Վլադիմիր Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանին ընտրելու ցանկություն ունեցողներին կոչ է անում հիշել Հյուսիսային պողոտայի կառուցումը

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ձևավորված «Հայաստան» դաշինքին և նրա հայտարարությանը, որ իշխանություններին հեռացնելու հետհաշվարկը սկսված է, և նրանց մնացել է 42 օր:

«Չգիտեմ՝ ինչքանով է Սահմանադրությանը համահունչ, որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարել ոչ թե՝ գալիք ընտրություններում հաղթանակ տանելը, այլ՝ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը: Ի վերջո, նպատակը՝ ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրություններին, պետք է լինի սահմանադրական և նպատակը պետք է հանգի ընտրություններում հաղթանակ տանելուն: Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը, քանի որ իշխանության կրողը ժողովուրդն է: Որևէ դաշինք չի կարող հայտարարել, որպես քաղաքական նպատակ՝ իշխանություններին հեռացնելը: Բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն, որովհետև ընտրությունների միջոցով կարող է ձևավորվել իշխանություն»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Շարունակելով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեման, Վլադիմիր Վարդանյանը հույս հայտնեց, որ հայ ժողովրդի հիշողությունը բավականին ամուր կլինի նրան ընտրելուց առաջ:

«Ցավում եմ, որ նույնիսկ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով մենք չենք խոսում գաղափարների մասին, կուսակցությունների, այլ խոսում ենք անձանց մասին: Կարծում եմ՝ այդ դաշինքի մեջ կան նաև այլ սուբյեկտներ, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն, և չի կարելի այդ դաշինքը բերել, հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի անվան»,- հավելեց նա:

Այնուհետև պատգամավորը հիշեցրեց 2008  թվականը, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը պահելու նկրտումներ միշտ էլ ունեցել է:

«Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները, Հյուսիսային պողոտայի կառուցումը, Եվրոպական դատարանի վճիռները դրա կառուցման հետ կապված, այդ դեպքում կխոսենք նրա հնարավորությունների մասին»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Դիտարկմանը՝ իսկ եթե հիշեն 5000 զոհերին, Արցախի կորստի մասին, Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ պատերազմը Հայաստանը չի սանձազերծել:

Հարցին՝ ինչպե՞ս էին իրենց զգում մայիսի 9-ին, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, թե մայիսի 9-ը իրենց համար կա ու կլինի տոն:

«Նախորդ տարի բոլորիս համար բավականին բարդ էր՝ այստեղ պետք է անկեղծ լինենք, խնդիրը չպետք է քաղաքականացնենք: Երեկ ՀՀ ցանկացած քաղաքացի, հայ շատ խառը զգացմունքներ ուներ: Ես ձեզ բաց տեքստով եմ ասում՝ ծանր էր յուրաքանչյուրիս համար, այո, շատ դեպքերում մենք ըստ էության փորձում էինք վերապրել տեղի ունեցածը: Այո, այսօր Արցախում հայեր են ապրում, այն անկախ է, այնտեղ հնչում է հայոց լեզուն, չի գտնվում որևէ պետության հսկողության ներքո: Մենք բոլորս աշխատելու ենք, որպեսզի վերականգնվի Արցախի տարածքային ամբողջականությունը»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս