«Մեր երկրում ամեն ինչ ազատականացված է, դրա համար էլ այս օրին ենք»․ Վարորդների իրավունքների պաշտպան
Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց: ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ տեսական և գործնական քննություններն այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել: Այժմ վարորդական իրավունքի վկայական ստացողները տեսական քննությունները նախկին 15 րոպեի փոխարեն՝ կհանձնեն 30 րոպեում, սակայն 10 հարցի փոխարեն՝ կլինի 20-ը:
«C»-ից բարձր կարգ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար ապագա վարորդները քննությունը պետք է հանձնեն քննական հրապարակում, որպեսզի ոստիկանները համոզվեն՝ վարորդն ընդհանրապես տիրապետո՞ւմ է մեքենա վարելու հմտություններին, ապա թույլ տան, որպեսզի իրական պայմաններում ևս ստուգվի: «B» և ավելի ցածր կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վկայական ստանալու գործնական քննությունն էլ արդեն անց է կացվում միայն քաղաքային պայմաններում, քանի որ այդ կարգերի վտանգավորությունն ավելի ցածր է։ Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսից:
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը գրեթե վստահ է, այս փոփոխությունը կնպաստի, որպեսզի ունենանք գրագետ վարորդներ։ Սակայն նա մի բացասական կետ է նշում՝ Հայաստանում ամեն ինչ ազատականացված է, որի արդյունքում խնդիրներ են լինում։
«Կարմիր գծերի հարցը, տուգանք և այլն, համապատասխանեցրել են օրենքին։ Այսինքն, ինչի համար պայքարել ենք, բառացի ամբողջությամբ հասել ենք նպատակին, լուրջ փոփոխություններ են եղել։ Հիմա առաջարկում ենք, որ ավտոդպրոցները լիցենզավորեն, լիցենզիան լինի ոչ թե պարզ, այլ բարդ (կան պարզ ու բաըդ լիցենզիաներ), դրա վերահսկողությունը հանձնել հենց Ճանապարհային ոստիկանությանը, սահմանել լիցենզիայից զրկելու կարգ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում ՃՈ-ն որևէ ներդրում չի անի, ամբողջը կանի մասնավորը։
«Ըստ լիցենզիայի՝ սեփականատերերը, ավտոդպրոցները պետք է ապահովվեն ամեն ինչով՝ կահավորում, մեքենա, տեսախցիկներ, և այլն։ Իսկ ՃՈ աշխատողներն էլ պետք է գնան տեղում՝ հենց ավտոդպրոցներում, քննություններ վերցնելու, չնայած կարող են նաև հենց իրենց կաբինետից էլ քննություն վերցնել։ Մեր երկրում ամեն ինչ ազատականացված է, դրա համար էլ այս օրին ենք։ Ավտոդպրոցներից մինչև տաքսի պետք է լիցենզավորված լինի։ Լիցենզավորված չեն, դրա համար էլ ունենք այն, ինչ այսօր փողոցներում տեսնում ենք»,- մանրամասնեց վարորդների իրավունքների պաշտպանը։