրոնի Եվրոպա և Եվրասիա ծրագրի ավագ վերլուծաբան Ուեյն Մերրիի հետ

– ԼՂ հակամարտության վերաբերյալ Ձեր վերջին հոդվածում («Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը մոտ է եռման կետին») նշել էիք պատերազմի վերսկսման 5 խթանների մասին` եզրահանգելով, որ արտաքին ուժերը պետք է միջամտեն հակամարտությանը` պատերազմը կանխելու համար: Ի՞նչ է փոխվել սաֆարովյան գործից հետո:

– Կարծում եմ` իրավիճակը միանշանակ ավելի է վատացել ոչ միայն Սաֆարովի գործի պատճառով, այլ ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես` Կազանում ռուսական միջնորդության ձախողման պատճառով: Այսօր ես շատ քիչ պատրաստակամություն եմ տեսնում երկու կողմերից` հասնելու հաշտության պայմանագրի, երկու կողմերն էլ մեխվել են իրենց ճկուն դիրքերի վրա:

Երբ ես եկա Հայաստան, տեսա, որ Երևանի բոլոր գրախանութներում Հայաստանի քարտեզի մեջ ընդգրկված է ոչ միայն Ղարաբաղը, այլև այն ընդգրկում է նաև Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքները: Ես գնացի Արտգործնախարարության հարևանությամբ գտնվող գրախանութ և ուսումնասիրեցի բոլոր քարտեզները, և այդ բոլոր քարտեզներում Ադրբեջանի 7 օկուպացված շրջանները ցուցադրված էին` որպես Հայաստանի մաս: Սա ստեղծում է մթնոլորտ, որում արտաքին քաղաքականությունը չի կարող ոչնչի հասնել, և որից միակ ելքը դառնում է պատերազմը: Եվ դա չափազանց վատ է:

– Իսկ չե՞ք կարծում, որ այդ մթնոլորտն ավելի շատ ստեղծվում է Ադրբեջանից եկող պատերազմական հռետորաբանության և հակահայկական քաղաքականության արդյունքում:

– Բայց դա գալիս է երկու կողմերից: Այո՛, այն գալիս է Ադրբեջանից, բայց այն գալիս է ձեր կողմից նույնպես: Սաֆարովի դեպքը վառ օրինակ էր ադրբեջանական կողմից, բայց հավասարապես վատ դրսևորում կարող ենք տեսնել նաև հայկական կողմից: Բացատրեք ինձ քարտեզները, որոնք դուք համարում եք Հայաստան: Ինձ համար նրանք ոչ պակաս անընդունելի են, քան Սաֆարովի գործը:

Սաֆարովի գործը նույնպես շատ զարհուրելի էր: Ես Ադրբեջանի դեսպանության հետ հանդիպման ժամանակ հրապարակայնորեն ասացի, թե որքան անընդունելի եմ համարում նրանց գործողությունները Սաֆարովի գործի հետ կապված: Կարծում եմ` իմ կառավարությունը և արևմտյան պետությունների մեծ մասի ղեկավարությունը շատ բացասական ձևով արձագանքեցին այդ դեպքին, բայց արևմտյան երկրները հավասարապես պետք է արձագանքեն նաև Հայաստանից ակտիվորեն եկող ռազմատենչ վերաբերմունքին: Մենք չպետք է միայն Ադրբեջանին քննադատենք, որովհետև երկու կողմերն էլ ներգրավված են այս հակամարտության մեջ:

– Ուզում եք ասել, որ Հայաստանում տեսնում եք նույնպիսի՞ հակաադրբեջանական դրսևորումներ, ինչպես Ադրբեջանում:

– Ես և՛ ձեր կողմից եմ տեսնում հռետորաբանություն, և՛ նրանց կողմից: Մասնավորապես, ՀՀ-ից եկող հռետորաբանությունն ուղղված է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ: Եթե կա ինչ-որ բան, որ բխում է Հայաստանի շահերից, դա Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալն է: Ես հասկանում եմ, որ Անկարայում կան խնդիրներ, այնպես, ինչպես խնդիրներ կան Երևանում, բայց միանշանակ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում ձեր հարևան Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների բարելավումը:

Եվ այս մեկ շաբաթվա ընթացքում, ինչ ես Երևանում եմ, այն վերաբերմունքը, որը տեսնում եմ, չափազանց անհանդուրժողական է այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան ունի տարածաշրջանային ազդեցություն, և բացարձակապես տրամադրված չեն հասկանալու, որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ՀՀ-ի շահերից է բխում: Ես նաև տեսա, որ այստեղ չկա ձգտում հասկանալու, որ թուրքերն ուզում են ավելի լավ հարաբերություններ ունենալ ՀՀ-ի հետ: Թուրքերը շատ ավելի բաց են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում, քան հայերը` Թուրքիայի նկատմամբ: Եվ դա հիմարություն է ՀՀ-ի կողմից:

