«Կարծում եմ՝ մեր ընկալումները Հայաստանի ապագայի նկատմամբ ներդաշնակ են». «Հայրենիքի» խոսնակը՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու մասին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստը և որոշում են կայացրել առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Նա ընդգծեց, որ «Հայրենիք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմած, արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր ու պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է։

«Այս պահին ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրությունների գնալու որոշումը հստակ է, իսկ նախընտրական ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների վերաբերյալ տեղեկատվությունն օր առաջ կհրապարակենք, հավանաբար այն ժամանակ, երբ արդեն կլինի հրամանագիր ընտրություններ նշանակելու մասին։ Այդ քննարկումներն ընթանում են նաև աշխատանքային խմբերում, ղեկավարների միջև են համաձայնեցվում և պատրաստ լինելուն պես մատչելի կդառնան լայն հանրությանը»,- ասաց Սոս Հակոբյանը։

Թե ո՞վ կգլխավորի դաշինքի առաջին համարը, կուսակցության մամուլի քարտուղարը պատասխանեց, որ առայժմ նախընտրական ցուցակի մասով որևէ հստակեցում չկա։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի ժամանակին արած հայտարարությանը, որ անցյալին վերադարձ չկա, և հարցին՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով՝ «Հայրենիք» կուսակցությունն ի՞նչ շանսեր ունի, Սոս Հակոբյանը նկատեց՝ Արթուր Վանեցյանը 20 տարի կանգնած է օրինականության հաստատման առաջնագծում։

«ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ մշտապես եղել է օրինականության հաստատման  սիմվոլը։ Նա ԱԱԾ եղած ժամանակ և դրանից հետո էլ, մինչև կուսակցության համագումարը, ասել է երկու հստակ թեզ, որ սևերի ու սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է, և, որ նախկինին վերադարձ չի լինելու։ Կա հստակ համոզմունք, որ այն ինչ հանդուրժելի էր, և այն, ինչ հնարավոր էր նոր ստեղծված պետությունում, մեր պահանջները դրանց նկատմամբ պետք է բարձրանային։ Անհնար է՝ հանցագործություն կատարած որևէ անձ չկրի պատասխանատվություն։ Ես երեկ զրուցել եմ Արթուր Վանեցյանի հետ, նա ևս մեկ անգամ շեշտադրել է, որ մեր իշխանության գալու պարագայում անգամ իր ամենամտերիմ անձը, ով խնդիրներ ունենա օրենքի հետ, կկրի օրենքով նախատեսված պատիժը։ Եթե կհիշեք, 2020 թվականի օգոստոսի 7-ին Երրորդ նախագահն ասաց, որ միանշանակ է, որ անցյալին վերադարձ չի լինելու, սակայն անցյալը պետք է հասկանալ, որպեսզի հնարավոր լինի կառուցել ապագան։ Այս առումով, կարծում եմ՝ մեր ընկալումները Հայաստանի ապագայի նկատմամբ ներդաշնակ են»,- հավելեց Սոս Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս