«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ադրբեջանցիները փորձելու են հասնել միջպետական սահմանների ճանաչմանը». Լիլիթ Թումանյան

«Մի քանի անգամ արված նախազգուշացումը, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը, որ այլևս պատերազմ չի լինելու, և հաշտ ու հանգիստ ենք ապրելու, կեղծ է և սուտ է, այլևս իրականություն է դառնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին:

Նա պատահական չի համարում, որ ադրբեջանցիները հենց հիմա են փորձում օգտվել իրավիճակից, հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը.

«Ամեն ինչի մեջ պետք է տեսնել կապ, տարածաշրջանի իրադարձությունները տեղի չեն ունենում միայն լոկալ մակարդակով, դրանք ունեն գլոբալ մտավախությունների տեղիք, որովհետև դրանք բոլորը փոխկապակցված են իրար հետ: Փորձագետները միշտ ասում էին՝ եթե տարածաշրջանում լարվածություն լինի՝ Ադրբեջանը փորձելու է դրանից միշտ օգտվել և առաջ գնալ: Այսօր մենք տեսնում ենք, որ հենց այդպես էլ տեղի է ունենում, թշնամին փորձում է առաջ գնալ: Այն թեզը, որ պատերազմ չի լինելու, հերքվեց…»:

Լիլիթ Թումանյանը հիշեցրեց տարբեր փորձագետների և քաղաքագետների ահազանգերը՝ կապված Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման  և դրան հաջորդող հնարավոր սցենարների հետ.

«Եթե նախընտրական պայքարում Նիկոլ Փաշինյանը զգա թուլացած իր դիրքերը, հնարավոր է՝ իրենց բանավոր, գաղտնի կետերից մեկը լինի այն, որ ռազմական լարվածության միջոցով հնարավորություն տան Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափել: Օրինակ՝ եթե իսկապես լինի ռազմական բախում, և իսկապես ՀԱՊԿ-ը միջամտի, այստեղ արդեն ռազմական դրություն է վերականգնվելու և արտահերթ ընտրությունները երկրորդ, երրորդ պլան են մղվելու, հետաձգվելու են»:

Լիկա Թումանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, որը վերջերս գտնվում էր Կազանում, գաղտնի հանդիպում է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ, որը պաշտոնական որևէ աղբյուրում արտացոլված չէ, և որի մասին իմացել ենք ռուսական ԶԼՄ-ներից էլի ոչ պաշտոնական տեղեկատվություն.

«Նիկոլ Փաշինյանն ինչի՞ մասին է  զրուցել ադրբեջանական պատվիրակության հետ: Պարզ է, չէ՞, որ այս սցենարը ևս կարող էր քննարկվել այդ թվում: Եթե մենք դիտարկում ենք այդ տարբերակն իրատեսական, ապա շատ հնարավոր է, որ կա նաև պայմանավորվածություն, որ փոքրիկ հաղթանակ են ապահովում Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է՝ մենք հետ մղեցինք նրանց զորքերը, և այդ տարբերակով փորձել բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Չէ՞ որ մենք հուլիսին ունեցել ենք նման բան, երբ եղավ այդ բախումը, և Նիկոլ Փաշինյանը դա ներկայացրեց իր հերոսական ձեռքբերում և դրանով բարձրացրեց սեփական վարկանիշը»:

Լիկա Թումանյանը նկատեց, որ այլ սցենարներ ևս կան, և դրանցից մեկն այն է, որ ադրբեջանցիները փորձում են հասկանալ կարմիր գծերը ռուս խաղաղապահների հետ.

«Այսինքն՝ մինչև ո՞ւր կարող են իջնել, որ ռուսներն իրենց չկանգնեցնեն, կամ ի՞նչ պետք է անեն ադրբեջանցիները, որ ՀԱՊԿ-ը միջամտի, Ո՞ր պարագայում սա չի լինի բանակցություն, այլ կլինի ռազմական բախում: Այսինքն՝ շատ հնարավոր է, որ նաև ադրբեջանցիներն են փորձում ինչ-որ բաներ իրենց համար պարզել, որքա՞ն ունեն գործելու ազատություն, մինչև ո՞ւր կարող են իջնել: Փաստացի արդեն Գորիս են հասել, և այո, եթե Գորիս են հասել, մեր հայ զինվորները, որոնք կանգնած են, փաստացի շրջափակման մեջ են… Ես  կասկածում եմ, որ ադրբեջանցիները հեշտ ու հանգիստ կվերադառնան իրենց դիրքեր, եթե դա չհաջողվի, գոնե մեր տղաները պետք է դուրս բերվեն այնտեղից, մեր աչքի առաջ գերի են դառնում…»:

Լիկա Թումանյանի խոսքով՝ սա Նիկոլ Փաշինյանի կառավարման հերթական հետևանքն է, որը կրում են զինվորականները, շարքային քաղաքացիները, առաջին հերթին՝ սյունեցիները.

«Երբ մենք ասում էինք՝ երկիրը վտանգված է, շատերը դա ընկալում են՝ որպես քաղաքական կարգախոս, այսօր մենք տեսանք, որ դա ուռճացված չէ, դա կարգախոս չէ, դա իրականություն է, երկիրն իսկապես վտանգված է և առաջին հերթին՝ Սյունիքը»:

Լիլիթ Թումանյանը նկատեց՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ադրբեջանցիները փորձելու են հասնել միջպետական սահմանների ճանաչմանը, միջազգային փաստաթղթի ստորագրմանը, և, որ Ադրբեջանն ամենաշատը հենց դա է ցանկանում ստանալ Նիկոլ Փաշինյանից: Նա նաև հույս հայտնոց, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի նման փաստաթուղթ չի ստորագրել:

Տեսանյութեր

Լրահոս