– Այսինքն` ըստ Ձեզ` Հայաստանի իշխանությունները չէի՞ն ուզում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ:

– Եթե ուզում էին, ինչո՞ւ նրանք ուղարկեցին արձանագրություններն օրենսդիր մարմնի հաստատմանը: Սա իմ իմացած միակ օրինակն է նորագույն պատմության մեջ, երբ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այսքան մեծ դժգոհություն առաջացրեց երկու ազգային օրենսդիր մարմիններում, ինչը նշանակում է, որ երկուսն էլ` և՛ ձեր կառավարությունը, և՛ թուրքական կառավարությունը, ցանկանում էին ձախողել գործընթացը: Ձեր կառավարությունը պետք է ցանկանար գործընթացի հաջողությունը, ոչ թե ձախողումը:

– Թուրքիայի խորհրդարանը չհաստատեց արձանագրությունները:

– Ձեր կառավարությունը նույն բանն արեց: Տարբերությունը միայն այն է, որ Հայաստանի կառավարությունն շատ ավելի մեծ դրդապատճառներ ուներ ձգտելու կարգավորել հարաբերությունները: Եթե ձեր խորհրդարանը հաստատեր արձանագրությունները, մեղքն ամբողջությամբ կընկներ Թուրքիայի վրա, և Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրները ճնշում կգործադրեին Թուրքիայի վրա, որպեսզի նա փոխի իր կեցվածքը: Բայց Հայաստանի կեցվածքը նույնքան վատն էր, որքան Թուրքիայինը: Դուք հավասարապես սխալ եք:

– Եթե Թուրքիան ցանկանում էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպես Դուք եք պնդում, այդ դեպքում ինչո՞ւ էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը հարաբերությունների կարգավորումն ամեն կերպ կապում ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

– Սկզբնական շրջանում նա չի կապել ղարաբաղյան հիմնախնդիրը: Այնուամենայնիվ, հետագայում նա փոխեց իր դիրքորոշումը, ինչը շատ վատ է: Դա մեծ անհաջողություն էր թուրքական կողմից, որ Էրդողանը փոխեց իր դիրքորոշումը հարցի նկատմամբ: Բայց դիրքորոշման փոփոխությունը նաև գալիս էր ձեր կողմից, երբ ձեր իշխանությունը ցանկանում էր ցեղասպանության հարցը ներկայացնել որպես նախապայման բանակցային գործընթացում:

Դիվանագիտական հարաբերություններում չպետք է լինեն որևէ նախապայմաններ, կլինի դա ցեղասպանության հարցը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և Հայաստանի համար նվեր չէ, դա որևէ բանի զիջում չէ, հետնահանջ չէ: Դիվանագիտական հարաբերությունները նորմալ մոդել է, որի միջոցով կառավարությունները հաղորդակցվում են միմյանց հետ:

Դուք հաստատում եք դիվանագիտական հարաբերությունները, և միայն դրանից հետո եք սկսում բանավիճել հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես ցեղասպանությունն է և ղարաբաղյան հարցը: Բայց նախապայմաններով խոսելը, անկեղծ ասած, հիմարություն է, բայց դա ավելի մեծ հիմարություն է Հայաստանի համար, որովհետև Հայաստանն ավելի շատ կարիք ունի այդ հարաբերությունների, քան Թուրքիան:

– Առաջին հերթին Թուրքիան էր անընդհատ նախապայմաններով խոսում, ոչ թե Հայաստանը, այդպես չէ՞:

– Այո՛, դուք երկուսդ էլ խոսում էիք նախապայմաններից:

– Իսկ կարո՞ղ եք նշել Հայաստանի կողմից առաջադրված որևէ նախապայման:

– Այո՛, ցեղասպանության հարցը:

– ՀՀ նախագահն ասաց, որ մենք կարող ենք բարելավել հարաբերությունները` առանց ցեղասպանության մասին խոսելու:

– Եվ հետո դուք փոխեցիք ձեր կեցվածքը:

– Պարոն Մերրի, Դուք ԱՄՆ-ում հայտնի փորձագետ եք, և համոզված եմ, որ Դուք հիշում եք բոլոր փաստերը, հիշում եք, որ ՀՀ նախագահը ստիպված էր սառեցնել գործընթացը, երբ ակնհայտ դարձավ, որ Էրդողանի նպատակը հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելն էր: Բոլորն են հիշում Էրդողանի հայտարարությունները:

– Ես չեմ պաշտպանում Էրդողանին: Ես շատ լավ տեղեկացված եմ այն ամենից, ինչ տեղի է ունեցել Ցյուրիխում. երկու կողմերն էլ` և՛ հայկական կողմը, և՛ թուրքական կողմը, հետ կանգնեցին գործընթացից: Եվ պարզ էր, որ երկու կողմերն էլ Ցյուրիխում որոշեցին, որ վախենում են առաջ գնալուց: Երկու կողմերն էլ ստեղծեցին նախապայմաններ և երկու կողմերն էլ ուղարկեցին արձանագրությունները խորհրդարան, որովհետև գիտեին, որ խորհրդարանում դրանք կտապալվեն:

