«Նիկոլին ընտրողներից յուրաքանչյուրը պետք է խոստովանի, որ ինքն էլ է պատասխանատու հայրենիքի կորստի, մեր տղաների մահվան համար». Տիգրան Աթանեսյան

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը, հայ լինելն ամոթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ ամբողջ աշխարհում հայերին լուրջ չեն ընդունում, ավելին՝ ծաղրում են.

«Այն արժանապատիվ, հաղթանակած ազգից վերածվել ենք Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանիի» հայ ազգի… Միշտ էլ օտարների ժամանակ՝ թուրքերի, պարսիկների, եղել են հայեր, որոնք շատ են սիրել պարսիկներին, թուրքերին, և հիմա այդ նույն տեսակ հայը չի վերացել և սիրում է Նիկոլին…»:

Աթանեսյանի կարծիքով՝ միակ ճանապարհը պայքարելն է, քանի որ նոյեմբերի 9-ից կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո այլընտրանք չկա.

«Ուզում ես՝ մնալ մարդ, ուզում ես, որ քո երեխան քեզ հարգի, պետք է պայքարես, և օր շուտ այս տականքներից ազատվենք»:

Անդրադառնալով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտրողներին, փաստաբանն ասաց, որ այդ ընտրողներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե ինչ մեծ աղետ է գործել, և, որ նրանք ևս պատասխանատու են մեր երկրում տեղի ունեցած անդառնալի հետևանքների համար.

«880.000 հայ գնացել ընտրել է տգետ, փնթի, ապերախտ մարդու՝ որպես իրենց առաջնորդ, թե ո՞վ իրենց խաբեց, ո՞վ իրենց համոզեց, որ սա է երկրի փրկությունը, դա դեռ թողնենք մի կողմ, բայց հիմա, որպեսզի հասկանան, թե ինչ աղետ են գործել ընտրելով նրան՝  այդ ընտրողներից յուրաքանչյուրն իր մեջ պետք է խոստովանի, որ ինքն էլ է ինչ-որ չափով եղել կամ հիմա էլ կա Նիկոլ՝ բառի ամենավատ իմաստով, որ ինքն էլ է պատասխանատու հայրենիքի կորստի համար, մեր տղաների մահվան համար: Դա շատ դժվար է, բայց շատերը նրանցից, ովքեր հասկացել և ընդունել են՝ պարզապես լուռ են: Բայց կա զանգված, որը կմնա Նիկոլին պաշտպանող, իրականում ոչ թե սրան են պաշտպանում, այլ իրենց արած հիմարությունն են պաշտպանում»:

Փաստաբանի խոսքով՝ առաջին քայլը, որ պետք է անեն այդ մարդիկ՝  Նիկոլ Փաշինյանին սատարելը դադարեցնելն է.

«Պետք է հասկանան, որ իրենք ակամայից դառնում են թուրք, իրենք իրենց երկրի ներսում՝ փոքրիկ Հայաստանում, դառնում են թուրքի հինգերորդ շարասյուն, դարձե՛լ են արդեն… Ոչ մեկը դիտավորյալ չի արել այդ ընտրությունը՝ ենթագիտակցաբար են դա արել…»:

Տեսանյութեր

Լրահոս