Երկրորդ նախագահի դաշինքը, Վանեցյան-Հանրապետական դաշինքի հետ, համարվում են հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական պայքարը մեկնարկեց երեկ Ազատության հրապարակից։ Դաշինքում Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն են։ Օրերս հայտնի էր դարձել նաև, որ հնարավոր ընտրություններին դաշինքով են հանդես գալու Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները։
Մինչ իշխանամերձ շրջանակները գուժում են այս ընդդիմադիր ուժերի իշխանության գալու հնարավորությունների անհնարինության մասին, տարբեր քաղաքագետներ արձանագրում են՝ այս ուժերն ընդդիմադիր բևեռի հիմնական գործողներն են լինելու։
«Ես կարծում եմ, որ Երկրորդ նախագահն այսօր հիմնական հակառակորդն է համարվում օրվա իշխանությանը, և կարծում եմ՝ Երկրորդ նախագահի դաշինքը, Վանեցյան-Հանրապետական դաշինքի հետ միասին, համարվում են երկու հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Իշխանամերձ շրջանակներից հնչող բացասական արձագանքները, տեղ-տեղ հեգնական դիտարկումները քաղաքագետը բնական համարեց՝ նկատելով․ «Հասկանալի պատճառներով իշխանությունը չէր ողջունելու Երկրորդ նախագահի իշխանության գալու հայտը․ որպես հակառակորդ՝ իրենք հանդես են գալիս տարբեր «արգումենտներով», տաբեր մեղադրանքներով, սակայն, ի վերջո, հասարակությունն է հիմնական դատավորը, թե ով է ճիշտ, ով է սխալ»։
Հիշեցնենք՝ Երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի նախընտրական մեկնարկն ազդարարող հանրահավաքին շտապել էր անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ նա «չի կարող մոլորեցնել հայ ժողովրդին»։
Այսօր արդեն ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էր անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու հնարավորություններին՝ արձանագրելով․ «Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայից, եթե ինչ-որ մեկը հիշի հենց Հյուսիսային պողոտայի կառուցումը, ՄԻԵԴ այն վճիռները Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո։ Եթե ինչ-որ մեկը հիշի ընդհանրապես այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, ինձ թվում է՝ իրենց համար պատասխանը հստակ կլինի»:
Նկատենք, սակայն, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը բազմիցս քննադատած Փաշինյանը և այժմ էլ քննադատող նրա թիմակիցները այս երեք տարիներին չէին վարանում իրենց արտասահմանյան հյուրերին տանել Հյուսիսային պողոտա և այնտեղ շրջել նրանց հետ։ Հիշենք թեկուզ Անգելա Մերկելի այցն ու ոտքով շրջայցը հենց Հյուսիսային պողոտայում։
Երկրորդ նախագահի քաղաքական հայտին անդրադառնալով՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նշեց․ «Բավական տպավորիչ էր բովանդակության ձևի, մեսիջների առումով․ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք միտինգային գործիչ չի եղել, բայց այն ելույթները, տեքստերը, հաղորդագրությունները, որոնք ինքը ներկայացրեց իր աջակիցներին և հասարակությանը միտինգային հարթակում, բավական ազդեցիկ էին։ Թերևս, նաև սրանով է պայմանավորված որոշակի լարվածությունը, և ինչո՞ւ ոչ՝ նաև խուճապը իշխանական թիմի ինչ-ինչ շրջանակներում, որովհետև հասկանում են, որ հայտն ուժեղ էր թե՛ բովանդակային, թե՛ ձևային էլեմենտի մասով։
Դեռևս ամիսներ առաջ ակնհայտ էր, որ, մեծ հաշվով, մրցապայքարի առաջին երկու օղակները լինելու են գործող իշխանությունը և Ռոբերտ Քոչարյանի թիմը, այս անգամ՝ արդեն ձևակերպվեց այդ թիմը «Հայաստան» դաշինք անվանումով»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընդդիմությունը, առհասարակ, իր տարբեր սեգմենտներով ճիշտ ռազմավարություն է ընտրել՝ այն է․ «Բոլորս գնում ենք գործող իշխանության դեմ, բոլորս այս հարցում միասին ենք։ Այսինքն՝ եթե դուք չեք ընտրում, պայմանական, «Հայաստան» դաշինքին, ընտրեք Հանրապետական կուսակցություն-«Հայրենիք» դաշինքին, կամ միգուցե «Բարգավաճ Հայաստանին», որը նույնպես ընդդիմադիր կեցվածք է ցույց տալիս»։
Ալեն Ղևոնդյանը նկատեց՝ թվային հարաբերակցության տեսանկյունից այս պահին գործող իշխանությունը մարզային համայնքներում ունի առավելություն, ինչի մասին փաստում են նաև սոցհարցումները․ «Հակառակ այն աղետին, որին հանգեցրեց երկիրը, գործող իշխանությունն ունի բավական մեծ ռեյտինգ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մարզային ազգաբնակչությունը գործող վարչապետին դիտարկում է՝ որպես իրենց «խեղճ տղա», յուրային՝ թե՛ իր կենցաղավարման, թե՛ իր խոսելու, թե՛ հանրային ինչ-որ իրավիճակներում պահվածքի համար։ Դա, իհարկե, մանիպուլյացիա է գործող վարչապետի կողմից, որի հստակ թիրախը մարզային բնակչությունն է․ Երևանում նա այդչափ աջակցություն չունի»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ անցողիկ շեմերը կհաղթահարեն գործող իշխանությունները, «Հայաստան», «Հայրենիք»-Հանրապետական դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ուժերի գերլարմամբ՝ շեմը հաղթահարել կփորձի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Ի դեպ, ըստ նրա՝ գործող իշխանությունն առաջինը կհաղթահարի անցողիկ շեմը․ թե ինչու՝ մանրամասնեց․ «Դա օբյեկտիվ իրողություն է, որովհետև այն մանիպուլյացիաները և այն քաղաքական գիտակցության մակարդակը, որն ունեն մեր քաղաքացիների մի մասը, պայմաններ է ստեղծում, որպեսզի գործող իշխանությունը, թերևս, ամենից շատ քվեները ստանա»։
Անդրադառնալով մյուս հնարավոր մասնակիցներին՝ Ալեն Ղևոնդյանը հավելեց․ «Փոքր կուսակցություններից հավանականություն կարող է ունենալ ՀԱԿ-ը, եթե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինտենսիվ աշխատի այդ ուղղությամբ։ ՀԱԿ-ը տանելու է գործող իշխանության քվեները, այն քվեները, որոնք «ներկաներ-նախկիններ» ընտրական դիլեմայի մեջ գտնվելու են ներկաների զամբյուղում։ Այսինքն՝ իրենք պոկելու են Փաշինյան Նիկոլի քվեների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնաբաժինը։
Երիտասարդ կուսակցություններից գուցե արկածախնդրության արդյունքում ինչ-որ կուսակցություններ անցնեն պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով մարդկանց հոգեբանական վիճակը, բայց ես ամենից շատ անհանգստություն ունեմ այն առումով, որ տարբեր կուսակցություններ, չանցնելով ընտրական անցողիկության շեմը, իրենց քվեները նվիրելու են առաջին համարով գնացող քաղաքական ուժին, շեմն առաջինը հաղթող ուժին։ Կարծում եմ, այդպիսին, այնուամենայնիվ, լինելու է իշխանությունը, հետևաբար, երիտասարդ կուսակցությունները ընտրապայքարի մտնելուց առաջ պետք է շատ լավ հասկանան՝ արդյոք ո՞ւմ կողմից են՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ գործող իշխանությունների»։