Իշխանությունների պարտականությունն է` հետևել ազգային շահերին: Հայաստանը համեմատաբար փոքր, աղքատ և շրջափակված երկիր է, որն ունի մեկ արտաքին դաշնակից` Ռուսաստանը, և երկու արտաքին գործընկերներ` Իրանը և ԱՄՆ-ը: Իրանը և ԱՄՆ-ը շատ մոտ են միմյանց դեմ պատերազմ սկսելուն, ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Բայց սա Հայաստանին դնում է շատ վտանգավոր և խոցելի վիճակում: Այս պարագայում Հայաստանի համար հսկայական նշանակություն ունի իր կարևոր հարևանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

– Այո՛, Դուք ճիշտ եք, բայց, ինչպես տեսնում ենք, այսօր Թուրքիան ինքն այնքան էլ լավ հարաբերություններ չունի իր հարևանների հետ, այդպես չէ՞:

– Սա այն է, ինչ ես լսում եմ մի ամբողջ շաբաթ, ինչ Երևանում եմ, որ թուրքերը չարք են, ամեն ինչում մեղավոր են թուրքերը, հայերը երբեք սխալ չեն, և միշտ մեղավորը թուրքերն են:

– Անձամբ ես այդպես չեմ կարծում: Եկեք վերադառնանք ղարաբաղյան հիմնախնդրին: Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումն այսօր:

– Ես չեմ տեսնում դիվանագիտական որևէ առաջընթաց ԼՂ-ում, և ինձ թվում է, որ գործընթացն ավելի շատ հետընթաց է ապրում: Եվ այս պարագայում խաղաղության հաստատման միակ պոտենցիալը տարածաշրջանային երկու ուժերի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունն է, որի արդյունքում կարող է լինել լուծում, որը հիմնված չի լինի միջնորդության վրա:

Միջնորդությունը, որը մասնավորապես Մինսկի խումբն է իրականացնում, ընթանում է արդեն 20 տարի: Մինսկի խմբի միջնորդները բոլոր երկրներից էլ միշտ եղել են առաջնակարգ դիվանագետներ և շատ լավ աշխատանք են տարել: Բայց խնդիրն այն է, որ միջնորդները չեն բանակցում, միջնորդները միջնորդում են:

Միայն հակամարտության կողմերը կարող են բանակցել, բայց այս հակամարտության կողմերը չեն ցանկանում բանակցել: Ուստի միջնորդներն անհույս են: Կարծում եմ` այժմ ժամանակն է անցնել բոլորովին այլ տիպի դիվանագիտության, և այդ դիվանագիտության մեջ, ըստ իս, ԱՄՆ-ն շատ երկրորդական դեր է կատարելու, առաջնային դերակատարությունը կստանձնեն ՌԴ-ը և Թուրքիան:

Եկել է ժամանակը, երբ տարածաշրջանային գերտերությունները ստիպված են պայմաններ պարտադրել իրենց հարևաններին` պատերազմի վերսկսումը կասեցնելու համար: Պատերազմը վատ կլինի բոլորի համար, բայց լուծումը պատերազմն է: Վերջին տարիներին ես այսպիսի վերաբերմունք տեսնում եմ երկու կողմերից էլ` և՛ հայերից, և՛ ադրբեջանցիներից: Եթե սա է նրանց վերաբերմունքը, ուրեմն կարծում եմ` ժամանակն է, որպեսզի տարածաշրջանային գերտերությունները հյուսիսից և արևմուտքից պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն և կանխեն պատերազմը:

– Այդ դեպքում` ի՞նչ է անելու ԱՄՆ-ը` պատերազմը կանխելու համար:

– Կարծում եմ` Միացյալ Նահանգներն արել է ավելին, քան պետք է: ԱՄՆ-ը իր դիվանագիտական մասնակցությունն է ունեցել այս հիմնահարցում ավելի քան 20 տարի, և ժամանակն է խոստովանել, որ այն ձախողվել է:

Կարծում եմ` մենք չափից ավելին ենք արել, մենք չափից ավելի ակտիվ ենք եղել և սպասումներ ենք ստեղծել և՛ Երևանում, և՛ Բաքվում, թե ամերիկացիները լուծելու են այս խնդիրը: Բայց ամերիկացիները չեն պատրաստվում լուծել այս խնդիրը, դուք պետք է լուծեք այն, բայց դուք չեք ուզում: Ես չեմ տեսնում որևէ հիմք, որի վրա ամերիկյան դիվանագիտությունն այսօր կարող է որևէ առաջընթաց ունենալ: Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ձեռքերը լվանա Ղարաբաղից:

– Այդ դեպքում Ռուսաստա՞նը կգա:

– Ուրեմն հաջողություն եմ մաղթում նրան (անգլերեն` good luck.- Ա.Ս.):

Տեսանյութեր

Լրահոս