«ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի, հենց այդպես փոխանցեք, նրանք կհասկանան…». Դավիթ Ափոյան
Այսօր ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել էր ԵՊՀ Գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը և ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն է տվել մի որոշման, ըստ որի՝ բուհի կառավարման համար իշխանությանն անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը: «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման համաձայն փոփոխվել է բուհի Հոգաբարձուների խորհրդի թվակազմը՝ 20 հոգի, և սահմանվել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից՝ 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Ստացվում է, որ գործող իշխանությունը նախկին 50 տոկոսի փոխարեն՝ նախագծի ընդունման դեպքում բուհի Հոգաբարձուների խորհրդում կունենա 65 տոկոս ներկայացվածություն, որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է 50+1 տոկոս: Սա տեղի էր ունեցել, երբ ԱԺ-ն ընդունել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, սակայն, նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր ՍԴ:
Նախարարի ժ/պ-ի հետ հարց ու պատասխանի ժամանակ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի ապրիլի կեսերի ելույթը՝ նա պնդում էր, որ «բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման, բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ», մեջբերումն ավարտելուց հետո Ափոյանը հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը կայացված այս որոշման մասին:
«Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 %-ով դասախոսների և ուսանողների համակազմի շնորհիվ, որոշումները պետք է կայացվեն նրանց ձայնի արդյունքում: Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր: Ինձ հետաքրքրիր է՝ Դուք այս ամենը քննարկե՞լ եք Ձեր ղեկավարի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, և ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին, որովհետև ինձ համար արդեն պարզ է, որ Դուք այս որոշումներ կայացնողների և պլաններ կազմողների խմբի մեջ չեք եղել, և եթե հետագայում էլի առիթ լինի, որ Դուք ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովի մեջ, փոխանցեք նրան, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի, հենց այդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ի՞նչ նկատի ուներ ԵՊՀ ՈւԽ նախագահը»,- ասաց Ափոյանը:
Վահրամ Դումանյանը խնդրեց կոռեկտ արտահայտվել և ասաց, որ չի պատրաստվում ԵՊՀ ՈւԽ նախագահի ասածները փոխանցել Փաշինյանին: Նա նաև չհամաձայնեց այն կարծիքին, թե ինքը կապ չունի որոշումներ կայացնողների հետ, և պնդեց, որ կայացված որոշումն իր գաղափարն է:
«Այն, որ Հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը պետք է լինի հիմնադրի կողմից, այդ հարցը քննարկվել է ԱԺ-ում բազմաթիվ անգամ, քննարկվել է գլխադասային հանձնաժողովում՝ բազմաթիվ անգամ, Ձեր ասած իշխանական շրջանակներում այդ հարցը քննարկվել է: Փաշինյանի հետ, վարչապետի հետ բազմաթիվ հարցեր են քննարկվում, թույլ տվեք Ձեզ զեկույց չներկայացնել, համարեք, որ բոլորի հետ քննարկված է, քանի որ ԱԺ-ում բարձրաձայն քննարկվել է, և՛ հանրության հետ է քննարկվել, և՛ բացառապես բոլոր ռեկտորների հետ, իսկ կոնկրետ եթե վարչապետի մասին է, ես Ձեր հետաքրքրությանն ըմբռնումով եմ մոտենում, բայց թույլ տվեք չասել՝ ո՞ր օրը, ո՞ր ժամին, ո՞ւմ հետ ի՞նչ եմ քննարկել»,- ասաց Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը համաձայնեց ԵՊՀ ՈւԽ նախագահի այն մտահոգությանը, որ ԵՊՀ-ն այժմ կարող էր ռեկտոր ունենալ, եթե անհիմն չհետաձգվեր այդ ընտրությունը: Հիշեցնենք՝ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ Մայր բուհը պետք է ռեկտոր ընտրեր, հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով: