«Քաղաքապետի տեղակալը պետք է գոնե ունենա ճարտարապետական կրթություն». Մկրտիչ Մինասյանը՝ գլխավոր ճարտարապետի հաստիքի կրճատման մասին
Մայիսի 7-ին Ազգային ժողովն ընդունեց «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ որի՝ լուծարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը, և նրա բոլոր գործառույթները վերապահվելու են Երևանի փոխքաղաքապետին։ Այդ պատճառով էլ Երևանի փոխքաղաքապետների քանակը ևս մեկով կավելանա՝ նախկին չորսի փոխարեն կդառնա հինգ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կրճատելուն, նշեց, որ եվրոպական երկրների տարբեր քաղաքներ չունեն գլխավոր ճարտարապետ, բայց նրանք ունեն շատ մանրամասն գլխավոր հատակագծեր, գոտևորման նախագծեր, այսինքն՝ ամեն մի հողակտոր ունի հստակ գծագիր, թե տվյալ տարածքում ինչ բարձրության շենք կարող են կառուցել, որպես ֆունկցիա՝ ինչ կարող են օգտագործել, և այլն։
«Այսինքն՝ կառավարչին մնում է միայն նայել ու հաստատել, որ նախագիծը համապատասխանում է այդ ամենին, կամ չի համապատասխանում։ Մեզ մոտ բոլորովին այլ է՝ չկա այդ զարգացած մոդելը, այսինքն՝ գլխավոր ու մանրամասն հատակագիծ չունենք, գոտևորման նախագծեր չունենք, արվել է, բայց կիսատ է մնացել։ Մենք այդ նախագծերը պետք է հաստատենք, դրանք ստանան օրենքի ուժ, որպեսզի չաստացվի այնպես, որ նախագիծն ունենք, բայց հաստատված չէ, որի արդյունքում էլ շեղումներ են թույլ տվել, այնպես, որ մի ամբողջ տարածք մեր աչքի առջև դիմազրկվում է»,- նշեց Մկրտիչ Մինասյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետի այն տեղակալը, որը պետք է ստանձնի գլխավոր ճարտարապետի գործառույթները, գոնե պետք է ունենա ճարտարապետական կրթություն։
Միաժամանակ՝ Ճարտարապետների պալատի նախագահն ընդգծեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին ուղղված նամակում Ճարտարապետների պալատը հստակ ասել է, որ արտասահմանյան երկրներում, եթե քաղաքը չունի գլխավոր ճարտարապետ, ապա այն պետք է պարտադիր ունենա լավ մշակված գլխավոր հատակագիծ։ Մնում է, որ մասնագետների դիտարկումներն ու առաջարկները հաշվի առնեն քաղաքապետարանում:
«Մենք նաև ասել ենք, որ պետք է խուսափել նրանից, որպեսզի ամեն ինչ չարվի միայն մեկ անհատի ցանկությամբ կամ միջոցներով, այլ խորհրդակցական քննարկումնների արդյունքում։ Սա, իհարկե, մեր ցանկությունն է, թե որքանով ընդառաջ կգնան դրան՝ դժվար է ասել։ Մենք ասել ենք, որ, եթե քաղաքի համար շատ կարևոր հանգույցներ, նշանակալից կառույցներ կլինեն, դրանք անպայման պետք է քննարկվեն Ճարտարապետների պալատում, ինչպես և նախկինում էր արվում»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ Ճարտարապետների պալատին որևէ բացատրություն չեն տվել, թե ինչու են կրճատում գլխավոր ճարտարապետի հաստիքը, ուղղակի ասել են՝ փորձում են խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից, քանի որ մեկ գլխավոր ճարտարապետը շատ դեպքերում բացառում է մյուսի արածը կամ ամեն ինչ անում է ըստ ճաշակի, ինչը պետք է բացառվի։
«Մենք ասել ենք, որ քաղաքապետի տեղակալը պետք է գոնե ծանոթ լինի ճարտարապետությանը, ունենա ճարտարապետական կրթություն։ Եթե այստեղ ամեն ինչ մեկ մարդու գործոնով պայմանավորված չլինի, կարծում եմ՝ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի»,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնին նշանակվել էր իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Գրեթե երկու տարի պաշտոնավարելուց հետո, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել նախորդ տարի օգոստոսին։